HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանի դեմ վճիռ է կայացվել. ընկերությունից անհիմն պահանջել են 10 տարվա բանկային երաշխիք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերել է ճանապարհային նշանների տեղադրման մրցույթը հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով բանկային երաշխիք պահանջելուն։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նաև քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու գործընթացը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշել է «Իմպեքս» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Դատարանն անվավեր է ճանաչել նաև այս որոշումը:

«Հետք»-ը դեռևս 2023թ. օգոստոսին գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարված մրցույթի արդյունքում «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Սակայն, աշխատանքները դեռ չսկսած՝ քաղաքապետարանը միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը: Քաղաքապետարանն ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, ինչի կատարումը գրեթե անհնար է:

Պայմանագիրը լուծելուց հետո քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել՝ հանելով 10 տարվա բանկային երաշխիքի պահանջը, ինչը «Իմպեքս» ՍՊԸ-ին հիմք է տալիս ենթադրելու, որ պարզապես ցանկացել են իրենցից «ազատվել»:

«Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:

Բողոքարկման գործընթացների ավարտից հետո, երբ մերժվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում: Զուգահեռ նշել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի:

«Իմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Շահնազարյանն ասում էր, որ առաջին անգամ է հանդիպում դեպքի, երբ պահանջում են 10 տարվա բանկային երաշխիք: Ավելին, նշում էր, որ Երևանի քաղաքապետարանը, թե՛ այս տարի, թե՛ նախորդ տարիներին նույն բնութագրերով պայմանագրեր է կնքել և նման պահանջ երբևէ չի ներկայացրել:

«Պայմանագրի տեխնիկական բնութագրով աշխատանքի կատարման 10 տարի երաշխիքային ժամկետ ի սկզբանե չի սահմանվել: 10 տարի երաշխիքային ժամկետը վերաբերում է բացառապես ճանապարհային նշանների թաղանթին: Իսկ մենք այդ հավաստագիրը ներկայացրել ենք, որ ապահովում ենք թաղանթի 10 տարվա որակը: Քաղաքապետարանի նման մոտեցումը խտրական վերաբերմունք է մեր նկատմամբ»,- ասում էր Միքայել Շահնազարյանը:

Պայմանագիրը լուծվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ:

Վազգեն Հարությունյանը «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2023թ. մայիսի 3-ին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ: Դրանից հետո նշանակվել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար:

Վազգեն Հարությունյանի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն աշխատելու ժամանակահատվածին վերաբերող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայտնաբերվել են յուրացման դեպքեր: Վ. Հարությունյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով:

Դատարանը սեպտեմբերի 26-ին վճռել է, որ տեխնիկական բնութագրում ամրագրված «երաշխիք» հասկացությունը տվյալ դեպքում վերաբերում է միայն ապրանքի որակական հատկանիշներին և դրանց ծառայության ժամկետին։ Ավելին՝ տեխնիկական բնութագիրը չի կարգավորում պայմանագրի ապահովման միջոցի հարցը, ինչպես պնդում է քաղաքապետարանը, թե այն կարգավորվում է բանկային երաշխիքով։ Դատարանը եզրակացրել է, որ եթե Երևանի քաղաքապետարանի պնդումները համապատասխաներ իրականությանը, ապա տեխնիկական բնութագրում առնվազն պետք է նշված լիներ «բանկային երաշխիք», ոչ թե «երաշխիք» ձևակերպումը, ինչպես նաև բանկային երաշխիքի վերաբերյալ կարգավորումը չէր կարող ապրանքի որակական բնութագրերի շարքում ամրագրվել։

Վերոգրյալ վերլուծություն հիման վրա գնահատելով գործի փաստերը և համադրելով կիրառելի իրավանորմերի հետ՝ Դատարանը գտել է, որ պատասխանող Երևանի քաղաքապետարանի գործողությունները՝ ուղղված թիվ ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/10 գնման պայմանագրի շրջանակներում աշխատանքի և ապրանքի 10 տարի երաշխիքային ժամկետով բանկային երաշխիք պահանջելուն, ոչ իրավաչափ են, ուստի հայցապահանջն այդ մասով հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Դատարանը գտել է նաև, որ մյուս պահանջը, որը վերաբերում էր պայմանագիրը միակողմանիորեն լուծելուն, ուղղակիորեն կապված է առաջին հայցապահանջի հետ, ուստի վերջինիս բավարարման պայմաններում բավարարման ենթակա է նաև մյուս պահանջը, քանի որ հանդիսանում են ոչ իրավաչափ գործողության արդյունք և հետևանք։

Երևանի քաղաքապետարանից հօգուտ «Իմպեքս» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 180 հազար դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում, այն դեռ օրինական ուժի մեջ չի մտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter