HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունը

Ադրբեջանում այսօր կայացել է Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատական նիստը։ APA գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը նրան մեղադրում է Խոջալուի շրջանի Լեսնոյ կամ Մեշալի գյուղում, իբր, «ցեղասպանության իրականացման մեջ»։ 

Շինծու գործով դատական լսումներն անցել են Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։ Նշվում է, որ նիստին ճշգրտվել են Խաչատրյանի և շինծու գործով, իբր, «59 տուժողների» անձնական տվյալները։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Վագիֆ Չերքեզի Խաչատրյանն այս տարվա հուլիսին ձերբակալվել էր ադրբեջանական այդ անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։ 

Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում է, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։

Շինծու գործի դատաքննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Խաչատրյանին հատկացվել է փաստաբան և թարգմանիչ։ 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ավելի վաղ, հերքել էր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ «Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը՝ 1991-1994 թվականի պատերազմում։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter