HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եվրոպացի փորձագետներ. ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական վերահսկողությունից հետո Հարավային Կովկասում անվտանգության տպավորությունը կեղծ է

Անվտանգային հարցերի, ռիսկերի գնահատման ու խորհրդատվության ոլորտում մասնագիտացած նիդերլանդական «Dyami» ընկերությունը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը հեռու է լուծումից:

Ընկերությունը նման եզրակացության է եկել՝ ներկա փաստերը համադրելով եւ դրանց հիման վրա վերլուծություն կատարելով:

«Dyami»-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Ղարաբաղի խնդիրը» լուծվել է, եւ իրենց հաջորդ առաջնահերթությունը «Արեւմտյան Ադրբեջանը» վերականգնելն է: Նիդերլանդական կազմակերպությունը նկատում է, որ այդպիսին ասելով՝ Ալիեւը նկատի ունի ամբողջ Հայաստանը եւ Իրանի մի փոքր հատվածը:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում արագ հաղթանակից եւ 2020-ին Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո թվում է, թե Ադրբեջանը հիմա համարձակվում է նվաճումների միջոցով ձգտել հետագա էքսպանսիայի»,- գրում է «Dyami»-ն՝ հավելելով, որ իր հերթին Թուրքիայի նախագահն Ալիեւի հետ վերջին բանակցություններում հետաքրքրություն է հայտնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» «եթե անհրաժեշտ է, ուժի միջոցով» բացելու հարցում: Նիդերլանդական խորհրդատու կազմակերպությունը հիշեցնում է, որ Հայաստանի այդ տարածքը տարանջատում է Նախիջեւանը Ադրբեջանից: Նշվում է նաեւ, որ հարեւան Իրանը դեմ է միջանցքի ծրագրին:

«Dyami»-ն նաեւ նկատում է, որ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիան որոշել է զենք մատակարարել Հայաստանին՝ աջակցելու վերջինիս ինքնապաշտպանական կարողություններին: Խոսքն այս դեպքում Երեւանում այդ երկրի արտգործնախարար Կատրին Կոլոննայի արած հայտարարության մասին է: Սրան ի պատասխան՝ Ալիեւը հրաժարվել է մասնակցել ԵՄ միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին (իսպանական Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ադրբեջանը նախագահը չմեկնեց): «Արցախի (հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղ) նախկին նախագահը ձերբակալվել է ադրբեջանցի ուժայինների կողմից հոկտեմբերի 3-ին: Նրա դեմ ադրբեջանական մեղադրանքները ներառում են պատերազմական հանցագործություններ»,- նշում է «Dyami»-ն: Հիշեցնենք, սակայն, որ ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի երեք նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին:

«Ֆրանսիան, Հայաստանին զենք վաճառելով, Ադրբեջանին ցույց է տալիս, որ Հայաստանը միջազգային աջակցություն ունի: Մյուս կողմից՝ Ֆրանսիան ու Թուրքիան, որոնք Ադրբեջանի հավատարիմ կողմնակիցներ են, երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են ու մոտ գործընկերներ ԵՄ ազդեցության ոլորտում: Ցանկացած զինված հակամարտություն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Ֆրանսիային ու Թուրքիային կմտցնի դիվանագիտական եռման ջրի մեջ»,- նկատում է «Dyami»-ն:

Վերջինս նշում է նաեւ, որ լարված են Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները, քանի որ առաջինը անվտանգային ոլորտում սերտ հարաբերություններ է ստեղծել Իրանի տարածաշրջանային մրցակից Իսրայելի հետ: Ըստ այդմ՝ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, եւ երկու երկրների գաղտնի ծառայությունները շատ սերտ են աշխատում: Իր հերթին Իրանն այդ երկուսին մեղադրել է Իրան-Ադրբեջան սահմանին էլեկտրոնային գաղտնալսման դիրքեր տեղակայելու մեջ: Մյուս կողմից՝ Իրանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններ են իրականացրել Ադրբեջանն ու Թուրքիան, ինչին Իրանը պատասխանել է նույնատիպ զորավարժություններով: «Ադրբեջանը պնդում է, որ Իրանը զենք է մատակարարել Հայաստանին եւ Իրանին մեղադրում է «Հեզբոլլահի» նման ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Իրանն էլ պատասխանել է՝ Ադրբեջանին մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ապաստան տալու մեջ,- նշում է «Dyami»-ն՝ հավելելով,- եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կոնֆլիկտ բռնկվի, հնարավոր է, որ Իրանն աջակցի Հայաստանին, բայց թե ինչ ծավալով, անհայտ է»:

«Հիմա, երբ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն է սահմանել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, դա կարող է Հարավային Կովկասում անվտանգության կեղծ տպավորություն ստեղծել, քանի որ լարվածությունը նվազել է: Այնուամենայնիվ, Ադրբեջանն իրեն առանձնապես վստահ է զգում եւ, կարծես, շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում: Հիմա, երբ Թուրքիան ու Իրանն առավել ակտիվ են ներգրավված տարածաշրջանային խնդիրներում, լարվածությունը մեծ է, ինչպես երբեւէ»,- նկատում է նիդերլանդական կազմակերպությունը:

«Dyami»-ն մասնագիտացած է նաեւ ավիացիայի ոլորտի անվտանգային հարցերում: Այս առումով ընկերությունը խորհուրդ է տալիս խուսափել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկնքով թռիչքներ կատարելուց այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիների մտադրություններն ավելի հստակ դառնան: Փոխարենը նիդերլանդական կողմն առաջարկում է Հարավային Կովկասով տարանցիկ չվերթեր կատարել Վրաստանի երկնքով՝ օգտագործելով վրաց-ադրբեջանական սահմանի «ADEKI» եւ «DISKA» անցումային կետերը եւ հեռու մնալով «BARAD» անցակետից, որը Վրաստան-Ադրբեջանին սահմանին է, սակայն մոտ է հայ-ադրբեջանական շփման գծին:

«Dyami»-ի փորձագիտական թիմի եզրակացությունը հետեւյալն է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը հեռու է լուծումից: Ադրբեջանի նախագահ Ալիեւը խոսելով «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ գործողությունների մասին, ակնհայտորեն մարտահրավեր է նետում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Քանի որ Ֆրանսիան, Իրանը, Իսրայելը, Ռուսաստանն ու Թուրքիան մեծապես ներգրավված են Ադրբեջանի ու Հայաստանի ներքին քաղաքականության մեջ, ցանկացած հակամարտություն կարող է բերել դիվանագիտական հարաբերությունների սրման աշխարհաքաղաքական մակարդակում: Փոքր են կասկածներն առ այն, թե ինչպես կարող է ավարտվել Ադրբեջանի ու Հայաստանի կոնֆլիկտը, երբ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը զգալիորեն գերազանցում է Հայաստանի կարողությունները: Հայտնի չէ, թե ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու/կամ այլ երկրներ արդյոք կկարողանան զսպել Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի նկատմամբ այժմ, երբ այն հեշտությամբ անեքսիայի ենթարկեց (բռնակցեց – հեղ.) Լեռնային Ղարաբաղը»: 

Լուսանկարը՝ president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter