HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին «Թումոյում», բայց ոչ Արցախի

«Արցախում շրջափակման օրերին ամուսնանալն էլ իր առավելություններն ուներ»,- կատակում են Ստեփանակերտում օգոստոսին ամուսնացած Դիանա Բալուղյանն ու Արայիկ Պետրոսյանը: Որպես հարսանեկան նվեր՝ բարեկամները և հարազատները նրանց տվել են ձեթ, լվացքի փոշի և այլ ապրանքներ: 

Երիտասարդ ամուսինները աշխատում էին Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում՝ որպես դասընթացավարներ. Դիանան լուսանկարչության դասընթացավար էր, Արայիկը՝ երաժշտության: Թեև շրջափակման օրերը դժվար էին՝  նրանք կարոտով են հիշում. կարևորը Արցախում էին: Արայիկն ասում է՝ տեսնելով հացի հերթը՝ մի օր Դիանայի հետ որոշել են այլևս հաց չառնել և չուտել, քանի որ բազմազավակ շատ ընտանիքներ կային, որոնց, ըստ Արայիկի, ավելի անհրաժեշտ էր հացը։ «Բայց սոված չէինք մնում»,- ասում է նա: 

«Թումո» կենտրոնը նրանք բնութագրում են որպես համախմբվելու մի վայր, որտեղ կարեկցանք ու սեր է եղել միմյանց հանդեպ: Ասում են՝ շրջափակման օրերին հաճախ է պատահել, որ ցանկություն չունենան աշխատանքի գնալու, բայց երբ իմացել են, որ, օրինակ, Խաչմաչ գյուղից մի երեխա եկել, հասել է Ստեփանակերտ, որ մասնակցի դասին, նրանց մոտիվացիան կրկնապատկվել է:

Քանի որ տեղաշարժման խնդիր է եղել, շատ երեխաներ չեն կարողացել հասնել Ստեփանակերտ: Որոշները ոտքով են եկել, մյուսները այլ միջոցներ են գտել, բայց հաճախումների թիվը զգալի կրճատվել էր: Շրջափակման ողջ ընթացքում կենտրոնը, թեև դժվարությունների, ոչ մի օր չի դադարեցրել աշխատանքը։ Չեն աշխատել սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման օրը, և դրանից հետո: Արայիկն ու Դիանան տանն են եղել, երբ պայթյունների ձայներ են լսել:

Վերջին անգամ «Թումո» կենտրոն գնալիս տեսել են, որ համակարգիչներն անջատված են, լարերը կտրված, Արայիկը զանգել է Ստեփանակերտի «Թումոյի» տնօրեն Խաչատուր Հայրապետյանին, որ շրջափակման պատճառով Երևանում էր մնացել: Ցանկացել է իմանալ՝ ով է «Թումոն» նման վիճակի հասցրել, ինչու են այդպես վարվել: Հետո պարզ է դարձել, որ այդ կերպ սերվերներն են ոչնչացրել, որ որևէ ինֆորմացիայի հասանելիություն չունենա թշնամին։ Արայիկը նույնիսկ այդ պահին չի ցանկացել հավատալ, որ վերջին անգամ է «Թումոյում»։

Ասում է՝ շատ դժվար է այդ մասին խոսելը: Հիշում է իր ձեռքերով կառուցած տունը: Ասում է՝ տան դուռը բաց է թողել, որ եթե անգամ իրենց գնալուց հետո որևէ մեկը մտնի, չջարդի դուռը: Արայիկը հույս ունի, որ մի օր կվերադառնան:

Արցախից ընտանիքով դուրս են եկել սեպտեմբերի 25-ին և 34 ժամ անց հասել Կոռնիձոր, որտեղ նրանց դիմավորել են «Թումոյի» աշխատակիցները ու ուղեկցել Գյումրի՝ ապահովելով կացարանով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Այժմ «Թումոյի» տրամադրած տանը բնակվում են Արայիկը և Դիանան, Արայիկի ծնողները, քեռին՝ իր ընտանիքով:

Ինչպես մյուս բոլոր աշխատակիցները, այնպես էլ նրանք «Թումո» կենտրոնից առաջարկ են ստացել աշխատանքը շարունակելու Հայաստանում: Երիտասարդ ամուսիններն ընդունել են առաջարկը և նոյեմբեր ամսից պատրաստվում են դասավանդել Գյումրու «Թումո» կենտրոնում: Դիանան ասում է՝ Գյումրին հանգիստ վայր է, հնարավորություն է տալիս իրենց հանգստանալ, քիչ-քիչ հավաքել մտքերը, գիտակցել կատարվածը և մտածել հետագայի մասին՝ թեև Արայիկի հետ պայմանավորվել են այլևս ոչինչ չպլանավորել: 

Մանրամասները՝ տեսանյութում

«Թումոյի» հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը «Հետք»-ին հայտնեց, որ կենտրոնն Արցախից բռնի տեղահանվածների համար մի շարք ծրագրեր է իրականացնում։ Դրանց մի մասը վերաբերում են «Թումոյի» Ստեփանակերտի աշխատակիցներին և ուսանողներին, իսկ մյուս մասը՝ Արցախից  բոլոր բռնի տեղահանվածներին։

Արցախը եղել է առաջինը, որը ամբողջությամբ ապահովված է եղել «Թումոյի» ծրագրով։ Այսինքն՝ Արցախի բոլոր բնակավայրերի պատանիների համար «Թումոն» հասանելի է եղել։ Բացի Ստեփանակերտի կենտրոնից՝ 3 «Թումո տուփեր» են եղել Արցախում՝ Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Արցախում «Թումո» կենտրոն էր հաճախում ընդհանուր 2000 պատանի, իսկ աշխատակիցների քանակը 25 էր։

Բուդաղյանի խոսքով՝ պլաններ ունեին նաև Կարմիր Շուկայում բացել «Թումո տուփ», ինչը ցավոք, իրականություն չեն կարող դարձնել։ «Մեծ նախապատվություն ենք միշտ տվել Արցախին»,- ասում է նա։

Զառա Բուդաղյանն ասում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում առաջին նպատակը եղել է իրենց թիմի՝ ապահով Հայաստան տեղափոխվելն ու նրանց աջակցելը։

«Թումոն» մարզերում դասընթացավարների համար նախատեսված տները տրամադրել է իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին՝ մոտ 125 անձի։ Զառա Բուդաղյանի խոսքով՝  վարձակալությամբ ևս տներ են տրամադրել, որ բոլորին կեցությամբ ապահովեն։

Կոռնիձորում «Թումոյի» աշխատակիցները դիմավորել են իրենց գործընկերներին և անմիջապես տեղափոխել բնակարաններ։ Բուդաղյանն ասում է՝ առաջիկա 4-5 ամսիներին «Թումոն» կշարունակի հոգալ նրանց կեցության և այլ հարցեր։ «Պարտադիր կերպով բոլորը՝ 25 հոգին, առաջարկ են ստացել «Թումոյից» Հայաստանում գտնվող այլ կենտրոններում, տուփերում աշխատանքի տեղավորվելու»,- ասում է նա՝ հավելելով, որ արդեն իսկ շատերն անցել են աշխատանքի։

Ստեփանակերտի «Թումոյի» ուսանողները հնարավորություն ունեն դիմել իրենց բնակությանը մոտ վայրում գտնվող «Թումո» կենտրոն և շարունակել ուսումը։

Նա նշեց, որ իրենց աշխատակիցները կարողացել են Հայաստան բերել միայն մի քանի համակարգիչ եւ լուսանկարչական ապարատներ։ Իսկ աշխատակիցների և ուսանողների անձնական տվյալներ պարունակող բոլոր տեղեկությունները ոչնչացրել են։

Այժմ Արցախի ուսանողների տվյալների հավաքագրում են իրականացնում և եթե տեսնեն, որ Հայաստանի որևէ շրջանում մեծաթիվ ուսանողներ են վերաբնակվել, սակայն մոտակայքում չկա Թումո կենտրոն կամ տուփ, այդ ուղղությամբ կաշխատեն և տվյալ  շրջանում գուցե նոր տուփ կամ կենտրոն բացեն։

Զառա Բուդաղյանն ասում է՝ իրենց ուշադրության կենտրոնում են ոչ միայն պատանիները, այլև երիտասարդները։ Նա պատմեց «42 ծրագրավորման միջազգային դպրոցի» մասին։ Այն ծրագրավորման ոլորտում անվճար կրթություն է տալիս մասնակիցներին և նախատեսված է 18 տարեկանից բարձր երիտասարդների համար։ Նրանք արցախցի երիտասարդների համար նոր փուլ են բացել և ընդունելությունը հնարավորինս հեշտացրել, անցած շաբաթվա դրությամբ՝ 12 արցախցի երիտասարդից հայտադիմում են ստացել։ 

Հաջորդ ծրագիրն էլ «Թումո ակադիմիան» էր, որը հնարավորություն էր տալիս սովորել և դառնալ «Թումոյի» դասընթացավարներ և մարզիչներ։ Իսկ կրթության ընթացքում մասնակիցներին տրամադրվում է կրթաթոշակ։ Այս ծրագրի ընդունելությունն արդեն փակ է եղել, սակայն արցախցիների համար կրկին բացվել է նոր փուլ և անցնող շաբաթվա դրությամբ՝ արցախցիներից ստացել էին 250 հայտադիմում։ 

«Թումո ստուդիաներ» ծրագիրն էլ առավելապես արցախցի կանանց համար է, կենտրոնը ձեռագործ աշխատանքներ է պատվիրելու նրանց, նյութերը տրամադրելու է և աշխատանքի դիմաց վճարելու։ Վերջին տվյալներով՝ այս ծրագրի համար ստացել են շուրջ 80 հայտադիմում։

Եվս մեկ մեծ նախաձեռնություն՝ «Թումոն Արցախի պատանիների համար», նախատեսված է 2020 թվականից և վերջին տեղահանումից հետո Արցախից Հայաստան եկած 12-18 տարեկան բոլոր պատաներիների համար: «Հավաքագրելու ենք նրանց տվյալները, իրականացնելու ենք կարիքների գնահատում, համագործակցելու ենք պետական և մասնավոր կառույցների հետ և փորձելու ենք ուղղորդել պատանիներին հնարավոր աջակցությունն ու օգնությունը ստանալ, որոնց կարիքը ունեն իրենք»,- ասում է Բուդաղյանը՝ նշելով, որ Թումոն միջնորդի դեր է ստանձնում։ Ծրագրի շրջանակում նաև դրամահավաք են իրականացնելու և հավաքագրված միջոցները տրվելու են ծառայություններ մատուցող կազմակերպությունների: 

Գլխավոր լուսանկարում՝ Դիանա Բալուղյանն ու Արայիկ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter