
Գազայի հատվածի հետ սահմանին՝ Բեէրի կիբուցում, առնվազն 100 իսրայելցու մարմին է հայտնաբերվել
Zaka որոնողափրկարարական խմբի կամավորները Բեէրի կիբուցում, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանի մոտ, հայտնաբերել են առնվազն 100 իսրայելցու մարմին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ կիբուցն ամբողջությամբ ավերվել է «Համաս»-ի զինյալների հարձակման հետևանքով։ Ընդհանուր առմամբ, Բեէրի կիբուցում ապրում էր մոտ 1000 մարդ: Կամավորները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է էլ ավելի աճել։
Իսրայելական «Yediot ahronot» թերթը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են զինված անձինք մոտոցիկլետներով հոկտեմբերի 7-ի առավոտյան մտնում կիբուցի տարածք։
Հիշեցնենք, որ «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման ժամանակ, Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող մեկ այլ կիբուցում՝ Ռեիմում, հայտնաբերվել էր առնվազն 260 մարդու մարմին, որոնք մասնակցում էին Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնին։
Լուսանկարը՝ OSINTtechnical/X-ից
Մեկնաբանել