HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթիկի համայնքապետարանը 370 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի ղեկավարած ընկերության հետ

Արթիկի համայնքապետարանը 2023թ․ սեպտեմբերի 12-ին 370 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ, որի տնօրեն Արտակ Ռափյանն Արթիկի ավագանու անդամ է, իսկ նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել համայնքապետարանում, այդ թվում՝ գնումների համակարգման ոլորտում։

Արթիկի համայնքապետարանի և «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարել Արթիկի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների շենքերի վերանորոգման, տարածքների բարեկարգման, խաղահրապարակների և պարիսպների կառուցման աշխատանքները, որոնք պետք է կատարվեն մինչև տարեվերջ։ 

«Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ինչպես արդեն նշեցինք, ընկերության տնօրենը Արթիկի ավագանու անդամ Արտակ Ռափյանն է։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը նրա եղբայրն է՝ Պավլիկ Ռափյանը։ Հարկ է նշել նաև, որ ընկերության նախկին սեփականատերերից Արթուր Աստոյանը նույնպես Արթիկի ավագանու անդամ է։

Ինչ վերաբերում է Արտակ Ռափյանին, ապա նա մինչև ավագանու անդամ դառնալը, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել համայնքի աշխատակազմում։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության՝ նա 2015-16 թվականներին եղել է գնումների համակարգող, իսկ 2016-2019 թթ․՝ ֆինանսական բաժնի պետ։ Այսինքն ստացվում է, որ անմիջական ազդեցություն է ունեցել համայնքի գնումների կազմակերպման գործընթացում։ Իսկ այժմ նրա ղեկավարած ընկերությունը խոշոր գումարի պայմանագիր է կնքում համայնքապետարանի հետ։

«Հետքի» հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե այստեղ շահերի բախում չի՞ տեսնում, Արտակ Ռափյանը նշեց, որ գնումն իրականացվել է մրցութային կարգով և անցել է մրցակցային պայմաններում, իսկ իրենց ընկերությունը հաղթել է մրցույթում, քանի որ մասնակիցների մեջ ամենացածր գինն է առաջարկել։ Գնման գործընթացում, ըստ Արտակ Ռափյանի, գնումների ամբողջ օրենսդրությունը պահնապվել է։ 

Մեր դիտարկմանը, որ հանդիսանալով համայնքային իշխանության ներկայացուցիչ և նախկինում նաև գնումները համակարգող պաշտոնյա, արդյոք իր ազդեցությունը չէ՞ր կարող դեր ունենալ, որ հենց իր ղեկավարած ընկերությունը հաղթի մրցությում, Արտակ Ռափյանը նշեց հետևյալը․

«Ես չգիտեմ՝ դա օրենքի տեսանկյունից համարվու՞մ է շահերի բախում, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում, մենք օրենքում նման բան չենք տեսել, որը կսահմանափակեր մեր մասնակցության իրավունքը այս մրցույթին։ Հիմա ինչ անենք, որ այս մրցույթում հաղթել ենք։ Շատ մրցույթների էլ մասնակցել ենք, բայց չենք կարողացել հաղթել։ Խնդիրն ինչու՞մն է, եթե գնումների օրենսդրությունը հստակ ընթացակարգ է սահմանել։ Դրա համար հանձնաժողով է աշխատում, հանձնաժողովը գնահատում է՝ այս կամ այն կազմակերպությանը ճանաչում է հաղթող։ Այս պարագայում մեր առաջարկած պայմաններն է եղել պատվիրատուին հարմար»։

Նշենք, որ «շահերի բախում» հասկացությունը սահմանվում է Հանրային ծառայության մասին օրենքով։

33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

Հավելենք նաև, որ ըստ պետական գնումների armeps.am հարթակի՝ «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պետական և համայնքային տարբեր կառույցների հետ կնքել է ընդհանուր 8 գնման պայմանագիր։ Պատվիրատուների թվում բացի Արթիկի համայնքապետարանից եղել են նաև Շիրակի մարզպետարանը, Դատական դեպարտամենտն ու Արթիկի բժշկական կենտրոնը։ Սակայն գումարային առումով դրանցից ոչ մեկը համեմատելի չէ Արթիկի համայնքապետարանի հետ այս տարվա սեպտեմբերի 12-ին կնքված 370 մլն դրամ արժեցող պայմանագրի հետ։

Գլխավոր լուսանկարը՝ Արթիկի համայնքապետարանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter