HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Պատերազմին նախորդում է տեղեկատվական պատերազմը․ որքանո՞վ է սա իրական Հայաստան-Ադրբեջան հակամարտության դեպքում

Հայաստանի հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաճախակի հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները, ուրեմն նոր ռազմական գործողությունների վտանգ կա: Ադրբեջանը հիմնականում հայտարարում է, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը հերքում է դրանք։ «Հետք»-ը փորձեց տվյալների միջոցով հասկանալ՝ արդյոք մինչեւ ռազմական գործողությունները Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է սկսում, թե դա միայն կարծիք է և չունի փաստական հիմնավորում։

Ուսումնասիրել ենք 2021, 2022 և 2023 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակումները, որոնցից առանձնացրել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հերքող հաղորդագրությունները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքումներն ավելի համակարգված ձեւով է անում 2022 թվականից սկսած։ Եթե 2021-ին դրանց թիվը յոթն է և ոչ այնքան հստակ, ապա 2022 և 2023 թվականներին  դրանց թիվն աճել է, փոխվել է նաեւ հերքման  ձևը։ Եթե 2021 թվականին ոչ բոլոր հաղորդագրություններում էր գրվում հստակ՝ որ հայտարարությունն է հերքվում, ապա 2022 և 2023 թվականների ընթացքում դրանք հստակ են, քանի որ նշվում է, թե ադրբեջանական կողմի որ և ինչ բովանդակություն պարունակող հայտարարությունն է հերքվում։

Այն համոզմունքը, թե ռազմական գործողություններից առաջ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կարելի է որոշակի վերապահումով օբյեկտիվ համարել՝ դրանք տվյալների վերածելով։

2022 թվական

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե 2022 թվականին հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հերքող քանի հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

2022 թվականի ընթացքում հերքող հաղորդագրությունների բաշխվածությունը հիմնականում անկանոն է, բացի սեպտեմբեր ամսից։ 2022 թվականի սեպտեմբերին հաղորդագրությունների թիվը 14 է, որոնցից 13-ը եղել են մինչեւ սեպտեմբերի 14-ը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այս ամենին հաջորդել է 2022-ի սեպտեմբերի 13-ի՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակումը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

2022-ին սահմանային հրադադարի խախտման դեպքեր եղել են նաև մյուս ամիսներին, բայց հերքող հաղորդագրությունների և դրանց միջեւ կապ տեսնելը բարդ է, քանի որ հաղորդագրությունները հիմնականում անկանոն են բաշխված ամիսների մեջ։

2023 թվական

2023-ին հերքող հաղորդագրությունների բաշխվածությունը ամիսների միջև կարելի է տեսնել ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

2023-ի ընթացքում դրանց բաշխվածությունը ավելի հստակ է։ Հերքող հաղորդագրություններից 44-ը կամ 60%-ը եղել են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, որին հաջորդել է հարձակումը Արցախի վրա։ 2023-ին փոխվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «ձեռագիրը», քանի որ հունիսից սկսած՝ այդ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը կեղծ հայտարարություններով տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։ 

Ինչպես 2022-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից առաջ էր ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հերքող հաղորդագրություններ տարածում, այդպես էլ 2023-ի սեպտեմբերին՝ մինչ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Արցախի վրա։ Այս պարագայում դրանց քանակը և օրերի մեջ բաշխվածությունն ավելի մեծ է։ 

Ինչպես կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում, սեպտեմբերի 1-19-ը հերքող հաղորդագրութուններ եղել են գրեթե ամեն օր, իսկ դրանց ընդհանուր թիվը 26 է։ Օրինակ՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը չորս անգամ հերքող հաղորդագրություններ է տարածել։ Դրանց թիվը մեծ է նաև օգոստոսին՝ 18 անգամ։ Ստացվում է՝ մինչ Ադրբեջանի զինված ուժերի Արցախի վրա հարձակմանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը նախորդող գրեթե երկու ամիսների ընթացքում 44 հաղորդագրություն է տարածել, որոնցով հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները։ Այդ հայտարարությունները այն մասին էին, որ ՀՀ զիված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հերքող հաղորդագրությունները չեն վերաբերում միայն հրադադարի ռեժիմի խախտմանը։ Մինչ գործողությունների մեկնարկը՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը զորք և ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի հետ սահմանին։ Դրանից առաջ՝ օգոստոսի 18-ին, ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե Հայաստանը զորք և ռազմական տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին, որը հերքվել էր ՀՀ ՊՆ-ի կողմից։ 

Մեթոդաբանություն

Տվյալները հավաքագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կայքից՝ Python ծրագրավորման լեզվի կիրառմամբ, քանի որ մեր փնտրած տվյալները չեն գտնվել այլ աղբյուրներում։ Ստացել և մշակել ենք 2880 հաղորդագրություն՝ հրապարակված 2021, 2022 և 2023 թվականներին։ Որպես բանալի բառեր օգտագործել ենք «Չի համապատասխանում» և «Ապատեղեկատվություն» բառերը, որպեսզի առանձնացնենք այն հրապարակումները, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններն այն մասին, թե ՀՀ զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը։ Առանձնացված հոդվածները ստուգվել են՝ կրկնությունից խուսափելու համար։ Տվյալները հավաքագրվել են 2023-ի հոկտեմբերի 10-ին։ 

Գլխավոր նկարը՝ ՀՀ ՊՆ տեսանյութից, 13․09․2022թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter