HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Սա իսրայելական հետախուզության էպիկ ձախողումն էր»․ հրեա քաղաքագետ

Իսրայելա-պաղեստինյան ընթացող պատերազմի մասին «Հետքը» զրուցել է հանրային կարծիքի մասնագետ, ռազմավարական և քաղաքական խորհրդատու, ազգությամբ հրեա Դալյա Շեյնդլինի (Dahlia Scheindlin) հետ։ Նա այս օրերին գտնվում է Հայաստանում և ուսումնասիրություն է պատրաստում Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման մասին։ Այդ մասին նրա հոդվածները հնարավոր է կարդալ իսրայելական Haaretz լրատվամիջոցում։

Հոկտեմբերի 7-ի Պաղեստինի հարձակումը Իսրայելի վրա արդյոք իսկապես անակնկա՞լ էր իսրայելական հետախուզության համար, թե՞ պարզապես այդպես է ներկայացվում։

Կարծում եմ, որ սա իսկապես անակնկալ էր Իսրայելի համար։ Ոչ ոք նման հարձակման գոնե այս պահին չէր սպասում։ Իսրայելի ժողովուրդը խորապես հիասթափված է և իրեն խաբված է զգում, քանի որ երկար տարիների այն կարծրատիպը, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները մշտապես հետևում են իրավիճակին և տեղյակ են կատարվող ամեն բանից, հօդս է ցնդել։ Համասը հենց իսրայելական հետախուզության քթի տակ նման լայնածավալ հարձակում է սկսել, իսկ նրանք տեղյակ չեն եղել։ Հիմա մարդիկ մտածում են, արդյոք կարելի է վստահել պետությանը մյուս հարցերում, թե ոչ։ Մեկ խոսքով կարելի է ձևակերպել, որ սա իսրայելական հետախուզության էպիկ ձախողումն էր։

Ռազմական գործողությունները, ընդհանուր առմամբ, Իսրայելի համար անակնկալ չէին, բոլորն էլ սպասում էին, որ այն մի օր լինելու է, սակայն ոչ ոք չէր կանխատեսում, որ կլինի հիմա և այս մասշտաբներով։ Մարդիկ կարծում էին, որ այն նման կլինի 2009 թվականի պատերազմին, բայց այդպես չեղավ։ Այս տարիների ընթացքում Իսրայելը բազմաթիվ գործողություններ է կատարել Գազայի դեմ, սակայն միշտ այն անվանել է օպերացիաներ և տարբեր անուններ տվել դրանց, սակայն այս անգամ Իսրայելը այն անվանում է պատերազմ, հետևաբար սա նման չէ նախորդներին։

Մինչև պատերազմական գործողությունների սկսվելը Իսրայելում ներքաղաքական կյանքը լարված էր, կանխատեսումներ կա՞ն, թե ինչ կլինի պատերազմից հետ։

Հունվարից սկսած՝ երկրում ինտենսիվ ցույցեր են ներկայիս կառավարության դեմ, սակայն հիմա, քանի որ երկրում պատերազմական իրավիճակ է հայտարարված, ցույցերը դադարեցված են։ Իսրայելի բնակչությունն ակնհայտ դժգոհ է երկրի արտաքին քաղաքականությունից, տնտեսությունից։ Թել Ավիվը աշխարհի ամենաթանկ քաղաքներից է համարվում, և մարդիկ հոգնել են արդեն այս կառավարւթյունից և իր վարած քաղաքականությունից։ Վերջին շրջանում այդ ցուցերը բավականին մեծ ծավալներ են ընդունել, եթե սկզբում մարդիկ մի քանի հազար էին, ապա վերջերս ցուցերին մասնակցում էին հարյուր հազարներով և ոչ միայն մայրաքաղաքում։ Այս պահին ընդդիմության առաջնորդները կառավարությունից առաջարկ են ստացել միանալու երկրի կառավարմանը և միասնական գործողություններ մշակելու։ Ընդհանուր առմաբ, հիմա իրավիճակը բավականին դժվար կանխատեսելի է և դժվար է ասել, թե ինչ կլինի պատերազմից հետո, ինչպիսի կառավարություն կձևավորվի և ովքեր կլինեն այնտեղ։

Ի տարբերություն նախորդ ռազմական գործողությունների, այս պատերազմում Իսրայելը ևս շատ զոհեր ունի։ Կողմերից ո՞րը առավելապես կտուժի՝ հաշվի առնելով նաև այն, որ Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է, որ դադարեցնում են սննդի, էլեկտրականության և ջրի մատակարարումը։ Սա նշանակո՞ւմ է, որ Իսրայելը պաղեստինցիներին մահվան է դատապարտում։

Ես չեմ կարծում, որ Պաղեստինի ժողովուրդը այս գործողության համար շնորհակալ կլինի Համասին, քանի որ այս պատերազմի ժամանակ ամենաշատը, ցավոք, հենց Պաղեստինի ժողովուրդն է տուժում, քանի որ Իսրայելը բավական ուժեղ հակաօդային պաշտպանություն ունի, և եթե մարտերը շարունակվեն օդային եղանակով, ու մի քանի հրթիռ ընկնի Իսրայելի տարածք, այն մեծ վնաս չի հասցնի, իսկ այ  Գազան տեսնում ենք, որ ամբողջովին ավերվում է, իսկ դրա վերականգնումը կարող է տասնամյակներ տևել։

Իսրայելը տեղյակ է, թե Գազայում որքան սննդի և այլ պաշարներ կան, նրանք դա վերահսկում են և ունեն վիճակագրություն, ուստի այս որոշմամբ, Իսրայելը ոչ թե սպանում է այնտեղ գտնվող մարդկանց, այլ փորձում է ստեղծել ապրելու համար որքան հնարավոր է վատ պայմաններ, այնպիսին, որ երբևէ չեն եղել։

Ինչպիսին է Իսրայելում հանրային կարծիքը կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի և Իսրայելի՝ Ադրբեջանին զինամթերք վաճառելու վերաբերյալ։

Դժբախտաբար, Իսրայելում շատ մարդկանց հայտնի չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նրանք անգամ քարտեզի վրա դրա տեղը չգիտեն, հետևաբար չգիտեն նաև, թե ինչու է վատ Ադրբեջանին զենք վաճառելը։ Իսրայելը, ինչպես շատ գործարքներ, այս մեկը ևս բացատրում է նրանով, որ Ադրբեջանը քանի որ Իրանի հետ առանձնապես բարիդրացիական հարաբերություններ չունի, հետևաբար կարելի է նրա հետ համագործակցել և զենք վաճառել։ Իսրայլելի բնակչության համար էլ այս թեզը արդեն իսկ բավարար է, քանի որ մարդիկ տեղյակ չեն ընդհանուր պատմական համատեքստից և խնդրի էությունից։

Գլխավոր լուսանկարում՝ Դալյա Շեյնդլինը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter