HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը վարույթ չի ընդունում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին վերաբերող դատախազության հայցադիմումները

Վարչական դատարանն իրար հետևից վերադարձնում կամ վարույթ չի ընդունում Գլխավոր դատախազության՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամների անունով գրանցված հողատարածքների ձեռքբերման օրինականությանը վերաբերող հայցադիմումները:

«Հետքը» գրել էր, որ Գլխավոր դատախազությունը Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը:

Մխչյան համայնքի ղեկավարի 24.09.2004թ. թիվ 87/3 որոշումով 9 հա հող է վաճառվել Արգամ Աբրահամյանին: Գլխավոր դատախազությունը պահանջում է վերացնել այդ որոշումը և հետևանքներն անվավեր ճանաչել: Գլխավոր դատախազության հայցադիմումը վարչական դատարանը վարույթ չի ընդունել և բաց թողած ժամկետը հարգելի չի ճանաչել:

Նույնը վերաբերում է թիվ 87/5 որոշումը վերացնելու և հետևանքներն անվավեր ճանաչելու դատախազության պահանջին: Այս դեպքում Արգամ Աբրահամյանին օտարվել է 8.9 հա հողատարածք: Այս հայցադիմումը վարչական դատարանը նույնպես վարույթ չի ընդունել:

Նարեկ համայնքի ղեկավարի 30․10․2001թ. որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումի ընդունումը ևս մերժվել է: Ըստ այդ որոշման՝ Նարեկ համայնքի ղեկավարը Արտաշատի «Վինկո» ՓԲԸ-ին վաճառել է 120 հա հողամաս:

Նշենք, որ «Արտաշատ Վինկոնի» հիմնադիրը եղել է «Հովհաննես-Ջ» ՓԲԸ-ն, որը պատկանել է Արգամի հորեղբորն ու հորեղբոր որդուն՝ Հենրիկ եւ Արմեն Աբրահամյաններին: Վերջինս 2000թ. դուրս է եկել «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ից, իսկ 2012թ. նաեւ Հենրիկ Աբրահամյանն է լքել, փոխարենը վերջինիս որդու՝ Հովհաննես Աբրահամյանի հետ 2012թ. հուլիսից ընկերության բաժնետեր է դարձել Արգամ Աբրահամյանը:

Մերժվել է նաև Մխչյանի համայնքապետի՝ 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ հողամաս Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին օտարելու վերաբերյալ գործարքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումի ընդունումը:

Հայցադիմումների հետ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարանին խնդրել է հարգելի համարել հայց հարուցելու դատավարական ժամկետի բաց թողումը այն հիմնավորմամբ, որ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը Դատախազությանը վերապահվել է 06.04.2023թ. ուժի մեջ մտած «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով։

Հայցադիմումները վերադարձնելու կամ վարույթ չընդունելու որոշուներով վարչական դատարանը պատճառաբանել է, որ «համայնքային շահ» հասկացությունը ներառում է «պետական շահ» հասկացության մեջ: Այսինքն՝ քննարկվող օրենսդրական փոփոխություններով բովանդակային առումով լիազորության փոփոխություն կամ ավելացում տեղի չի ունեցել, այլ պարզապես կատարվել է լրացում՝ «պետություն» բառից հետո ավելացնելով «համայնք» բառը: Այլ կերպ ասած՝ կատարված օրենսդրական փոփոխություններով, ըստ դատարանի՝ կատարվել է հստակեցում, որը չի հանգեցրել լիազորությունների ծավալի փոփոխության: Այս պայմաններում դատախազությունը պետական, ներառյալ նաև՝ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու հնարավորություն ունեցել է դեռևս առնվազն 09.04.2018թ.-ից:

Հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու կամ վերադարձնելու բոլոր որոշումների դեմ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել: Բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են՝ բացառությամբ մեկի: Դատախազությունը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոքներ, որոնց վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել:

Դատախազության հայցադիմումները նույնատիպ են և վերաբերում են գրեթե նույն ժամանակահատվածին, հետևաբար պետք է ունենային իրավական նույն հիմնավորումը՝ մերժելու կամ վարույթ ընդունելու վերաբերյալ, այնինչ մեկ հայցադիմում վարույթ է ընդունվել, մյուսները՝ մերժվել: Մասնավորապես՝ վարույթ է ընդունվել Մխչյանի համայնքապետի 2004թ. սեպտեմբերի 24-ի թիվ 87/1 որոշումը, որով 8 հա հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արգամ Աբրահամյանին:

Մեկ այլ դեպքում, երբ դատախազությունը վիճարկում է Ա. Աբրահամյանին 5.6 հա հողի օտարման վերաբերյալ Մխչյան համայնքի ղեկավարի որոշումը, վարչական դատարանը վարույթ չէր ընդունել հայցադիմումը՝ բերելով նույն պատճառաբանությունը: Սակայն, վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, և վերացրել է հայցադիմումը վարույթ չընդունելու որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter