HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ Ավիան» անվճար հիմունքներով Հայաստան է հասցնում արցախցիների համար Ռուսաստանի հայերի ուղարկած օգնությունը

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 29-ից մինչ օրս Ռուսաստանի տարբեր քաղաքներից Հայաստան է տեղափոխում հումանիտար բեռ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, որն ուղարկում են Ռուսաստանի հայերը:

Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Տարոն Պապիկյանը («Շիրակ Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանի որդին է) «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ այն բանից հետո, երբ Արցախից սկսվեց հայերի հոսքը դեպի ՀՀ, ռուսաստանցի մի խումբ հայեր, տուրգործակալ Ժաննա Լուսպարյանի գլխավորությամբ, հանդես եկան նախաձեռնությամբ՝ հումանիտար բեռ ուղարկել Հայաստան արցախահայության համար: Պապիկյանի ասելով՝ հիմնական խնդիրը եղել է ժամանակը, քանի որ բեռնատարներով ցամաքային ճանապարհով բեռ տեղափոխելը ժամանակատար է, իսկ օգնությունը գլխավորապես հագուստ է, կոշիկ, մանկական սնունդ ու տակդիրներ: Աշնան պայմաններում, մեր զրուցակցի փոխանցմամբ, հնարավորինս արագ հումանիտար բեռը Հայաստան հասցնելը եղել է կազմակերպիչների հիմնական խնդիրը:

Դրա համար նրանք էլեկտրոնային փոստով ընդհանուր նամակ են գրել հայկական ավիաընկերություններին, ներկայացրել են իրենց նախաձեռնությունն ու հետաքրքրվել հայկական ավիափոխադրողների հնարավոր օգնությամբ: Տարոն Պապիկյանն ասում է, որ ընդհանուր նամակին արձագանքել է միայն «Շիրակ Ավիան»՝ նույն օրը հայտնելով, որ միանգամայն անվճար կարող են իրականացնել բեռների տեղափոխումը:

«Շիրակ Ավիան» ներկայում իր 2 օդանավերով («Boeing 737-500» տիպի) Երեւանից թռիչքներ է իրականացնում դեպի ռուսական քաղաքներ՝ Մոսկվա («Վնուկովո» եւ «Շերեմետեւո»), Նիժնի Նովգորոդ, Սարատով, Պերմ, Ուֆա: Ընկերության կոմերցիոն տնօրենն ասում է, որ նախաձեռնության կազմակերպիչների հետ պայմանավորվել են, որ «Շիրակ Ավիան» նաեւ անվճար կապահովի հումանիտար բեռն ուղեկցողների տեղափոխությունը Հայաստան եւ հակառակ ուղղությամբ: Ուղեկցողի առկայությունը, ըստ Տ. Պապիկյանի, եղել է իր պայմանը:

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by 🌎Турагент -Жанна Луспарян (@zhanna_tour)

Ռուսաստանից եկող բեռը տեղավորում են Երեւանում գտնվող պահեստում (Պապիկյանի սեփական տարածքում), որտեղից էլ նախաձեռնության կամավորները հասցեական տեղափոխում են բեռը դրա կարիքն ունեցողներին:

«Շիրակ Ավիան» հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Երեւան է տեղափոխել սեպտեմբերի 29-ին: Մինչ օրս, ըստ Տարոն Պապիկյանի, կարողացել են 15-17 տոննա բեռ բերել: Ասում է, որ մինչեւ հոկտեմբերի վերջ հաստատ կշարունակեն փոխադրումները, բայց հետո էլ պատրաստ են շարունակել այնքան, որքան անհրաժեշտ կլինի, իսկ թե դա որքան կտեւի, դժվարանում է ասել:

Ընդ որում՝ բեռը Երեւան է հասցվում ոչ միայն Մոսկվայից, այլեւ այն քաղաքներից, դեպի ուր թռչում է «Շիրակ Ավիան»: Բանն այն է, որ միայն Մոսկվայից բերելու դեպքում փոխադրումն արագ չի լինի, դրա համար, ինչպես պատմում է Տարոն Պապիկյանը, հավաքված օգնությունն իր անձնական միջոցներով բեռնատարներով տեղափոխում է Նիժնի Նովգորոդ, Ուֆա, Սարատով, Պերմ, որտեղից էլ Երեւան են հասցնում այս քաղաքներ թռչող իրենց օդանավերը:

Ընդ որում՝ կազմակերպիչների հետ պայմանավորվել են, որ կոմերցիոն բեռ չի լինելու, միայն հումանիտար օգնություն. ռուսական օդանավակայաններում «Շիրակ Ավիայի» ներկայացուցիչներն ստուգում են, որ ամեն ինչ իրականացվի ըստ այս պայմանավորվածության: «Հետքի» զրուցակիցն ասում է նաեւ, որ մինչ օրս որեւէ խնդիր չի ծագել ՀՀ մաքսային ծառայության հետ. հումանիտար բեռն արագ կարողանում են պահեստ հասցնել:

Ըստ Տարոն Պապիկյանի՝ այն բանից հետո, երբ իրենք սկսեցին հումանիտար օգնություն տեղափոխել, առժամանակ հրաժարվել են որեւէ կոմերցիոն բեռ փոխադրելուց, Ռուսաստանում իրենց կարգո գործակալին էլ տեղակացրել են այդ մասին: Այսինքն՝ «Շիրակ Ավիայի» օդանավերի բեռնախցիկներում տեղավորում են միայն Երեւան ժամանող ուղեւորների ուղեբեռը, իսկ մնացած ծավալն օգտագործվում է՝ հումանիտար օգնությունը տեղավորելու համար:   

«Ուղղակի ափսոս, որ մենակ մենք ենք, թե չէ ավելի շատ մարդկանց կարող էինք օգնել,- ասում է «Շիրակ Ավիայի» կոմերցիոն տնօրենը՝ նկատի ունենալով հայկական մյուս ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են կատարում դեպի Ռուսաստան,- ափսոսում եմ, որ էս վիճակին ամեն մեկն էլի իր շահույթն է փնտրում, բայց սա էդ վիճակը չէ: Մենակ որ չլինեինք, ավելի շատ բեռ կբերեինք, ավելի շատ մարդու կօգնեինք»:

Լուսանկարում՝ «Շիրակ Ավիայի» EK-SHC գրանցումով «Boeing 737-500»-ը՝ Սարատովի օդանավակայանում, 23.09.2023, հեղ.՝ Ինալ Խաեւ (jetphotos.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter