
Ժան Ռենուար. «Մեծ պատրանք»
Իրենց ճանապարհը հարթած, ճանաչված արվեստագետների որդիների համար դժվար է լինում ընտրել սեփական ուղին. միշտ կա վտանգ` մնալ իրենցից մեծի ստվերում: 1894թ.-ին ֆրանսիացի 53-ամյա գեղանկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարը հայտնի վարպետ էր ամբողջ աշխարհում: Այդ տարի ծնվեց նրա 3 որդիներից միջնեկը՝ Ժանը: Եթե հոր արարման տիրույթը կտավն էր, ապա որդու համար այն դառնալու էր շարժական պատկերները էկրանի վրա՝ կինոն, եթե հայր Ռենուարը իմպրեսիոնիստ էր, որդին լինելու էր ավանգարդիստ:
Հոր և որդու կյանքում կար ճակատագրական կերպար, մուսա, որը հանդիպեց գեղանկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի կյանքի մայրամուտում, իսկ որդու` ապագա ռեժիսոր Ժան Ռենուարի ստեղծագործական կյանքի սկզբում:
Կատրին Գեսլինգը (Դեդե) երիտասարդ մոդել, դերասանուհի էր, որը բնորդուհի և մուսա էր Պիեռ-Օգյուստ Ռենուարի համար, հետո դարձավ անբաժան ընկեր տարեց, առողջական խնդիրներ ունեցեղ, բայց մինչև վերջին շունչը նկարող վարպետի համար:
1919թ.-ին աշխարհահռչակ նկարիչը մահանում է 78 տարեկան հասակում, նույն թվականին Դեդեն և Ժանը ամուսնանում են: Ռեժիսոր Ռենուարի մուտքը կինոաշխարհ ամբողջովին կապված էր կնոջ` մուսայի՝ դերասանուհի Կատրին Գեսլինգի հետ: Նա Ժան Ռենուարի առաջին համր ֆիլմերի գլխավոր հերոսուհին էր. «Ջրերի դուստրը» (1924 թ.), «Նանա» (1926 թ., ըստ Զոլայի), «Լուցկու փոքրիկ վաճառողուհին» (1928 թ., ըստ Անդերսենի): Ռեժիսորը մեծ ճանաչում է ստանում իր հնչյունային ֆիլմերով, որտեղ կինը գնալով դերեր չի ստանում, ինչն էլ դառնում է նրանց բաժանման պատճառը: Հետագայում ռեժիսորը իր հարցազրույցներում միշտ նշում էր, որ կինոյում հաջողությունների համար պարտական է իր առաջին կնոջը:
Ժան Ռենուարը իր ֆիլմերում տալիս է ֆրանսիական հասարակական կյանքի ռեալիստական նկարագիրը և անվերապահ սերը մարդկության նկատմամբ:
«Միակ բանը, որ կարող էի բերել այս դաժան և անտրամաբանական աշխարհին, իմ սերն էր…»,- հարցազրույցներից մեկում ասել է աշխարհահռչակ ռեժիսորը: Ռենուարից սովորել և ոգեշնչվել են այնպիսի լեգենդար ռեժիսորներ, ինչպիսիք են` Օրսոն Ուելսը, Ինգմար Բերգմանը: Նրա «Մեծ պատրանք» (1937) և «Խաղի կանոնները» (1939) ֆիլմերը ներառված են բոլոր ժամանակների լավագույն կինոնկարների ցանկում:
Դերասան Ժան Գաբենի մասնակցությամբ «Մեծ պատրանք» ֆիլմը պոետական ռեալիզմ է: Առաջին համաշխարհային պատերազմի միջով անցած, վիրավորում ստացած ռեժիսորը իր ֆիլմում պատմում է պատերազմի ընթացքում գերմանացիների մոտ ֆրանսիացի սպաների գերության, ազգային, դասակարգային հարաբերությունների մասին: Պատերազմի ամբողջ տառապանքների միջով անցած Ֆիլմի հերոսը վերջում մտորում է, որ մարդկությունն էլ երբեք չի մտնի պատերազմի մեջ, որին ընկերը պատասխանում է. «մեծ պատրանք է»:
Ժան Ռենուարի «Մեծ պատրանք» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 24 -ին` ժամը 19:00-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում (Տերյան 72, Երևան): Մուտքն ազատ է:
Ֆիլմը կցուցադրվի ֆրանսերենով` հայերեն և անգլերեն ենթագրերով: Այն ցուցադրվում է Ֆրանսիայի դեսպանատան/Ֆրանսիական ինստիտուտի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ազգային գրադարանում ֆրանսիական կինոյին նվիրված «Սինե-ակումբը» երկու շաբաթը մեկ հանդիսատեսին ներկայացնում է ֆրանսիական կինոյի լայն համայնապատկեր՝ 1930-ականներից առ այսօր:
Գլխավոր լուսանկարում` Լենսի Բերնարդի կողմից 1937թ.-ին արված «Մեծ պատրանք» ֆիլմի համար պաստառը:
Մեկնաբանել