HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Լատվիայի ընտրանուց

«Եվրո-2024»-ի որակավորմալ փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ գոլ խփելու շանսեր ունեցան: Առաջին կեսի միջնամասում, սակայն, ավելի շատ գրոհում էր մեր հավաքականը, որն այդպես էլ ոչ մի արդյունք չտվեց: Փոխարենը դաշտի տերերի գրոհներից մեկը 39-րդ րոպեին ավարտվեց գոլով. աջ եզրից կատարած փոխանցումից հետո Հայաստանի ընտրանու պաշտպաններն անվստահ գործեցին, և Յանիս Իկաունիսը բացեց խաղի հաշիվը:

Երկրորդ կեսը շատ լավ մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի համար. 53-րդ րոպեին երկրորդ դեղինը ստանալուց հետո դաշտից հեռացվեց Լատվիայի ընտրանու կենտրոնական պաշտպան Մարկիս Օսը: Բայց սա էլ չօգնեց մեր հավաքականի խաղացողներին: Ավելին, 68-րդ րոպեին տանտերերը կրկնապատկեցին իրենց առավելությունը. անկյունայինի խաղարկման ժամանակ մեր պատշպանները կրկին սխալվեցին, և Դանիելս Բադոլիսը գնդակն ուղարկեց Հայաստանի ընտրանու դարպասը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր հավաքականի խաղացողները չկարողացան բեկել խաղի ընթացքը, և խաղը հենց այս հաշվով էլ ավարտվեց:

D խմբում գտնվող Հայաստանի հավաքականը 6 խաղից հետո ունի 7 միավոր և 3-4-րդ տեղերն է կիսում Ուելսի ընտրանու հետ, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Խորվաթիան (4 խաղ) և Թուրքիան (5 խաղ) ունեն 10-ական միավոր: Այս երկու հավաքականներն այսօր ավելի ուշ կմրցեն միմյանց դեմ։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Երևանում ընդունելով Ուելսի հավաքականին։ Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 17-ին, մակեդոնական Ստրումիցա քաղաքում ընկերական հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter