HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող մոտ 161 հա հողի օրինականությունը դատախազությունը վիճարկում է դատարանում

Գլխավոր դատախազությունը Արտաշատի համայնքապետի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Խոշորացումից հետո նշված գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ այդ իսկ պատճառով պահանջը ներկայացվել է Արտաշատի համայնքապետի դեմ:

Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուր 40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ հողամաս էլ օտարել է Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին:

Ինչպես «Հետքին» փոխանցում են Գլխավոր դատախազությունից՝ համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլի, արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք զբաղեցված են ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ, այլ օբյեկտներով:

2001թ. հոկտեմբերի 30-ին էլ նույն մարզի Նարեկի համայնքապետը 120 հա հողամաս օտարել է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Այդ հողամասը ներառում է արոտավայրեր, որոնք որպես ոչ օտարման ենթակա հողամասեր ընդգրկված են Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և ենթակա չեն օտարման:

Սակայն տարիների ընթացքում այդ հողամասերը դարձել են այգի: Տարածքում նույնիսկ փոքր ջրամբար է կառուցվել, որպեսզի այգիները պատշաճ ոռոգվեն:

Դեռևս 2014թ.-ին գրել ենք, որ Նարեկ գյուղում Աբրահամյանները հսկայական տարածքներ ունեն:

«Արտաշատ Վինկոնի» հիմնադիրը եղել է «Հովհաննես-Ջ» ՓԲԸ-ն, որը պատկանել է Արգամի հորեղբորն ու հորեղբոր որդուն՝ Հենրիկ եւ Արմեն Աբրահամյաններին: Վերջինս 2000թ. դուրս է եկել «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ից, իսկ 2012թ. նաեւ Հենրիկ Աբրահամյանն է լքել, փոխարենը վերջինիս որդու՝ Հովհաննես Աբրահամյանի հետ 2012թ. հուլիսից ընկերության բաժնետեր է դարձել Արգամ Աբրահամյանը: Նշենք, որ «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 138 միլիոն դրամ: Ընկերության տնօրենը երեւանաբնակ Հենրիկ Պապիկյանն է, իսկ մինչ այդ այն անձամբ ղեկավարել է Հենրիկ Աբրահամյանը:

Նարեկ գյուղը յուղոտ պատառ էր ոչ միայն Աբրահամյանների, այլև այդ տարիներին համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանի ընտանիքի համար: Սակայն, հաշվի առնելով նրա ու Աբրահամյանների կապերը՝ մնում էր անպատիժ:

Հիշեցնենք, որ Նարեկ և Քաղցրաշեն գյուղերում ոռոգման ցանցը անմխիթար վիճակում էր, եւ ջրի սակավություն կար: Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող հողերը թեև ոռոգվում էին այլ ցանցով, սակայն ջրի պակասությունը նաև նրանց էր վնասում: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. Կառավարությանը հատկացրել էր 30 մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով: Հայաստանի կառավարությունը ծրագիրը համաֆինանսավորել է 7,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ր դրամի չափով (ընդհանուր` 37,5 մլն ԱՄՆ դոլար): Համաձայն նշված ծրագրի` Ազատ գետը պետք է ինքնահոս ջուր ապահովեր Քաղցրաշենի եւ Նարեկ գյուղերի համար՝ ապահովելով նաեւ Աբրահամյանների հողերի անխափան ոռոգումը:

Գառնի և հարակից գյուղերի համառ պայքարի հետևանքով ծրագիրը չեղարկվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter