HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանի դեմ ադրբեջանցիների դիմումները ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել ու մերժել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ հոկտեմբերի 5-ին հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Դիմումատուները եղել են Ադրբեջանի քաղաքացիներ:

Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով դիմումատուն նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ։ Դիմումատուի որդին՝ Չինգիզ Գուրբանովը (ծնված 1994թ.), եղել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, սպանվել է մարտերում, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ։

2017թ. փետրվարի 5-ին՝ դիմումատուի որդու մահից 38 օր անց, Կարմիր խաչի միջոցով նրա մարմինը վերադարձվել է Ադրբեջանին և հանձնվել ընտանիքին:

Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Չինգիզ Գուրբանովը սպանվել է ռազմական բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել հայկական տարածքում: Ադրբեջանական դիվերսիոն խումբը, որի անդամ է եղել Չ. Գուրբանովը, ներթափանցել է Հայաստանի տարածք։ Բախման հետեւանքով զոհվել են նաև ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայողներ (Շավարշ Մելիքյան, Էդգար Նարայան և Էրիկ Աբովյան)։

Նույն օրը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴԿ) համապատասխան դրույթների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ միջսահմանային միջադեպի առթիվ։ Այնուհետև Հայաստանի քննչական մարմինները կատարել են հանցագործության վայրի և դիմումատուի որդու դիակի փորձաքննություններ։ Դատաբժշկի և երկու ականատես վկաների ներկայությամբ դիակի զննությամբ կազմված հաղորդման համաձայն՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել։

Դիակի դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 2016թ. դեկտեմբերի 30-ին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են մտահոգություն հայտնել, որ դիմումատուի որդու մարմինը խեղվել կամ անհարգալից վերաբերմունքի է արժանացել, Հայաստանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձաքննության հետ կապված հարցերի համակարգողին հրավիրել են մասնակցելու քննությանը։ Սակայն հրավերին արձագանք չի եղել, քանի որ, ինչպես հետագայում է պարզվել, համապատասխան մասնագետն այդ պահին Հայաստանում չի եղել, և զննումն  իրականացրել է ավելի ուշ՝ Հայաստան վերադառնալուն պես: Մասնագետի՝ երկրից բացակայելու վերաբերյալ ապացույցները ևս ներկայացվել են ՄԻԵԴ-ին:

2017թ. փետրվարի 3-ին փորձագետը քննչական մարմիններին հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննություններն ավարտվել են, հետևաբար Չինգիզ Գուրբանովի դիակը պահելու կարիք չկա։ Փետրվարի 5-ին դիակը փոխանցվել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ Ադրբեջանին հանձնելու նպատակով, ինչն էլ արվել է նույն օրը։

Բացի այդ, ոչ զոհված զինծառայողի հայրը, ոչ էլ Ադրբեջանի կառավարությունը չեն դիմել Հայաստանի իշխանություններին՝ դիակը վերադարձնելու համար, այդ մասով տեղեկատվություն ստանալու պահանջ ևս չի եղել:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չկա որևէ ապացույց, որը հիմք կտա եզրակացնելու, որ  դիմումատուի որդուն առնչվող քրեական գործը քննելիս հայաստանյան իշխանությունները ցուցաբերել են էթնիկ խտրական վերաբերմունք: Հետևաբար, չի արձանագրվել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ ոչ «խտրականության արգելքի», ոչ էլ՝ «անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի» խախտում:

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել եւս մեկ գործով՝ Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի: Նրանք գանգատ են ներկայացրել այն մասին, որ Դիլհամ Ասգերովն ու Շահբազ Գուլիևն ունեն Քելբաջարի շրջանի ծագում: 1993թ. մինչև 2020թ. Քալբաջարի շրջանը, որը վերանվանվել է Շահումյան, գտնվել է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո: Ասգարովը և Գուլիևը 2014թ. հունիսի 29-ին մեկնել են Քելբաջարի շրջան՝ իբր այցելելու իրենց հայրենիք և հարգանքի տուրք մատուցելու իրենց հարազատների շիրիմներին:

Դիլհամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել Հայաստանի մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին:

Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասգերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

2020թ. դեկտեմբերի 14-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ասգերովը և Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին:

Գանգատում նշել են, որ Ասգերովը և Գուլիևը մեկուսացած են եղել խցում: Իսկ հարազատներին Կարմիր խաչի միջոցով ուղարկված նամակները գրաքննվել են:

Հայաստանի կառավարությունը հերքել է նման գրաքննությունը: Ավելին, նշել է, որ Ասգերովին և Գուլիևին մի քանի անգամ այցելել են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2017թ. հուլիսի 18-ին նրանց այցելել են «Անհայտ կորածների և պատանդների որոնումների միջազգային աշխատանքային խմբի» անդամները և կարողացել են գաղտնի զրուցել նրանց հետ։

Ադրբեջանին փոխանցվելուց հետո Ասգերովը և Գուլիևը հավանություն են տվել իրենց անունից ՄԻԵԴ ներկայացված բողոքին:

Հայաստանը բարձրացել է այն հարցը, որ դիմումատուները չէին կարող հանդես գալ Ասգերովի և Գուլիևի անունից: Նրանք նման լիազորությամբ չեն օժտել ՄԻԵԴ դիմողներին:

ՄԻԵԴ-ը ևս փաստել է, որ դիմումատուները համոզիչ կերպով ցույց չեն տվել, որ Ասգերովը և Գուլիևը իրական հնարավորություն չեն ունեցել ներկայացուցիչ նշանակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ԿԽՄԿ-ի միջոցով նամակագրության հնարավորություն ունեցել են: Հետևաբար, ՄԻԵԴ-ը չի նկատել որևէ բացառիկ հանգամանք, որը դիմումատուներին թույլ կտա գործել Ասգերովի և Գուլիևի անունից՝ առանց պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորության: Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուները իրավունք չունեն դիմում ներկայացնել իրենց գործընկերների անունից, հետևաբար այն ճանաչվել է անընդունելի ու մերժվել:

Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերը վերաբերում են 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին:

Մասնավորապես Իսլամ Ալիևը, դիմելով ՄԻԵԴ, նշել էր, որ 2016թ. ապրիլի 4-ի կեսգիշերին մոտ որոշ արկեր դիպել են դիմողի տան շրջակայքին, որը գտնվում է շփման գծից 400-500 մետր հեռավորության վրա։ Բեկորները կոտրել են պատուհանները, վնասել դռներն ու տանիքի թիթեղը։ Դիմումատուն և նրա ընտանիքի բոլոր անդամները եղել են տանը, սակայն վնասվածքներ չեն ստացել: Ըստ փորձաքննության արձանագրության՝ հրետակոծությունից ոչնչացվել է 48 քմ մակերեսով պատուհանի ապակի և 250 քմ մակերեսով տանիքի ազբեստե թիթեղ, ինչպես նաև՝ մի քանի դուռ։

Դիմումատուն բողոքել է, որ հայկական ուժերի գործողությունների հետեւանքով վտանգվել է իր կյանքը՝ պատճառելով տագնապ և անհանգստություն, ինչպես նաև խախտվել են իր ընտանեկան կյանքը և տունը հարգելու իրավունքը: Բացի այդ, պնդել է, թե իր տունը վնասվել է գնդակոծության ժամանակ եւ ինքը զրկվել է իր ունեցվածքը վայելելուց։

Հայաստանի կառավարությունը պատասխանել է, որ գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերի կողմից, և ենթադրյալ զոհերը գտնվել են ԼՂՀ տարածքից դուրս։ Դիմումատուն փորձ չի արել դիմել Հայաստանի կամ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքից օգտվելու համար:

«Քանի որ ԼՂՀ-ի գործողությունները տվյալ դեպքում կրել են ռեակտիվ բնույթ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանխամտածված լայնածավալ ռազմական գործողության, դրանք չէին կարող ենթարկվել Հայաստանի ազդեցությանը»,-պնդել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ռազմական գործողությունները և դրանց հետևանքները, որոնք քննարկվում են սույն գործում, չեն պատկանում Հայաստանի իրավասությանը: Այլ կերպ ասած՝ չեն իրականացվել Հայաստանի Հանրապետության կողմից, հետևաբար դիմումը ճանաչվել է անընդունելի:

Ինչ վերաբերում է Աբբաս Ալլահվերդիևի բողոքին, ապա այն գրեթե նույնաբովանդակ է: 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ կոտրվել են տան պատուհանները և վնասվել տանիքն ու պատերը: Սատկել է 48 հավ և 18 հնդկահավ։ Թեթև վնասվել է նաև աջ աչքի շրջակա մաշկը:

Նույն պատճառաբանությամբ այս դիմումը ևս ճանաչվել է անընդունելի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter