HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Սեւան. կար հրեղեն մի ձի՝ բնությամբ ապրող, և հանկարծ սանձվեց

Կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսական նպատակով 2012 թ. Սևանա լճից վերցնել 320 մլն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույն 170 մլն-ի փոխարեն: Ազգային ժողովում այս հարցն առաջին ընթերցմամբ անցել է: Պարզելու համար, թե որն է Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու պատճառը, զրուցեցինք Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ: 

Պարոն Սանասարյան, ՀՀ կառավարությունն ինչո՞վ է հիմնավորում Սևանա լճից 320 մլն խմ ջուր վերցնելու պահանջը:

Սևանա լճից 320 մլն խմ, այսինքն՝լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելը հիմնավորված չէ, այն կամայական է : Նախ պետք է ասվի, որ տարեկան 170 մլն խմ ջուր վերցնելը նույնպես լուրջ ճշտման կարիք ունի. տարիներ են եղել, երբ մենք Սևանա լճից վերցրել ենք 60, 80 կամ 90 մլն խմ ջուր:

Կառավարությունը ներկայացնում է, որ Ազատի և Ապարանի ջրամբարները կիսադատարկ են, որ Ռանչպար, Մխչյան, Արևշատ պոմպակայանները կարող են մղել միայն 44 մլն խմ, քանի որ ջրային ռեսուրսները իբր սպառվում են: Անցյալ տարի այդ պոմպակայանները մղել են 95 մլն խմ ջուր:

Սևանա լճից ջուր վերցնելը կախված է կլիմայական պայմաններից: Բարեբախտաբար, այս տարի դրանք նպաստավոր են եղել՝ ձմռանը սովորականից շատ ձյուն է եկել, գարնանը եղանակը չորային չի եղել. շատ առատ անձրևներ են եղել, իսկ երաշտ կարող է լինել, կարող է՝ ոչ: Այսուհանդերձ, Կառավարությունը Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր է վերցրել մայիսի 2-ից, այն դեպքում, երբ սովորաբար Սևանից ջուր են վերցնում հունիսի վերջերին, երբ գետերի հոսքերը նվազում են: Օրինակ՝ անցյալ տարի Սևանից ջուր է վերցվել հունիսի 22-ից, երբ այս տարի այդ նույն օրը Սևանա լճից վերցրած ջուրի քանակը արդեն կազմում է 95 մլն խմ:  Փաստորեն, անընդունելի ու անհասկանալի բաներ են կատարվում: Զարմանալի է, որ Կառավարությունը բնակչությանը բացատրություն չի տալիս, թե ինչն է պատճառը, որ կլիմայական բարենպաստ պայմաններում ջրամբարները կիսադատարկ են, իսկ հեղեղատների շրջանում լճից ջուր է բաց թողել:

Իսկ այս քանակի ջրառի նախադեպ եղե՞լ է:

Այո: 2008թ. նույնպես, կեղծ հիմնավորումներով, լճից վերցվել է 302 մլն խմ ջուր:

Ո՞րն է նման վարքագծի պատճառը:

Կարծում եմ՝ գլխավորներից են՝ Համաշխարհային բանկը նպատակահարմար չի համարում Սևանա լճի մակարդակի արագ բարձրացումը, ՀՀ ազդեցիկ անձինք լճի ափամերձ տարածքներում կապիտալ կառույցներ ունեն:

Կարո՞ղ եք հիմնավորել ասվածը:

1996-98 թթ. Համաշխարհային բանկի դրամաշնորհով իրականացվեց Սևանա լճի Էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիր: Այս Ծրագիրը դարձավ գործողությունների գլխավոր ուղեցույցը,  որով նախատեսվում է ընդունել օրենք՝ Սևանա լճի մասին և ստեղծել հանձնաժողով և այլն: Ծրագրում և կից փաստաթղթերում գրված է, որ լճի մակարդակը մինչև 1903,5 նիշը կարելի է բարձրացնել մոտ 40-47 տարիների ընթացքում, իսկ Սևանա լճի մակարդակի բարձրացումը, առավել ևս՝ արագ բարձրացումը Հայաստանի տնտեսության համար վնասաբեր է լինելու. կլինեն կորուստներ, քանի որ կվերանան մշակովի հողատարածքներ, և այլ պատրվակներ: Այդ ծրագրում և հարակից փաստաթղթերում  Որոտան գետի ջրերի մի մասը Սևան տեղափոխելու ծրագիրը նույնպես համարվում է սխալ. այդ թունելի կառուցման ավարտը (այն ժամանակ դեռևս 1,5-1,8 կմ կառուցված չէր), եթե անգամ արժենա 0 դոլար, և շահագործումը նույնպես՝ 0 դոլար, միևնույնն է՝ դա Հայաստանի տնտեսության համար վնասաբեր է. «պետք է ձեռք քաշել այդ ծրագրից»: Սա է Համաշխարհային բանկի կարծիքը:

Ինչի՞ց է բխում այդ քաղաքականությունը:

Իմ կարծիքով՝ վարկատու կազմակերպությունները չեն ուզում, որ Հայաստանում լինեն կայուն հզորություններ: 91-95 թթ. ՀՀ գոյատևման հիմնական երաշխիքներից էին Սևանի ձուկը, և նրա ջրով արտադրված էլեկտրաէներգիան, նաև՝ ոռոգում: Եթե այդ պաշարները չլինեին, մենք ավելի շատ վարկեր կվերցնեինք:

Իսկ ներքին պատճառներ չկա՞ն:

Պետական պաշտոնյաները և նրանց կողմից հովանավորվող մեծահարուստները «Սևան» ազգային պարկում՝ լճի հենց ափին, ապօրինաբար կառուցել են կապիտալ շինություններ, որոնք ջուրը բարձրանալու դեպքում կմնան նրա տակ: Պատահական չէ, որ 2006 թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի թելադրանքով հատուկ ծրագիր մշակվեց. Կառավարության որոշմամբ և նախագահի վավերացմամբ լճի ալեկոծման ազդեցությունը 5 մ-ից իջեցվեց 1,5 մ: Պիտի նշեմ, որ 2005թ. բնապահպանության նախարար Վ. Այվազյանը ԳԱԱ նախագահ Ֆ. Սարգսյանին գրած իր պաշտոնական գրությունում առաջարկել է Սևանա լճի վերաբերյալ քաղաքականության մեջ փոփոխություն մտցնել, քանի որ լճի մակարդակը անսպասելի արագ է բարձրանում և մեծ խնդիրներ է առաջացնում: Գրված է՝ կորցնում ենք անտառներ, կորցնում ենք թռչունների բնադրավայրեր: Մինչդեռ ծրագրով այդ անտառները պետք է հեռացվեին:

Այդ ժամանակ քննարկում եղավ, և Սևանա լճի 2 հանձնաժողովներում ներկա մի պաշտոնյա ԶԼՄ-ների ներկայությամբ ասաց. «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք ադրբեջանցիներին, որ շրջափակում եղավ, և մենք Սևանի ջուրը օգտագործեցինք: Եթե դա չլիներ, մենք այս փորձանքի առջև կկանգնեինք 10 տարի առաջ»: Նման հայտարարություն, առանց վերադասի հետ համաձայնեցման, փոքր պաշտոնյան չէր կարող անել: Իսկ այժմ, երբ ջրի մակարդակը բարձրացել է 1900,5, և ուղիղ խփում է կապիտալ շինություններին, ներկայացնում են փաստեր, որ պետք է լճից վերցվի 320 մլն խմ ջուր և տրվում են ամեն կարգի «հիմնավորումներ»:

Լճաշենի ճանապարհը և՞ս ջրի բարձրացումը կանխելու գործոն է:

Այո: Այդ ճանապարհը կառուցվել է ոչ թե 1903,5 նիշի հաշվարկով, որ պետք է լիներ մոտ 1907 մ նիշը, այլ 1902,5 մ նիշում: Սա իր հերթին նույնպես ցույց է տալիս, որ լճի մակարդակը մոտակա տարիներին չպիտի բարձրանա, այսինքն՝ կա մակարդակի բարձրացումը կանխող քաղաքականություն:

Այսօր արդեն փաստ է, որ ջրամբարները կիսադատարկ են: Ի՞նչ կարելի էր անել:

Եթե ջրամբարները կիսադատարկ են, ապա պետք է նախ ասվի, թե ինչը չէր կարելի անել. մայիս-հունիս ամիսներին Սևանա ջուրը, փաստորեն, հիմնականում հարևան երկրին է պիտանի եղել: Այսօրվա վիճակում պետք է հնարավորինս աշխատեցնեն վերը նշված պոմպակայանները: Այսպես ասած՝ հիմնավորում են, որ այդ երեք պոմպակայաններով կարող են մղել միայն 44 մլն խմ ջուր: Նաև պետք է գիտենաք, որ քննարկումների նախնական փուլում մղվելիք ջուր չէր նախատեսված. այդ 44 մլն-ը ասպարեզ է եկել որոշ պաշտոնյաների ջանքերով: Լրատվությունում ասվում է, որ ջրային պաշարները նվազել են, իսկ ներքին քննարկումներում պատճառն ուրիշ է՝ էլեկտրաէներգիայի համար վճարի սղությունն է: Սա այն դեպքում, երբ Կառավարությունը Ջրպետկոմիտեին տարեկան անհատույց տալիս է 3,9 մլրդ դրամ: Դրա հետ մեկտեղ Կառավարությունը, առանց որևէ վճարի, Ջրպետկոմիտեին է տալիս ամբողջ ջրային ռեսուրսը: Միայն Սևանա լճից վերցված ջրի 1 խմ-ի համար է, որ վերցնում է 20 լումա, մնացած ջուրը՝ ձրի:

Իսկ ինչպե՞ս է դա հասնում գյուղացուն:

Իրենք 20 լումայով վերցնում են, 1 դրամով փոխանցում մեկ այլ կազմակերպության, շղթայով այս կազմակերպությունները միմյանց փոխանցելով՝ 11 դրամով հասցնում են գյուղացուն և ընդհանրապես, ջուր սպառողներին:

Սևանա լճի նախագահական հանձնաժողովի աշխատանքն ի՞նչ արդյունք է տվել:

Այդ Հանձնաժողովի առկայության պայմաններում էր, որ հստակորեն սահմանվեց,  թե Սևանա լիճը իրավունք ունի բարձրանալ տարեկան միայն 20-21 սմ, իսկ եթե արդեն նախօրոք բարձրացել է, ապա հետագա տարիներին կարող է միայն 12-13 սմ բարձրանալ: Այսինքն՝ սանձը բերանին դրված է: Կար հրեղեն մի ձի՝ բնությամբ ապրող, և հանկարծ սանձվեց, այն էլ՝ օրենքի ուժով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter