
Ալիևը հույս ունի, որ Գրանադայում հանդիպումը խաղաղության օրակարգին նոր խթան կհաղորդի
Գրանադայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումը կարող է խթան հաղորդել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին։
«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը» - ասվում է վերջինիս աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ալիևը պնդում է, որ տարածաշրջանում առաջացել են «պատմական հնարավորություններ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»:
Անդրադառնալով Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ նա հայտնել է, որ հարձակումը դադարեցնելուց հետո, իբր, Ադրբեջանի կենտրոնական կառավարությունը «լայնածավալ մարդասիրական օգնություն է ցուցաբերել հայ բնակչությանը»՝ չնշելով անգամ ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման մասին: Նա նաև նշել է, որ իր աշխատակազմը հանդես է եկել «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ» լայն հանրությանն ուղղված հայտարարությամբ:
Քենթերբերիի արքեպիսկոպոսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել կիսվել հետկոնֆլիկտային շրջանում փոխվստահության կառուցման և էթնիկ հաշտեցման իր փորձով։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են հայտնել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում, Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել երկու երկրների առաջնորդների հանդիպում։ Դրան հավանաբար կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել