HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի մարզում ապրում է Արցախից բռնի տեղահանված 80 ուսուցիչ. նրանցից միայն 3-ն է նոր աշխատանքի անցել

Գեղարքունիքի մարզում Արցախից բռնի տեղահանված 80 ուսուցիչ է ապրում: Նրանցից 3-ն արդեն տեղավորվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում: Նրանք աշխատանք են գտել Գետիկի, Վարդաձորի և Ծովակի դպրոցներում: Մարզային պատասխանատուները հավաստիացնում են, որ բոլորի հետ կապի մեջ են:

Գեղարքունիքում գործում է 116 մարզային և 8 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա  հանրակրթական դպրոց:

Մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ Արցախից տեղահանված և մարզում բնակվող գրեթե բոլոր ուսուցիչների հետ կապի մեջ են: Փորձում են նրանց տեղավորել աշխատանքի: Ոմանք դեռ սպասողական վիճակում են՝ չգիտեն, ապրելու են մարզում, թե այլ տեղ են տեղափոխվելու, մյուսները չեն համաձայնվում գյուղից գյուղ գնալ աշխատանքի:

Գեղարքունիքի մարզում քիչ չեն ուսուցչի թափուր հաստիքները: 21 դպրոցում 14 առարկայի գծով թափուր հատիքներ կան: Դրանք դասավանդվում են հեռավար, մի մասը՝ փոխարինող ուսուցիչների կողմից, իսկ մեկը՝ Լճավան գյուղի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկա առարկան, ընդհանրապես չի դասավանդվել: Հաստիքը թափուր է արդեն 8 տարի՝ 2015թ-ից:

Made with Flourish

Ամենաշատ թափուր հաստիքները Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում են` 8 հաստիք: Թափուր են հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, շախմատ առարկանների ուսուցիչների հաստիքնեը:

Հարկ է նշել, որ մարզի դպրոցներում ամենաշատը թափուր է ֆիզկուլտուրա առարկայի գծով հատիքը՝ 7 դպրոց, 4-ական՝ աշխարհագրության և քիմիայի, 3-ը՝ մաթեմատիկայի և այլն:

2017թ-ից քիմիա առարկայի ուսուցիչ չեն կարողանում գտնել Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցում: Աշակերտները հեռավար են առարկան ուսումնասիրում:

Երկար տարիներ ֆիզիկայի ուսուցիչ չկա Փամբակ-Դարանակ գյուղերի միացյալ դպրոցում: Տևական ժամանակ աշակերտների ավարտական վկայականում ֆիզիկա առարկայի դիմաց նշվում էր «չուսումնասիրած»: Այժմ օնլայն տարբերակով են առարկայի վերաբերյալ գիտելիքներ ստանում:

Դեռևս 2020թ-ին էինք գրել, որ դպրոցը ֆիզիկայի ուսուցիչ չունի: Դպրոցական ունեցող ծնողները նախընտրում էին իրենց երեխաներին տեղափոխել այլ բնակավայրերի դպրոցներ: Ոմանք էլ տեղափոխվում են ընտանիքներով, որպեսզի երեխաները պատշաճ կրթություն ստանան։

Մարզպետարանից էլ պնդում են՝ հեռավար դասավանդումը ոչ միշտ է եղել արդյունավետ:

Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հայտնել են, որ մարզի 5 դպրոցներում՝ Արեգունու, Արփունքի, Կախակնի, Շատվանի միջնակարգ և Ազատի հիմնական դպրոցներում, 2023-2024թթ. սկզբին չեն ձևավորվել առաջին դասարաններ, իսկ Նորաշենի, Սեմյոնովկայի, Գեղամաբակի, Լեռնահովիտի հիմնական և Կութի հիմնական դպրոցներում առաջին դասարան են ընդունվել մեկական աշակերտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter