HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք կթողնենք Հայաստանի կառավարությանը՝ մեկնաբանելու իր օրենսդրական գործընթացները». ԱՄՆ-ը` Հռոմի ստատուտի վավերացման մասին

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելն լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները հարգում է ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը։  

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, կթողնենք Հայաստանի կառավարությանը՝ մեկնաբանելու իր օրենսդրական գործընթացները։ Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգևորվում ենք բազմաթիվ պետությունների որոշումից, ներառյալ՝ Հայաստանի կողմից, որոնք պարտավորություններ են ստանձնել խթանելու արդարությունը, պատասխանատվությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հարցին՝ Փաթելը նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է անկախ միջազգային առաքելություն, սակայն տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը մտահոգություն է առաջացնում: «Ես շահարկումներով չեմ զբաղվելու, բայց այդ ներկայությունը շարունակում է մտահոգիչ լինել։ ԱՄՆ-ն այս հարցերի շուրջ կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ և անում հնարավորը՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ Փաթելը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է պնդել տարածաշրջանում «անկախ դիտորդական առաքելություն» ստեղծելու հարցը նույնիսկ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղ է այցելել ՄԱԿ-ի պատվիրակությունը: «Մենք շարունակում ենք համարել, չնայած ՄԱԿ-ի այցին, որ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ անկախ դիտորդական առաքելության լուրջ անհրաժեշտություն կա։ Մենք կարծում ենք, որ այն կապահովի իրավիճակի թափանցիկությունը, ինչպես նաև բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», - եզրափակել է ամերիկացի դիվանագետը։

Լուսանկարը՝ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter