
Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ. Պեսկով
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Բիշքեկում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովին: TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նախօրեին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ունի դրա պատճառները, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրանց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը»,- հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը եղել է, կա և կլինի ՌԴ դաշնակիցն ու հարևանը։ «Երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունն ու ընդհանուր ապագան»,- նշել է ռուսաստանցի գործիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրղզստանի մայրաքաղաքում ընթանում էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին, սակայն, չէր մասնակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովի շրջանակներում կայացել էր նաև Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում երկու երկրների նախագահները ի թիվս այլ հարցերի քննարկել էին նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев
Մեկնաբանել