
Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը
World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2023 թվականի վարկանիշի համաձայն՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը: Այսինքն, մենք այս քրեածին իրավիճակի հետ կապված՝ աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք:
Իհարկե, Ոստիկանության աշխատանքի մասին խոսեցի, ես ուզում եմ ընդգծել ևս մի քանի գործոններ, որոնք ապահովում են այս միջավայրը: Ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում 2019 թվականին, մենք քրեական ենթամշակույթի հետ կապված օրենսդրական փաթեթ ընդունեցինք, որով քրեական աստիճանակարգության մաս լինելը և քրեական աստիճանակարգություն ստանալը համարվեց քրեական հանցագործություն:
Կարծում եմ, որ մենք այս միջազգային գնահատականով նաև ինչ-որ տեղ տեսնում ենք այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Ուզում եմ հատուկ ընդգծել մեր դատախազության, քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու նոր որակը: Իհարկե, 9-րդ տեղն աշխարհում շատ բարձր ցուցանիշ է, բայց մեր նվազագույն պլանը պետք է լինի այս ցուցանիշից չնահանջելը և ավելի լավ տեղեր զբաղեցնելը: Ուզում եմ մեր իրավապահ մարմիններին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որովհետև նման ցուցանիշները, իհարկե, երկրներին պատիվ են բերում»,- ասել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ ոլորտում առկա է խնդիր ճանապարհատրանսպորտային պատահարների առումով. «Այստեղ էլ մենք պետք է մտածենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի այս խնդիրը լուծենք: Շատ մեծ թվով զոհեր ենք ունենում, և այս տարի մեր վիճակագրության մեջ որպես կարմիր տող երևում է ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի ավելացումը: Նախորդ տարի, իմիջիայլոց, մենք նախկինի նկատմամբ նվազում ունեինք: Այս տարի մի քանի հատ խոշոր դեպք ունեցանք, ցավոք, և այդ խոշոր դեպքերն ապահովել են այդ նեգատիվ վիճակագրությունը, բայց եթե նույնիսկ այդ խոշոր դեպքերը չլինեին, դա չի նշանակում, որ խնդրի ծավալը դրանից փոքրանում է: Այստեղ պետք է շատ սկզբունքային լինել»:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն լինի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, համայնքների հետ՝ գծանշումներով, ճանապարհային անվտանգության այլ կոմպոնենտներով ապահովելու ուղղությամբ աշխատելու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել