HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա էլ է մեր հայրենի հողը, ինքնակամ չենք թողնի և դուրս գանք»․ բռնի տեղահանված 4 ընտանիք՝ մեկ հարկի տակ

Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի բնակիչ Պավել Սարգսյանն իր տանը հյուրընկալել է Արցախից բռնի տեղահանված 4 ընտանիքի, ընդհանուր՝ 10 հոգու։ Նրանք մի քանի ամիս առանց վարձավճարի կապրեն այստեղ, մինչև իրենց համար մշտական բնակության վայր գտնեն։

Ասյա Սուլեյմանյանը ծնունդով Մարտունի քաղաքից է, ամուսնանալուց հետո ամուսնու ընտանիքի հետ ապրում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, որը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո դարձել էր սահմանամերձ։

Այս տարվա սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը սկսել են մարտական գործողությունները, Ասյա Սուլեյմանյանը աշխատանքի է եղել, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարն էր։ Տագնապի ազդանշանից հետո մարդիկ ապաստանել են գյուղի դպրոցի նկուղում։ Այդ դպրոցի նախակրթարանում է եղել նաև Ասյայի որդին՝ 4-ամյա Ռոբերտը։

Երբ գյուղի ուղղությամբ կրակը շատացել է, հենց նույն օրը բնակիչները տարհանվել են։ Ասյան իր ընտանիքի հետ 3 օր մնացել է Իվանյանում՝ իրենց բարեկամի տանը, այնուհետև բոլորվ միասին՝ տեղափոխվել են Հայաստան և ժամանակավոր հանգրվանել Արագյուղում, որը գտնվում է Երևանից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Հայաստանից այլ երկիր արտագաղթելու մտադրություն չունեն։

«Մեր հայրենի հողից բռնի դուրս ենք եկել։ Սա էլ է մեր հայրենի հողը, ինքնակամ չենք թողնի և դուրս գանք։ Ոչ մի արցախցու մտքով չի անցել երբևէ իր տունը թողնի, գնա ուրիշ երկիր, մեր տեղափոխությունը բռնի է եղել։ Մենք բոլորս էլ այնտեղ տուն ունեինք, աշխատանք ունեինք, և հիմա ինքնակամ թողել գնալը, իմ կարծիքով, հային վայել չի լինի»,- նշում է 27-ամյա Ասյա Սուլեյմանյանը։

Ասյայի հետ մեր զրույցը մի պահ ընդհատվեց ուժեղ կրակոցի ձայնով, որը շատ նման հրանոթի արձակած ձայնին։ Ասյայի ամուսնու մայրը՝ Լաուրա Հայրապետյանը մի պահ խուճապի մատնվեց՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Սակայն անհանգստանալու կարիք չկար, որովհետև եղանակի ամպամածության պատճառով գյուղի հակակարկտային կայանները սկսել էին աշխատել։ Նրանց զգուշացրինք, որ եղանակային պայմանների պատճառով այս ձանը դեռ շատ են լսելու, ուստի պետք չէ անհանգստանալ։

Նորա Սուլեյմանյանը Ասյայի մայրն է, նա ամուսնու հետ բնակվում էր Մարտունի քաղաքում։ Ամուսինը՝ Արտավազդ Սուլեյմանյանը, պայմանագրային զինծառայող էր, 44-օրյա պատերազմին ոտքից վիրավորվել էր, սակայն դրանից հետո էլ շարունակել էր ծառայությունը։

Նորա Սուլեյմանյանը պատմում է, որ երբ հրադադարի պայմանավորվածությունը եղավ, Մարտունու վարչակազմի ղեկավարը հավաքել է քաղաքի բնակիչներին և հայտնել, որ կամ ինտեգրվում են Ադրբեջանին, կամ լքում են իրենց հայրենի բնակավայրերը և գալիս Հայաստան։ Նորա Սուլեյմանյանը ծանրությամբ է հիշում Հայաստան գալու ճանապարհը, հատկապես երբ անցնելիս են եղել Հակարիի ադրբեջանական անցակետով։

«Մեր գաղթի ճանապարհը 26 ժամ տևեց։ Անցակետն անցնելը ահավոր սթրես էր։ Թուրքերի էդ ինքնագոհ ժպիտները, իրանց լկտի պահվածքը, ընդհանրապես մինչև չի տեղավորվում ուղեղումս»,- հիշում է Նորա Սուլեյմանյանը։

Նա պատմում է, որ Հայաստանում իրենց շատ լավ են ընդունել՝ թե՛ Կոռնիձորում, թե՛ Վայքի հաշվառման կետում, և թե՛ Արագյուղում։ Մարդիկ պատրաստակամ են եղել՝ օգնել, ինչով որ կարողացել են։ 

Պավել Սարգսյանի տանը այժմ բնակվում են Նորա Սուլեյմանյանն ու Արտավազդ Սուլեյմանյանը, նրանց դուստրը Ասյան՝ ամուսնու Մանվել Հայրապետյանի, ամուսնու հոր՝ Ռոբիկ Հայրապետյանի, մոր՝ Լաուրա Հայրապետյանի, որդու՝ Ռոբերտի, ինչպես նաև Ասյայի ամուսնու եղբայրը՝ Արմեն Հայրապետյանն իր կնոջ՝ Մարիանա Գրիգորյանի և որդու՝ Գառնիկի հետ։

Տան տերը՝ Պավել Սարգսյանն ասել է, որ կարող են մի քանի ամիս ապրել այստեղ, մինչև իրենց համար մշտական տուն կգտնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter