
Վլադիմիր Զելենսկին նախատեսում է այցելել Իսրայել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է այցելել Իսրայել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ուկրաինացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները պաշտոնական հարցում են ուղարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակ՝ Ուկրաինայի առաջնորդի հնարավոր այցը համաձայնեցնելու նպատակով: Ինչպես նշում են Axios-ի աղբյուրները, քննարկումը նախնական փուլում է, իսկ Վլադիմիր Զելենսկիի՝ Իսրայել հնարավոր այցի կոնկրետ ժամկետներ դեռ չկան:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Հրեական Պետությունում, «Համաս» արմատական խմբավորման հարձակման ֆոնին, Ուկրաինայի քաղաքացիների անվտանգության հարցն ու այդ իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վրա: Զելենսկին հայտարարել էր Իսրայելի հետ համերաշխության մասին և ցավակցություն հայտնել բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պատերազմի 593-րդ օրվա երեկոյան իր տեսաուղերձում նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում հակամարտության հրահրման հարցում։ Նա նշել էր, որ խորհրդակցություն է անցկացրել ուկրաինական հետախուզության ղեկավարների և դիվանագետների հետ, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին և Իսրայելի վրա «Համաս» խմբավորման հարձակմանը։
«Ըստ առկա տեղեկատվության, որը շատ հստակ է, Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու մեջ, որպեսզի ցավի և տառապանքի նոր աղբյուրը թուլացնի համաշխարհային միասնությունը, ավելացնի պառակտում և հակասություններ, և դրանով օգնի Ռուսաստանին Եվրոպայում ոչնչացնելու ազատությունը»,- ասել էր Զելենսկին։
Լուսանկարը՝ PAP/EPA/OLIVIER MATTHYS
Մեկնաբանել