HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտեմ, որ էլ չեմ կարա գնամ, բայց ուղեղումս չի տեղավորվում»

14-ամյա Թամարա Իսրայելյանի մեծ ու խորն աչքերը միանգամից արցունքներով են լցվում, երբ խոսում ենք ծննդյան օրը տորթի մոմերը փչելու, երազանք պահելու մասին։

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղից է։ Սեպտեմբերի 24-ին ընտանիքով բռնի տեղահանվել են։ 3 օր ճանապարհ են եկել։ Սեպտեմբերի 27-ին ծննդյան օրն էր։ Երբ հասել էին Գորիս, արդեն ուշ գիշեր էր։ Բոլորը հոգնել էին ճանապարհից։ Տատը, սակայն, անակնկալ էր արել՝ տորթ գնելով ու մոմեր դնելով։ Թամարան փչել էր մոմերն ու երազանք պահել, որ խաղաղություն լինի։

-Ու որ իմ հաջորդ ծննդյան տոնին Արցախում լինեմ,- սա ասելուց հետո նրա ձայնը դողում է, աչքերը թացանում են։ Երկուսս լռում ենք ու մաքրում մեր աչքերը։

Արարատի մարզի Հնաբերդ գյուղի մշակույթի տան բակում գունավոր լվացք է փռված։ Դրա կողքին խաղահրապարակն է։ Երեխաները մերթընդմերթ հավաքվում են այդտեղ։ Թամարան էլ հաճախ այստեղ է գալիս։ Նրա ընտանիքն էլ մնացած 6 ընտանիքների պես ժամանակավոր բնակվում է մշակույթի տանը։

Նախասրահում հանգիստ է։ Ներսում՝ սեղանին, նարդին է, մյուս սեղանին՝ մեծ սկուտեղով կտրտած միրգ է։ Դահլիճում բոլոր աթոռները հանել են, բեմը փակել են գույնզգույն զոլավոր կտորով։ Դահլիճի մի անկյունում երկար սեղան է դրված։ Ճաշի ժամ է։ Հովսեփավանից բռնի տեղահանված 7 ընտանիք ճաշի է նստել։ Մեզ ձեռքով են անում ու հրավիրում ճաշի։ Պատերի մոտ արկղերով խնձոր, կանաչ ու կարմիր պղպեղ կա։ Սննդի մի մասն այդտեղ են պահում։ Մենք դուրս ենք գալիս նախասրահ՝ նրանց չխանգարելու համար։

Իսկ այստեղ աթոռին դրել են Հովսեփավանի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանի մեծ լուսանկարը, խաչով նկարը, որ բերել են Մռավի դիրքերից, Արցախի դրոշը եւ Հովսեփավանի հողը, ջուրն ու քարը։ Ու մի դեղին խնձոր: Հայրենիքից բերված «մասունքները» մեզ ցույց է տալիս հովսեփավանցի Սարգիսն ու ժպտում։ Քիչ անց նա պետք է գնա երեկոյան ընթրիքի հետեւից։ Արտաշատում բարեգործական կազմակերպություններից մեկը ամեն օր տաք ուտելիք է պատրաստում ու բաժանում բռնի տեղահանված ընտանիքներին։

Սարգիս Գասպարյանը Հովսեփավանի դպրոցի ֆիզկուլտուրայի եւ ռազմագիտության ուսուցիչն էր։ Սեպտեմբերի 19-ին երեխաների հետ դպրոցի խաղահրապարակում դաս էին անում, երբ ուժեղ պայթյունի ձայն լսվեց։ Սարգիսը զգացել էր, որ սա ականազերծման աշխատանքների՝ արդեն սովորական դարձած պայթյունի ձայն չէ, այլ, կարծես, ծանր զինտեխնիկայից արձակված կրակոցից լինի։ Երեխաներին արագ տարհանել են դպրոցից։ Հովսեփավանում մեծ տուն կար, որի ներքեւում ապաստարանն էր։ Թե՛ գյուղի մեծերը, թե՛ փոքրերն այդտեղ էին հավաքվել։ Այդ օրն անընդհատ կրակում էին, պայթյունի ձայներ էին լսվում։ Հաջորդ օրն ավելի քիչ էին կրակոցի ձայները։

Սեպտեմբերի 22-ին գյուղից սկսվեց բռնի տեղահանումը։ Հովսեփավանը գրեթե դատարկ էր, երբ Սարգիսը դուրս եկավ գյուղից։

Սարգիսն այսպես է հիշում գյուղի վերջին տեսարանը։ Բարձրացել էր դպրոց, վերցրել գյուղի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանի լուսանկարն ու դուրս եկել։ Մինչեւ հիմա էլ չի հավատում, որ չեն կարողանալու վերադառնալ հայրենի գյուղ։ Հեռախոսով ցույց է տալիս դպրոցի լուսանկարներից։

Շրջափակման ժամանակ՝ օգոստոսին, բարեգործներից մեկը պաղպաղակ էր հյուրասիրել աշակերտներին։ Երեխաների ուրախ դեմքերն են լուսանկարներում։

«Չենք հավատում տեղի ունեցածին։ Մեր ցավը մի քիչ մեղմում է այն, որ գյուղացիներով իրար հետ ենք էստեղ, դուրս ենք գալիս, տեսնում ենք հարեւաններին, բայց գիտենք, որ սա ժամանակավոր ա, հեսա որ ցրվենք, գնանք տարբեր տեղեր, դժվար կլինի»,- նշում է 31-ամյա արցախցին։

Ճաշի ժամն արդեն ավարտվել է։ Դահլիճից հերթով դուրս են գալիս հովսեփավանցիները։ Բարեւում են, բայց զրուցելու տրամադրված չեն։ Կանայք ներսում սեղանն են հավաքում։ Մի պահ տպավորություն է, թե մշակույթի տանն ապրող 29 հովսեփավանցիները մի մեծ ընտանիք են ու հավաքվել են ինչ-որ միջոցառման։ Սակայն իրականությունը ծանր է․ ամենուր՝ հագուստով կամ ուտելիքով տոպրակներ, ազատ տեղերում՝ իրար կողք-կողքի շարված մահճակալներ ու տխուր հայացքներ։

Ստեփանակերտցի Սվետա Առաքելյանը կարմիր պղպեղով ափսեն է մեզ մոտեցնում։ Ժպիտով խնդրում է փորձել, իր պատրաստածն է։ Շեֆ-խոհարարն ինքն է, բայց կողքից էլ օգնում են։ Դահլիճի վերջում գտնվող փոքր սենյակը հարմարեցված է որպես խոհանոց, վերջերս նաեւ փոքր տեղ են պատրաստել լոգանքի համար։ Կանայք ասում են՝ ժամանակավոր են այստեղ, կարեւորը՝ նվազագույն պայմանները կան։

69-ամյա արցախցի կինը երբեք չէր էլ մտածի, որ մի օր թողնելու է տունը ու ապրելու է մշակույթի տանը, քնելու է դրա բեմին։

Մենք մտնում ենք «ննջարան»։ Այստեղ շատ քիչ ազատ տեղ է մնացել։ Մեծ ու փոքր մահճակալներ են։ Հարմարվում են, բայց ձմեռն այստեղ դժվար կլինի։ Վարձով տուն են փնտրում, չեն կարողանում գտնել, իսկ գտածներն էլ շատ բարձր գներով են։

Տիկին Սվետան աշխատում էր հագուստի խանութում։ Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ էր խանութը։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին առեւտրի թեժ պահն էր։ Գնորդներ կային խանութում, հագուստ էին փորձում, երբ լսեցին, որ պատերազմ է:

«Մեկ լսում էինք, որ թուրքերը Ասկերանում են, մեկ՝ Ստեփանակերտի տակ, մեկ՝ Ստեփանակերտի վերեւում: Լսում էինք, որ թուրքերը ճանապարհին ջահել աղջկա վիզ են կտրում, ականջ են կտրում: Էնքան ջահել աղջիկներ են կորել ճանապարհին: Աննկարագրելի բան ա: Նրանց հետ ապրելն անհնար է, ի՞նչ ինտեգրման հարց: Ինտեգրումն ի՞նչ անենք, թուրքը մեր դարավոր թշնամին ա, թուրքի հետ ապրել հնարավոր չի: Մենք միշտ սպասում էինք կարգավիճակի հարցին, ինքնորոշման հարցին, որ մեր ժողովուրդն ապրի: Բայց պարզվեց, որ ոչ մի բան չկարողացանք անել: Ամեն մեկս մի ճամպրուկ վերցրեցինք, էնքան որ դուրս գանք, երեխաները փրկվեն, ուրիշ ոչ մի բան»,- պատմում է արցախցի կինը:

Ասում է՝ չէին սպասում, որ պատերազմ կլինի, քանի որ ռուս խաղաղապահներն Արցախում էին, եւ նրանց հույսով էին ապրում այնտեղ: Սակայն ամեն ինչ անսպասելի եղավ, այդ թվում՝ տնից դուրս գալը:

Սվետա Առաքելյանի թոռը՝ 16-ամյա Արմեն Ղազարյանը, ներս է մտնում նախասրահ: Տխուր ժպտում է: Ասում է՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցում էին ապրում, տունը ստեփանակերտցիներին հայտնի «օբուվնոյի» մոտ էր:

Բռնի տեղահանումից օրեր անց Հնաբերդի մշակույթի տանը նստած այս տղան երազում է լինել Արցախում, ապրել շրջափակման մեջ, ամեն օր 4-5 ժամ հացի հերթ կանգնել, բայց մնալ Արցախում: Արմենը սովորում էր Գրիգոր Նարեկացու անվան ուսումնարանի տնտեսագիտության բաժնում: Վերջին՝ 3-րդ կուրսում էր: Երբ սեպտեմբերի 19-ին կրակոցներն ու պայթյունները լսեց, ծրագրավորման առաջին դասին էր: Ասում է՝ առաջին հարվածից հասկացավ, որ սովորական պայթյուն չէ, պատերազմ է: Մինչեւ տուն կհասներ, մորն էր զանգել, ասել, որ նկուղ իջնեն:

Երկու օր մնացել են նկուղում՝ խոնավ ու վատ պայմաններում: Արմենն ասում է՝ ինքը 16 տարեկան է, դժվար չէր, բայց փոքր երեխաների համար դժվար էր այնտեղ մնալը: Արկակոծման դադարները կարճ էին՝ 30 կամ առավելագույնը 40 րոպե էին տեւում, հետո նորից սկսվում էին:

Սեպտեմբերի 28-ին շենքի վերջին ընտանիքներից էին, որ դուրս եկան Ստեփանակերտից: Առավոտյան ժամը 5-ին դուրս են եկել տնից ու մոտ 1 ժամ ոտքով ճանապարհ գնացել՝ ծանր ճամպրուկներով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից էին շարժվում դեպի Հայաստան եկող ավտոբուսները: Այդտեղ սպասել են մոտ 17 ժամ:

Արմենի քույրը՝ 26-ամյա Վարդուհին, որ լսում է մեր զրույցը, ավելացնում է. «Դա մի ահավոր պատմություն է, երբ տարբեր լուրեր էին տարածում, որ մարդկանց մի մասին չեն թողնելու դուրս գալ»:

Վարդուհին սովորել է Արցախի պետական համալսարանում՝ անգլերեն լեզու եւ գրականություն, ապա մագիստրատուրա՝ հոգեբանություն: Սակայն ավելի ուշ սովորել է մատնահարդարում, որով էլ զբաղվել է քաղաքում:

Մեր այցելության օրը Արտաշատ էր գնացել, աշխատանքի ընդունվել տեղի գեղեցկության սրահներից մեկում: Տնից հասցրել է բերել մատնահարդարման պարագաների մի մասը, սակայն մի մասի կարիքն էլ դեռ ունի: Հիշում է Ստեփանակերտում իր աշխատավայրն ու կոլեկտիվը, բայց հետո արագ փոխում է թեման, ասում է՝ դե, այս նոր տեղում էլ կփորձի հարմարվել:

«Էս անգամ վախը շատ էր: Երբ էնտեղ էինք, մամայիս ասեցի՝ մամ, կարոտելու եմ, մամաս ասեց՝ որ կարոտես, հիշի, թե ոնց էին ռմբակոծում, ոնց էինք վատ վիճակի մեջ, չգիտեինք, թե ոնց ենք դուրս գալու։ Ամեն ինչ հիշում եմ, բայց առաջինը վախն եմ նորից վերապրում, քան սովորական կարոտը։ Իհարկե, կուզեի ամեն ինչ լավ լիներ, որ էնտեղ լինեի»,- նշում է Վարդուհին:

«Մտածում եմ, բայց չեմ կարողանում ընդունել այն, որ էլ հետ չեմ գնալու: Գիտեմ, որ էլ չեմ կարա գնամ, բայց ուղեղումս չի տեղավորվում»,- ասում է Արմենը: Վերջինս ուսումը դեռ չի շարունակում Հայաստանում, ասում է՝ սպասում է, քանի որ խոսակցություններ կան, թե իրենց ուսումնարանի մասնաճյուղն է գործելու Հայաստանում:

Նախասրահում երեխաները քիչ-քիչ հավաքվում են: Նրանց բոլորի աչքերում անբացատրելի տխրություն կա: Վարդուհին փորձում է ցրել մթնոլորտը: Ասում է՝ ամեն երեկո հավաքվում են բոլորով, թեյ խմում, ծիծաղում, ով էլ լացում է, փորձում են ուրախացնել: Ասում է՝ իրենցից շատերն են հիշում, բայց դրանից ոչինչ չի փոխվում: «Սթրեսով չապրենք, որ էս մեկը չունենք, էն չունենք: Ինչ կա՝ կա»,- ավելացնում է նա:

Ճանապարհին հանդիպում ենք Սարգսին, որը երեկոյան ընթրիքն էր բերել հովսեփավանցիների ու Հնաբերդի չգործող դպրոցում ժամանակավոր ապրողների համար: Այդ օրվա ճաշացանկում բրինձ ու երկու բլիթ էր:

Այս բոլոր մարդիկ վարձով տուն են փնտրում, բայց վարձակալության գները բարձր են: Մյուս կողմից՝ նրանք չեն պատկերացնում, թե ինչպես են անցկացնելու ձմեռն այս ժամանակավոր կացարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter