
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վաղը պաշտոնական Փարիզն ու Երեւանը պաշտպանական նշանակության ռազմական մատակարարոււմների պայմանագիր կստորագրեն, որը, Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարի խոսքով, Հայաստանին «թույլ կտա» պաշտպանել իր երկինքը։
Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 3-ին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի՝ Հայաստան այցի ժամանակ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարեց, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։
Մեկնաբանել