HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բարեգործական համերգ Ստրասբուրգում՝ հաջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող մի խումբ հայ երաժիշտներ կազմակերպում են բարեգործական համերգ, որից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Համերգին մասնակցելու են նաև օտարազգի այլ երաժիշտներ․ հնչելու է տարբեր երկրների ազգային երաժշտություն՝ հայկական, բալկանյան, իռլանդական, իսպանական և այլն։ Կախված այս համերգի արդյունքներից՝ այն կարող է նաև շարունակական լինել։ 

Համերգի կազմակերիչներից Նելլի Մելքոնյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ համերգի նպատակը արցախցի ընտանիքների համար գումար հավաքելուց բացի, նաև տեղի մարդկանց իրազեկելն է, թե ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում ու Արցախում, թե ինչպես են տասնյակ հազարավոր հայեր Ադրբեջանի հարձակման հետևանքով բռնի տեղահանվել իրենց տներից։

«Սկզբնական շրջանում փորձում էի սոցցանցերի միջոցով իրազեկող նյութեր և տեսանյութեր տարածել, որպեսզի կարողանայի գոնե ինֆորմացիոն դաշտում օգնել։ Բայց հետո հասակացա, որ այս փուլում դրանից ավելի կարևոր նյութական աջակցություն ցուցաբերելն է։ Որոշեցի այստեղի իմ երաժիշտ ընկերներին հավաքել, համերգ կազմակերպել, որի ընթացքում կանենք դրամահավաք ու հավաքված գումարը կուղարկենք արցախցի ընտանիքներին։ Բացի դրանից, նաև թռուցիկներ ենք պատրաստելու, որպեսզի բաժանենք համերգի ներկաներին, տեղեկացնենք, թե առհասարակ ինչ է Արցախը, ինչպես է այնտեղի բնիկ հայ ժողովուրդը սեփական կամքին հակառակ վտարվել իրենց տներից»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Նելլի Մելքոնյանը։

Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին՝ տեղի ժամանակով 13։30-ին, Ստրասբուրգ քաղաքի գլխավոր հրապարակում (ֆր.՝ Place Kléber)։ Համերգին հրավիրվել են նաև տեղի հայկական կազմակերպություններն ու Ստրասբուրգի ազգությամբ հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter