HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը:

Ինչպես Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, «ափսոս, որ այստեղ չի Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»: «Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- նշել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ, հատկապես հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից։ Ավելին, Ալիևը ընդհանրապես չի մեկնել Գրանադա։ 

Ինչպես փոխանցում էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին, պատճառը Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն են, որոնք վերջին շաբաթներին տարբեր մակարդակներով իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

Մեկ այլ պատճառ էլ էր նշվում, թե Փարիզն ու Բեռլինը մերժել են հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությունը։ Ըստ Բաքվի՝ «նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցությունների անցկացումից»։ Այս հանգամանքն ավելի ուշ հաստատեցին նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները։

Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովին չի մասնակցում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պատճառը, ըստ Cumhuriyet-ի, Էրդողանի առողջական վիճակն է, սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ խնդիրը հնգակողմ բանակցություններին Էրդողանի մասնակցության մերժումն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter