HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եվս մեկ վճիռ Հայաստանի դեմ. դարձյալ խախտվել է զինծառայողների կյանքի իրավունքը

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկրորդ վճիռն է կայացրել Հայաստանի դեմ՝ արձանագրելով երկու զինծառայողների՝ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի, կյանքի իրավունքի խախտում: Կառավարությունը սպանված երկու զինծառայողների ընտանիքներին պետք է վճարի փոխհատուցում՝ 30 հազ. եվրոյի չափով:

Հիշեցնենք, որ նույն օրը ՄԻԵԴ-ը 30 հազ. եվրո փոխհատուցում վճարելու վճիռ էր կայացրել նաև ժամկետային զինծառայող Մարատ Դիմաքսյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում:

2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 36534 զորամասի մարտական դիրքերում հրազենային վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի դիակները:

Նույն օրը Քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասով (երկու և ավելի անձանց սպանություն):

Քննությամբ պարզվել է, որ Կ. Այվազյանը դեպքի օրն իրեն հատկացված «Կալաշնիկով» ավտոմատից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայող տեղում մահացել է, որից հետո ինքնասպան է եղել։

Պարզվել էր, որ 2009թ. Կ. Այվազյանը ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։ Նա ԱՄՆ-ում դատապարտվել է բազմաթիվ մեղադրանքներով՝ բնակարանային, ավտոմեքենայի գողությունների, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահման և ուղղիչ հիմնարկից փախչելու համար:

Պաշտպանության նախարարի հրամանով իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ միջադեպը զինվորական կանոնների կոպիտ խախտման, ինչպես նաև բարձրաստիճան սպաների կողմից զինծառայողների նկատմամբ նվաստացման և վատ վերաբերմունքի հետևանք է եղել:

Դիահերձման ժամանակ արձանագրվել է, որ Ա.Սարգսյանը մահացել է գոտկատեղի, ազդրի հրազենային վնասվածքներից։ Նրա մարմնի վրա հայտնաբերվել են նաև ոչ հրազենային վնասվածքներ՝ արմունկի և բազկի ստորին հատվածում քերծվածքների տեսքով։ Այս վնասվածքները բութ առարկաներով հասցվել էին մահից կարճ ժամանակ առաջ կամ երբ նա մահանում էր։ 

Ռ. Հովհաննիսյանը մահացել է գլխի հրազենային վնասվածքից։ Այլ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել ազդրի, ձեռքերի և ստամոքսի վրա։ 

Արձանագրվել է նաև, որ զինծառայողների արյան մեջ եղել է ալկոհոլ:

2012թ. հուլիսի 28-ին քննիչը որոշել է կարճել վարույթը այն հիմքով, որ իրավախախտումներ կատարած անձինք, մասնավորապես՝ շարքային Կարո Այվազյանը (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահացել են։

Վ. Թադևոսյանը մեղադրվել է այն բանի համար, որ չարաշահել է իր լիազորությունները՝ ծեծի ենթարկել Կ.Այվազյանին՝ զինվորական կանոնները խախտելու համար: Ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանի գործողությունների հետ է կապվել Կ. Այվազյանի ինքնասպանությունը։

Ա. Սարգսյանի և Ռ. Հովհաննիսյանի ծնողները բողոքարկել են քննիչի որոշումը զինվորական դատախազին` պատճառաբանելով, որ միջադեպի հետաքննությունը եղել է ոչ ամբողջական: Մասնավորապես, թեև պարզվել էր, որ մահացած զինծառայողները դեպքի պահին եղել են ոչ սթափ վիճակում, սակայն նախաքննական մարմնին չի հաջողվել պարզաբանել, թե զինվորական հերթապահության ժամանակ, որ պահից և ինչպես են ալկոհոլ օգտագործել և պարզել, թե ինչպես են նրանք ձեռք բերել ալկոհոլը:

Զինվորական դատախազը մերժել է ծնողների բողոքը: Վերջիններս այն վիճարկել են դատական կարգով: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը ևս մերժել է բողոքը՝ բերելով նույնատիպ փաստարկներ, ինչ քննիչը:

Վերաքննիչ դատարանը ևս մերժել է մահացած ծնողների բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ վարույթ չի ընդունել, ինչից հետո դիմել են Եվրոպական դատարան:

ՄԻԵԴ-ին Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննությունը եղել է անկախ և անաչառ: Պնդել է, որ դիմումատուները երբևէ չեն պահանջել որևէ կոնկրետ հետաքննական միջոցառման իրականացում` անհամապատասխանությունները վերացնելու համար, որոնք, նրանց կարծիքով, խաթարել են հետաքննության արդյունավետությունը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ արդյունավետ հետաքննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորություն է: Իշխանությունները պետք է ձեռնարկեն ողջամիտ միջոցներ, որոնք հասանելի են նրանց՝ խնդրո առարկա միջադեպի վերաբերյալ ապացույցներ ապահովելու համար, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական ապացույցները և, անհրաժեշտության դեպքում, դիահերձումը, որը տրամադրում է վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկեր և կլինիկական արդյունքների օբյեկտիվ վերլուծություն, ներառյալ մահվան պատճառը: 

Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը շարունակել է, որ հետաքննության արդյունավետությունը չի կարող գնահատվել պարզապես կատարված հաղորդումների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների քանակի հիման վրա: Հետաքննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա։ 

ՄԻԵԴ-ը նշել է, որ բացահայտված չէ, թե ինչպես և ինչ հանգամանքներում են սպանված զինծառայողների վրա առաջացել ոչ հրազենային վնասվածքները: Բացի այդ, անդրադարձել է այն հանգամանքին, որ ՄԻԵԴ դիմած ծնողներն իրենց ներպետական բողոքներում և Դատարանի առջև բարձրացրել են այլ հարցեր, որոնք վերաբերում էին, օրինակ, թե ինչ հանգամանքներում է ավագ լեյտենանտ Վ.Թադևոսյանը շփվել ատրճանակի հետ կամ կրակել, ինչպես նաև Կ.Այվազյանի զորակոչի ընթացակարգի ուսումնասիրությանը՝ ներառյալ Միացյալ Նահանգներում նրա հանցավոր անցյալի հետ կապված հարցերը: 

Հետաքննության լուրջ թերությունները բավարար են, որպեսզի այն լրջորեն կասկածի տակ դնի ներպետական քրեական հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը: Հետևաբար, ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության պատճառով) հոդվածների խախտում՝ կառավարությանը պարտավորեցնելով դիմումատու ծնողներին վճարելու 30 հազ. եվրոյի չափով փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի համար:

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter