HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովն ու Լավրովը քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները նաև քննարկել են «3+3» տարածաշրջանային ձևաչափը, պայմանավորվել շարունակել աշխատանքն այդ հարթակի առաջխաղացման ուղղությամբ։

«Բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23-ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ձևաչափի առաջմղման հետագա ռիթմիկ աշխատանքը։ Հաստատվել է 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները ու ընդհանուր օրակարգի մի շարք հարցեր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել էր «3+3» ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպումը, որն այս անգամ ընթանում էր ԱԳ նախարարների մակարդակով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ հարթակի աշխատանքներին մասնակցելու են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Վրացական կողմը, սակայն, այս անգամ ևս չէր մասնակցում՝ պնդելով, որ պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է։  

Նույն հարթակի շրջանակներում Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter