HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփական տանիքի հույսով․ Ավագյանների միակ ցանկությունը նոր տուն ստեղծելն է

Ավագյանների ընտանիքը Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներից մեկն է։ Ընտանիքի մեծերի՝ Ռազմիկ Ավագյանի և Համեստ Գալստյանի համար սա առաջին տեղահանությունը չէր։ Ամուսիններն իրենց դստեր հետ ապրում էին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Թե՛ Ռազմիկ Ավագյանը, թե՛ Համեստ Գալստյանը երկար տարիների մանկավարժական փորձ ունեն։ Աշխատել են Արցախի տարբեր գյուղերում, նաև՝ Ադրբեջանի հայաբնակ գյուղերում և քաղաքներում։ 

Մի քանի տարի է՝ թոշակի են անցել, 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Հարավ գյուղում գյուղատնտեսությամբ էին զբաղվում։ Նրանց որդին՝ Ռոբերտ Ավագյանը, իր կնոջ՝ Զոյա Հովսեփյանի և երկու անչափահաս երեխաների հետ հետ ապրում էր Ստեփանակերտում։ Ռոբերտը պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Իվանյանի զորամասում, իսկ Զոյան՝ սոցաշխատող էր։

Ընտանիքն այժմ ժամանակավոր բնակվում է Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում, որտեղ նրանց իր տանը հյուրընկալել է գյուղի բնակիչներից Արտակ Մուշեղյանը։ 

Ընտանիքի անդամները տարբեր կերպ են հիշում ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերի 19-ի հարձակումը։ Զոյան, օրինակ, հիշում է ապաստարանում անցկացրած ծանր ժամերը, որոնք տարիներ են թվացել։ Ռոբերտը հիշում է իրենց զորամասի հրետակոծությունը և իր համածառայակցու զոհվելը, իսկ Համեստ Գալստյանը Արցախից դուրս գալու ընթացքը համարում է իր կյանքի վատագույն օրը։

«Մեկ ա՝ ինչ ուզում ես արա, հողից քաղցր բան չկա»,- արցունքները սրբելով՝ ասում է Համեստ Գալստյանը։

Ընտանիքի միակ ցանկությունն այժմ սեփական տանիք ունենալն է, ու թեպետ Արտակ Մուշեղյանը Ավագյաններին ասել է, որ կարող են անժամկետ մնալ իր տանը, նրանք հասկանում են, որ հավերժ այստեղ մնալ չեն կարող։

Ավագյաններից բացի, այս տանն է ապրում նաև Զոյայի եղբոր՝ Սուրենի ընտանիքը՝ կնոջ, մոր և երեխաների հետ։ Մեր այցի ժամանակ նրանք տանը չէին, գնացել էին հարևան գյուղ՝ իրենց բարեկամներին տեսակցելու։ 

Ինչպես բոլոր արցախցիները, նրանք ևս ապրում են անորոշության մեջ՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրենց վաղը, սրտում էլ պահելով կորցրած տան հուշերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter