HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը պետք է հետաքննի Pegasus և այլ լրտեսական ծրագրերի կիրառումը հայ գործիչների դեմ. ԵԽԽՎ նոր բանաձև

Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրոպայի խորհրդի 5 անդամների կառավարություններին ամբողջությամբ հետաքննել Pegasus և այլ լրտեսական ծրագրերի օգտագործման բոլոր դեպքերը և երեք ամսում դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: 

Բանաձևում նշված հինգ անդամների ցանկում են Ադրբեջանը, Լեհաստանը, Հունգարիան, Հունաստանն ու Իսպանիան։

Վկայակոչելով մի շարք լրագրողական և հետազոտական նախագծեր, որոնք բացահայտել և հաստատել են Pegasus, Candiru և Predator լրտեսական ծրագրերի կիրառումը այս երկրների կողմից, ԵԽԽՎ-ն հանձնարարել է «անհապաղ և ամբողջությամբ հետաքննել լրտեսող ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, պատժել ցանկացած հայտնաբերում և փոխհատուցում տրամադրել զոհերին»:

Բանաձևում նշված է, որ կան բավականաչափ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը կիրառել է Pegasus լրտեսական ծրագիրը Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետ կապված՝ Հայաստանում աշխատող մի շարք անձանց, այդ թվում՝ Հայաստանի պետական ​​պաշտոնյայի նկատմամբ։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին իրավապաշտպան կազմակերպությունների և ՏՏ անվտանգության մասնագետների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ առնվազն 13 հայ հասարակական գործիչ և պաշտոնատար անձ, այդ թվում` լրագրողներ և իրավապաշտպաններ, 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր Ղարաբաղյան հակամարտության ժամանակ դարձել են իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագրի թիրախ։

Քաղաքական հակառակորդների, պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության հանդեպ գաղտնի լրտեսական ծրագրերի կիրառումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։

Հաշվի առնելով նման ծրագրերի տարածումը՝ բանաձևով վերահաստատվում է ԵԽԽՎ-ի դիրքորոշումն առ այն, որ պետությունները պետք է օգտագործեն այդ ծրագրերը միայն «բացառիկ իրավիճակների համար՝ որպես վերջին միջոց», և պետք է խուսափեն այս ծրագրերը արտահանել այնպիսի երկրներ, որտեղ զգալի վտանգ կա, որ դրանք կօգտագործվեն բռնաճնշումների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

 

 

Pegasus և այլ լրտեսական ծրագրերով հարձակման ենթարկված գործիչների թվում էին.

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Աստղիկ Բեդևյանը, որոնց հեռախոսները վարակվել են, համապատասխանաբար, 2021 թվականի ապրիլին և մայիսին։ Սա այն ժամանակահատվածն է, երբ նրանք լուսաբանում էին Հայաստանում քաղաքական ճգնաժամը և ղարաբաղյան հակամարտության հետևանքները։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա հեռախոսը վարակվել է 2021 թվականի մայիսին, այն ժամանակ, երբ վերջինս ակտիվորեն հետևում էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններին։ 

2021 թվականի մայիս-հուլիս ամիսներին արտաքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը մի քանի անգամ է վարակվել՝ ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ բանակցություններին նրա մասնակության ժամանակ։

Պատմական գիտությունների թեկնածու և թուրքագետ Վարուժան Գեղամյանի iPhone-ը վարակվել է 2021 թվականի հունիսին՝ այն ժամանակ, երբ վերջինս դասախոսություններ էր կարդում Ադրբեջանի տարածաշրջանի ու արտաքին քաղաքականության մասին։

2022 թվականի հունիսին՝ վարակման երկրորդ փուլի ժամանակ, վարակվել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քննադատներից մեկի՝ ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հեռախոսը վարակվել է 2022 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին, երբ նա հայտարարություններ էր անում ադրբեջանական զինուժի հնարավոր հանցագործությունների վերաբերյալ,։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սարքավորումների վարակումը կապված է եղել ղարաբաղյան հակամարտության հետ։ Հայաստանում Pegasus-ով վարակման առաջին խումբը կապ է ունեցել քաղաքական ճգնաժամի հետ, որը սկսվել էր Հայաստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո և ձգվում էր մինչև 2021 թվականի կեսերը։ Վարակման երկրորդ խումբը տեղի է ունեցել 2022 թվականին, ինչը համընկնում էր Սոչիում և Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հակամարտության գոտում լուրջ բախումների հետ, ինչպես նաև ՝նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետ։ Հայաստանում Pegasus-ով վարակման առաջին ալիքի ժամանակ հետաքննությունը հատնաբերել է 10 մարդու, որոնք 2020-2021 թվականներին դարձել են վարակման թիրախ։ Այդ ընթացքում հայտնաբերվել է մոբայլ սարքավորումների վարակման 17 դեպք։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter