Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը և հետադարձ ուժով ճանաչեց իրավազորությունը
Ազգային ժողովը 60 կողմ 22 դեմ ձայներով ընդունեց Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:
Պատգամավոր Հայկ Մամիջանյանը վարման կարգով հայտարարեց, որ այդ ստատուտի վավերացումը որևէ օգուտ չի տալու Հայաստանին, քանի որ այն չի վավերացրել ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը: Հետևաբար, «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս հայտարարեց, որ դեմ են քվեարկել:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Արցախի էթնիկ զտումը և ամեն ինչից զրկված քաղաքացիների տեղափոխվելը Հայաստանի իրավազորության ներքո գտնվող տարածք հիմք են տալիս հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանում:
Ըստ նրա՝ նախագիծը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից:
- Ազգային ժողովը քննարկեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դրան հետադարձ ուժ տալու հարցը
Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ե. Կիրակոսյանը հույս հայտնեց, որ այս վավերացման և իրավազորության ճանաչման քայլը կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա պատերազմական հանցագործությունները կանխելու համար:
Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021թ. մայիսից սկսած` Ադրբեջանի զինված ուժերը, ռազմական ագրեսիա իրականացնելով, ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրել են նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ ընթացքում կատարվել են ծանրագույն պատերազմական հանցագործություններ:
Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։
«Հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ձերբակալման օրդերներ են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա»,- օրեր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ 2023 թ. մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի՝ երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։
Հայաստանի ԱԺ Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը ներկայացնելիս Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ պաշտոնական Երեւանը Մոսկվային առաջարկել է պայմանագիր կնքել Հռոմի ստատուտի շրջանակում, որը թույլ կտար խուսափել ՌԴ ղեկավարության կալանավորումից, սակայն պարզ չէ, թե ինչու համաձայնություն չի կայացվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել