Իսրայելն Ադրբեջանին 2 արբանյակ կվաճառի
Ադրբեջանի «Azercosmos» տիեզերական գործակալությունը և Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ Azersky-2 ծրագրի համար դիտարկման երկու արբանյակ ստեղծելու մասին։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական կողմը, այս արբանյակները հագեցած կլինեն բարձր կարգի էլեկտրաօպտիկական ընկալող-հաղորդող սարքերով։ Իսրայելական կողմն իր վրա կվերցնի առաջին արբանյակի նախագծման, հավաքման, ինտեգրման և թեստավորման պարտավորությունը՝ գործընթացին ներգրավելով ադրբեջանցի մասնագետներին։
Բացի այդ, իսրայելական կողմը «Azercosmos»-ին կօգնի Ադրբեջանի տարածքում արբանյակների ստեղծման նոր կենտրոնի նախագծի մշակման հարցում։
Իսրայելական Globes պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ խոսք Ադրբեջանին OptSat500 տեսակի արբանյակների վաճառքի մասին է: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն դոլար։ Այդ արբանյակները շահագործման տեսանկյունից երկարաժամկետ են և ունեն բարձր ճշգրտության նկարահանման հնարավորություններ:
Israel Aerospace Industries-ի հետ Ադրբեջանն ունի համագործակցության երկար պատմություն։ Հենց այս ընկերությունն է մշակում Բաքվին վաճառում Harop հարձակողական անօդաչուներն ու LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները։
Նոր արբանյակները կփոխարինեն Azersky արբանյակին, որն արտադրվել էր ֆրանսիական Airbus-ի կողմից։ Վերջինս արձակվել էր 2014 թվականին, բայց դրա հետ կապը կտրվել էր այս տարվա ապրիլի 20-ին։
Լուսանկարում՝ Azersky արբանյակը/Azercosmos-ի կայքից
Մեկնաբանել