HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ալեն Սիմոնյանի որդու քավորի ընկերությանը խախտումով է շինթույլտվություն տրվել

Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել։ Փաստն արձանագրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի հիման վրա վարչական վարույթ է սկսել։

Այս տարվա հուլիսին «Հետքը» գրեց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած կնքահոր՝ Էդգար Ավագյանի մասնակցությամբ 40-50 մլն դոլար գնահատված համալիրի կառուցման մասին։ Մենք պարզել էինք, որ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինթույլտվություն տվել էր խախտումներով։ Համայնքապետը չէր սպասել փորձաքննությունների եզրակացությանը և օրենքի խախտմամբ շինարարության թույլտվություն էր տրամադրել, դրանով հնարավորություն էր տվել կառուցապատողներին ժամանակից շուտ սկսել շինարարությունը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինարարության թույլտվությունը տրամադրել է առանց ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացության։ Ավելին, մեր հարցումից հետո նախաձեռնված ստուգման արդյունքում տեսչական մարմինը համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված ևս մեկ խախտում է հայտնաբերել։ Ծաղկաձորի համայնքապետը նույն կառուցապատման աշխատանքային նախագիծը հաստատել է նախագծման թույլտվության պահանջի խախտումով։

Տեսչական մարմնում արձանագրված 2 խախտման հիմքով վարչական վարույթ են սկսել, որի ավարտին, եթե չհերքվի նախնական արձանագրությունը, ապա Ծաղկաձորի համայնքապետը կարող է տուգանվել 300 հազար դրամի չափով։ Ծաղկաձորի համայնքապետն այս կառուցապատման նախագծի իրականցման ժամանակ մեկ անգամ արդեն տուգանվել է։ Տեսչական մարմինը 200 հազար դրամով տուգանել էր Նարեկ Հարությունյանին, քանի որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի տարածքում քանդման աշխատանքներ են իրականացվել առանց «քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագծի»։

Տեսչական մարմինը Ծաղկաձորի քաղաքապետարանում ստուգումներ իրականացրել էր նաև 2022 թ.-ի դեկտեմբերին, սակայն չէր հայտնաբերել խախտումներով տրված շինթույլտվությունը։ Այս դրվագին տեսչական մարմնում այլևս չեն անդրադարձել։ 

Գրավոր հարցմամբ դիմել էինք նաև գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք ԱԺ նախագահի հետ փոխկապակցված անձի կողմից իրականացվող կառուցապատման բիզնեսի վերաբերյալ մեր հրապարակումն ուսումնասիրվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Դավիթ Զիլֆիմյանը դեռևս օգոստոս ամսին գրավոր հայտնել է, որ նշված հրապարակումը դատախազությունում չի ուսումնասիրվել (Դատախազություն լրացուցիչ հարցում ենք ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես կհրապարկենք)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter