Բեկված ճակատագրեր. արցախցի 11-հոգանոց ընտանիքը տեղավորվել է վթարային մանկապարտեզի սենյակում
Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի վթարային շենքը վերածվել է Արցախից տեղահանվածների կացարանի։ Ամեն սենյակում մի ընտանիքի պատմություն է։
Սենյակներից մեկի պատուհանագոգին դրված է զինվորականի նկար, կողքը՝ անկողնու վրա, լուռ նստած է կինը՝ չորս երեխաների հետ։
Նազիկ Նալբանդյանի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղից է։ Այժմ նա իր չորս անչափահաս երեխաների, մոր, եղբոր, նրա կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզի վթարային շենքի սենյակներից մեկում։ Նրա ամուսինը՝ Արամ Թամրազյանը, զինվորական էր, զոհվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։
Սենյակի գունազարդ պատի մեծ ճեղքը կարծես արտահայտի արցախցի հարյուրավոր ընտանիքների բեկված ճակատագիրը։
«Ես եմ, չորս էրեխես, ամուսինս էլ զոհվել է»,- կիսաձայն պատմում է Նազիկ Նալբանդյանը:
Հուզմունքից կիսատ թողած նրա խոսքը շարունակում է մայրը՝ Լուսյա Նալբանդյանը։
«Որ հարձակումը սկսվեց, դպրոցում են եղել էրեխեքը, լացելով, վազելով եկել են տուն, տղամարդիկ պոստերում են եղել։ Մեքենաներ եկան, մեզ տարան Ստեփանակերտ, մի հինգ-վեց օր մնացինք, մեկ էլ ասեցին՝ պետք է գնաք Հայաստան։ Ոչինչ չունենք էստեղ, ինչ արել դրել էինք, սաղ թողել ենք։ Ինչ կտան, չեն տա՝ չգիտեմ, բայց ինչ էլ լինի, իրար հետ պետք է լինենք, ես չեմ կարա աղջկաս էրեխեքի հետ մենակ թողնել»,- ասում է Նազիկի մայրը՝ Լուսյա Նալբանդյանը։
Նազիկի եղբայրը, որն իր երեք անչափահաս երեխաների եւ կնոջ հետ ապրում է նույն սենյակում, ադրբեջանական հարձակման ժամանակ եղել է Ակնաբերդի նույն դիրքերում, որտեղ զոհվել է քրոջ ամուսինը։
«Էստեղ մեր պահանջն էն ա, որ մի տուն տան, երկու ընտանիքով մեջին ապրենք։ Տան միակ տղամարդը ես եմ, մի տեղ աշխատեմ, էրեխեքին տիրություն անեմ»,- ասում է Նազիկի եղբայրը՝ Մհեր Նալբանդյանը։
Մանկապարտեզի վթարային շենքում Արցախից տեղահանված 90 մարդ է ապրում։ Նրանց օրվա կարիքները հոգում են անհատները, մասնավոր կազմակերպությունները, թե ինչպես պետք է լուծվի նրանց հիմնական բնակության հարցը, դեռ հայտնի չէ։
Մեկնաբանել