
Հորդանանը չեղարկել է Ջո Բայդենի և Եգիպտոսի ու Պաղեստինի առաջնորդների հետ քառակողմ գագաթնաժողովը
Հորդանանը չեղյալ է հայտարարել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 18-ին նախատեսված քառակողմ գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիին:
Հանդիպմանը պետք է մասնակցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հորդանանի թագավոր Աբդալա II-ը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը:
Հորդանանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է Պաղեստինի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո:
Ավելի վաղ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել էր Մահմուդ Աբբասը: The Times of Israel-ի աղբյուրի խոսքով՝ Պաղեստինի վարչակազմի ղեկավարը դա արել է ի նշան Գազայի հատվածում հիվանդանոցին հարվածելու դեմ բողոքի:
Սպիտակ տունը ևս հաստատել է Բայդենի՝ Հորդանան ուղևորության չեղարկումը:
Հոկտեմբերի 17-ի երեկոյան Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը Իսրայելին մեղադրել էր Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մեջ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, կա առնվազն 500 զոհ։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցին հարվածի պատասխանատվությունը կրում է «Իսլամական ջիհադ» խմբավորումը։ Իսրայելի զինված ուժերի փոխանցմամբ՝ հիվանդանոցի վրա ընկել է մեկ հրթիռ, որը գրոհայիններն արձակել էին Իսրայելի ուղղությամբ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել