
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի ժամանակ հանդես կգա ելույթով։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Ես վարչապետ Փաշինյանին հրավիրել եմ ելույթ ունենալու լիագումար նիստի ժամանակ։ Եվ նա հանդես կգա հոկտեմբերի 18-ին՝ մոտ 10 օրից»,- ասել է եվրոպացի պատգամավորը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել էր «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը: Փաստաթղթին աջակցել էր 491 պատգամավոր, դեմ հանդես եկել 9-ը։ 36 պատգամավոր էլ ձեռնպահ էր մնացել։
Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը եղել է «անհիմն և նախապես պլանավորված»։ Խորհրդարանականների կարծիքով՝ տեղի ունեցածը միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Նրանք Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածաբար դուրս գալն անվանել են էթնիկ զտում։
«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»,- ասված էր բանաձևում։
Լուսանկարը՝ Ռոբերտա Մեցոլայի X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել