HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զորամաս հասանք, ասեցին՝ ցրվեք, դադար են տվել, էլ վերջ»

Սեպտեմբերի 19-ին արցախցի լուսանկարիչ Արմեն Երամիշյանի ծննդյան օրն էր։ Այդ օրը նրա 44-ամյակն էր, որոշել էր մնալ տանը, կրտսեր եղբորը՝ Վարդանին, հաջողվել էր նախապես միս գտնել Ստեփանակերտում, որ երեկոյան խորոված անեն եւ ընկերներով նշեն։ Բայց ամսի 19-ին Արմենին այլ «անակնկալ» էր սպասվում, ինչը նա, թերեւս, կհիշի տարիներով։

Արմենը 2006-ից մինչեւ 2022 թ․ մարտ ամիսը Արցախի պաշտպանության բանակի լուսանկարիչն էր, ծառայում էր բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթում, որը փակվեց 44-օրյա պատերազմից հետո։ 2022-ին էլ կրճատվեց Արմենի հաստիքը, ինչից հետո նա ծառայության անցավ զորքերում՝ հրետանային զորամասի կազմում։

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Արմենը պայթյունի ձայն էր լսել, հարցրել էր մորը, թե ինչ ձայն է, մայրը հանգստացրել էր, թե տան դարպասի ձայնն է։ Քիչ ուշ զանգել էր բարեկամներից մեկն ու ասել, որ պայթյունի ձայն է լսել։ Շատ չանցած զորամասից զանգել էին Արմենին՝ հայտնելով, որ պետք է դիրքեր բարձրանան։ Նա ամեն ինչ հասկացել էր։

Հիշում է, որ դրանից դեռ երկու օր առաջ իրենք դիրքերում էին։ Քանի որ ադրբեջանցիները զորք եւ զինտեխնիկա էին կուտակել ամբողջ առաջնագծում, ՊԲ ստորաբաժանումները սպասում էին թշնամու հնարավոր հարձակմանը: Սակայն մի գիշեր դիրքերում մնալուց հետո Արմենի ստորաբաժանումը վերադարձել էր զորամաս։ Ասում է, որ գլխավոր պատճառը սննդի պակասն էր դիրքերում եւ ընդհանրապես բանակում ու Արցախում:

Սեպտեմբերի 19-ին զորամաս մեկնելուց հետո Արմենն իր ստորաբաժանման հետ «ԿՈւՆԳ» տիպի մեքենայով շարժվել էր դիրքեր։ Ասում է՝ չնայած բլոկադայի հետեւանքով Արցախում շատ բանի սղություն կար, բանակի մեքենաները վառելիք ունեին։

Արմենը «Գրադի» դիվիզիոնի կապի ծառայության պետն էր ու մարտի դաշտում նրա տեղը կրակի կառավարման կետում էր, որը գտնվում էր Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի անտառաշատ բարձունքներից մեկում։ Կառավարման կետ ճանապարհվելիս կապավորների «ԿՈւՆԳ»-ը հրետակոծության տակ էր հայտնվել, բայց կարողացել էր հաջող տեղ հասնել։ Մեքենան թաքցրել էին, ապա կապ հաստատել յուրային հրետանավորների հետ ու սկսել փոխանցել թշնամական նշանակետերը՝ դրանց ուղղությամբ կրակ վարելու համար։

Մեր զրուցակիցն ասում է, որ բանակը պատրաստ էր ադրբեջանցիների հարձակմանը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո զորքերի կուտակումը շփման գծում հենց դրա մասին էր խոսում: Արմենը պատմում է, որ հայկական հրետանին չէր լռում, ու չնայած ադրբեջանցիները 10 անգամ ավելի շատ էին կրակում, մերոնք բավականին համառ դիմադրում էին: Ադրբեջանցիները կրակում էին տարբեր ուղղություններից, այդ թվում՝ օկուպացված Շուշիից, Ավետարանոց-Ակնաղբյուր հատվածից, որտեղ, ըստ Արմենի, մի քանի տասնյակ միավոր հրանոթներ էին կենտրոնացրել:

Չնայած հայկական կողմի դիմադրությանը՝ ուժերն անհավասար էին։ Արմենն ասում է, որ ամսի 20-ին թշնամին հասել էր Ստեփանակերտին՝ Կրկժան ու Աջափնյակ թաղամասեր: Ավելին՝ ադրբեջանցիները հայ հրետանավորների ուղղությամբ արդեն աշխատում էին ուղիղ նշանառությամբ՝ հակատանկային զինատեսակներով, քանի որ մոտ հեռավորությունը դա թույլ էր տալիս: Լսելի էին նաեւ ինքնաձիգի կրակոցներն ու զրահափոխադրիչների ձայները, այսինքն՝ մերձակա մարտեր էին ընթանում Ստեփանակերտի մատույցներում: Գրեթե սպառվել էին նաեւ մերոնց արկերն ու հրթիռները, որոնք առանց այդ էլ սահմանափակ քանակի էին 44-օրյա պատերազմից հետո: Արմենը սրան հավելում է, որ իրենց ունեցած «Գրադների» մի մասը վնասվել էին դեռ 44-օրյայի ժամանակ, սակայն հետո մերոնք դրանք վերանորոգել էին ու նորից շարք մտցրել:

Այս պայմաններում հայկական ուժերը հրաման էին ստացել նահանջել զորամաս: Արմենն ասում է՝ այդ ժամանակ հասկացան, որ պարտվել են։ Թշնամին շրջափակել էր Ստեփանակերտը։ Շրջափակման մեջ էին նաեւ Մարտունու ու Մարտակերտի շրջաններում կռվող հայկական զորքերը:  

«Զորամաս հասանք, ասեցին՝ ցրվեք, դադար են տվել, էլ վերջ»,- պատմում է Արմենը։

Զորամասից դուրս գալուց հետո շտապել է տուն։ Մտածում էր, որ թշնամին քաղաք մտած կլինի։ Ստեփանակերտն արագ ինքնապաշտպանություն էր կազմակերպել։ Արմենն ասում է՝ զինծառայողներից շատերն իրենց զենքերը չէին հանձնել, ու մարդիկ սկսեցին պաշտպանել իրենց փողոցն ու թաղամասը, քանի որ կրկին հարձակման վտանգ կար։ Ինքն էլ զենքը չէր հանձնել, եւ իրենց փողոցում հատկապես գիշերները 20-30 մետրի վրա պարեկություն էին անում բնակիչներով։

Ադրբեջանցիները վերահսկողության տակ էին առել նաեւ Ստեփանակերտի ջրամատակարարման աղբյուրները: Արմենի ասելով՝ ֆիլտրացիա չէր կատարվում, ու խմելու ջրի փոխարեն ցեխաջուր էր գալիս ծորակներից։ Հավելում է, որ բնակչության հիմնական անելիքը դարձել էր վառելիքի փնտրտուքը. մարդիկ սկսել էին բենզին որոնել՝ քաղաքը հարկադրված լքելու համար։

Արցախի իշխանություններն սկզբից փորձել էին հանգստացնել բնակչությանը, թե շուտով կվերականգնվի հոսանքի մատակարարումը, բայց շատ չանցած Մարտակերտը տարհանվեց, ու Ստեփանակերտում հասկացել էին, որ հաջորդն իրենց հերթն է։

Մեր զրուցակիցն ասում է՝ սարսափելի էր պատկերը, որովհետեւ բնակչության մի մասը չգիտեր, թե որտեղ են հարազատները, ողջ են, թե ոչ, արդյոք շրջափակման մեջ են։ Արմենն ասում է՝ մինչեւ վերջին պահը չէր հավատում, որ իրենք էլ դուրս կգան Ստեփանակերտից, բայց ստիպված էին, որովհետեւ հասկանում էին՝ եթե ադրբեջանցիները փորձեին մտնել քաղաք, հայերը չէին հանձնվելու, ու քաղաքային մարտերում սպանդ էր լինելու երկու կողմից էլ:

-Ի՞նչ ես մտածում հիմա,- հարցնում ենք Արմենին։

-Պա սկի,- լռում է։

-Մին ա՝ Ղարաբաղը պիտի մերը ինի,- կողքից ավելացնում է մայրը՝ տիկին Նաիրան, որը լսում էր մեր զրույցը։

-Պրծած ա,- արձագանքում է որդին ու նորից լռում։

-Մի օր հետ չե՞նք դառնա,- նորից հարցնում ենք։

Արմենը լռում է, ու լռությունը մի տեսակ անհարմարավետ է: «Ա՜, կարոտում ընք արդեն տոնը, հի՞նչ պտի ինի»,- սա ասելուն պես սեղանից մի տեսակ անփույթ վերցնում է ծխախոտի տուփն ու դուրս գալիս բակ, վառում է ծխախոտի գլանակն ու նայում հեռուն:

Երբ վերադառնում է հյուրասենյակ, դժվար է նորից սոսնձել զրույցը: Եղբայրը՝ Վարդանը, հպանցիկ ասում է, թե այն զգացողությունն է, կարծես, նորից տուն են գնալու: Ժպտում ենք, բայց մի տեսակ թերահավատորեն:

-Որ հետ գնայիք տուն, առաջինն ի՞նչ կանեիք,- հարցնում ենք:

-Խաղողը կքաղեինք,- ժպտալով պատասխանում է Վարդանը, Արմենը լուռ է, հետո մի տեսակ աշխուժությամբ ինքն էլ կրկնում է,- հա էլի, խաղողը կքաղեինք:

Երամիշյանների տունը Ստեփանակերտի «տեղացիների թաղում» է: Ամեն տարի տան բակի խաղողից գինի էին պատրաստում: Երբ դեռ հայրը՝ Արցախյան առաջին պատերազմի լուսանկարիչ Աշոտ Երամիշյանը, ողջ էր, նա էր հիմնականում զբաղվում գինով: Դրա համը որդիների համար անփոխարինելի էր: Աշոտ Երամիշյանը մահացել է այս տարեսկզբին: Նրա գերեզմանը մնաց Արցախում:  

-Արմեն, հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, ի՞նչ ես մտածում էդ ամենի մասին:

-Առաջինը՝ դա չպիտի լիներ, որովհետեւ ռուս խաղաղապահներն էնտեղ էին, պիտի գարանտ կանգնեին, բայց ռուսը, փաստորեն, ոչ մի բան էլ չի արել։ Վերջում են օգնել՝ մտել են, շրջափակումից մարդկանց դուրս են հանել, դա ա եղել։

Արմենը համոզված է, որ պարտության հիմնական պատճառը անցած 30 տարիներին եղած անարդարությունն էր: Ասում է, որ նույն 1988 թ. մարդիկ այլ կերպ էին տրամադրված: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արմենը 12-13 տարեկան էր: Տանը օգնում էր հորը ժապավենները երեւակելիս: Ասում է՝ օրական 40-50 զոհվածի լուսանկար էին պատրաստում:

«Էն վախտ մարդիկ ցանկացածին միջից կկիսեին, բայց հիմա տենց չի: Հիմա ավելի շատ մտածում էին, որ սաղ մնան, ոչ թե կռվեն մինչեւ վերջ։ Գլխավոր պատճառը դա ա եղել, որ տանուլ ենք տվել,- ասում է նա ու հավելում,- մի ազգ, որ գենոցիդ ա ապրել, բայց էլի չի զինվում… Մարդիկ մտածում են անձնական գրպանի մասին, հետո՝ երկրի: Էդ դեպքում Հայաստան էլ չի մնալու»:

Արմենի հայացքը մի պահ մռայլվում է: Դրսում թեթեւ քամի է բարձրացել: Սեղանին դրված թեյն արդեն սառել է: Մորը խնդրում է նորից թեյ պատրաստել բոլորիս համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter