HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանադրական դատարանը չի շտապում քննել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ աահմանադրականության հարցը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը Սահմանադրական դատարանում (ՍԴ) հուլիսի 7-ից կասեցված է: Սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը պատասխանել է ՍԴ-ի հարցադրումներին, որի ստացման համար վարույթը կասեցվել էր, սակայն դատարանը կարծես թե չի «շտապում». գործը դեռ կասեցված է:

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա է ՍԴ-ում գործը քննվում: Դիմել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցրել է 2023թ. հուլիսի 7-ին՝ Գլխավոր դատախազությանն առաջադրելով 21 կետից բաղկացած հարցադրումներ: Վարույթը կասեցվել է մինչև պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը: Դատարանը ստացման ժամկետ չէր սահմանել: Այսինքն, երբ դատախազությունը Սահմանադրական դատարանին ներկայացնի հարցադրման պատասխանները, վարույթի քննությունը կշարունակվի:

Հարցադրումները բարդ չեն, հիմնականում պահանջել են վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում, հետևաբար ենթադրվում էր, որ պետք է արագ պատասխանեին, ու գործի քննությունը շարունակվեր: Օրինակ՝ ՍԴ-ն հարցրել է, թե արդյո՞ք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվում է աշխատանքային պլանավորմամբ, կամ քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն:

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Սահմանադրական դատարանի հարցադրումներին պատասխանել են սեպտեմբերին:

2023թ. ապրիլին Սահմանադրական դատարանը ստացել է նաև Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված:

Հիշեցնենք, 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը միանշանակ դրական կամ բացասական համարել հնարավոր չէ: Մասնավորապես նշել են, որ միջազգային և եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում և կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը: Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում և ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով:

ՍԴ-ից փոխանցեցին, որ դատախազության ներկայացրածն ուսումնասիրվում է: Իսկ թե երբ գործի քննությունը կշարունակվի՝ հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter