HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-2

Սկիզբը

Շարունակում ենք ներակայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում:  

Սուպերմարկետներ եւ հյուրանոցային համալիրներ 

«Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ Արտաշատ քաղաքի կենտրոնում մեծ սուպերմարկետ եւ բիզնես կենտրոն է կառուցում: Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը «Հետքին» տեղեկացրել է, որ քաղաքի Օգոստոս 23 փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 1200քմ եւ 977 քմ հողատարածքները 2010 եւ 2012 թվականներին աճուրդ վաճառքի կարգով օտարվել է «Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ին` համապատասխանաբար 6 մլն եւ 4.9 մլն դրամով: 2012թ. հենց այդ ընկերությանն էլ տրվել է այդ տարածքի շինթույլտվությունը: 

«Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն 100%-ով պատկանում է Արգամ Աբրահամյանին, իսկ տնօրենը նրա ազգական Գագիկ Պողոսյանն է: Կրտսեր Աբրահամյանը 43.5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատեր է դարձել 2011թ-ին:

«Աբովյան Սիթի»-ն Աբովյանում հայտնի է, որպես Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ: Իհարկե, քաղաքապետն այնտեղ մասնաբաժին ունի՝ ոչ իր անունով, բայց հիմնական դերակատարներից է նաեւ Արգամ Աբրահամյանը: Վերջինս 50/50 կիսել է «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ն Նոյեմզար Քալաջյանի հետ: Ն. Քալաջյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի կինն է, Աբովյանի քաղքապետ Կարապետ Գոլոյանի մայրը:  Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ.-ին: 

Մխչյան գյուղի «Մեծն Արգամի» ընկերության հարեւանությամբ է գտնվում վարչապետի տիկնոջ հաջորդ ընկերությունը՝ «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն: Այն երկհարկանի սուպերմարկետ է՝ առեւտրի տարբեր բաժիններով: Ընկերության հիմնադիրը դարձյալ Գագիկ Պողոսյանն է եղել: Նա ՍՊԸ-ի եկամուտները «վայելել» է մինչեւ 2014թ. ապրիլի 29-ը, դրանից հետո «Արտաշատ Սիթի»-ն ամբողջությամբ անցել է Ջուլիետա Աբրահամյանին: Վարչապետի տիկնոջ ընկերությունը ղեկավարում է Մխչյան գյուղի բնակիչ Ավագ Հովհաննիսյանը:

Այս ՍՊԸ-ի հարկերը թաքցնելու գործելաոճին «Հետքն» արդեն անդրադարձել է: «Հետքի» երեք լրագրողներ նույն օրվա տարբեր ժամերի այստեղ առեւտուր են արել, երկուսին ՀԴՄ կտոր չեն տվել, երրորդ լրագրողը պահանջել է ՀԴՄ կտրոնը, որից հետո վաճառողը հատկացրել է այն: 

Երեւանի կենտրոնում` Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող «Իմպերիում Պլազա» ՓԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալը կազմում է 1 միլիարդ 888 միլիոն 700 հազար դրամ (4,6 մլն դոլար): Ուշագրավ է, որ գործունեության հասցեն հստակ նշված չէ, այլ նկարագրված է` «Արտաշատ, Օգոստոսի 23-ի և Շահումյան փող. աջակողմյան խաչմերուկ»: 

Այդ տարածքում է գտնվում «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնը, որը հիմնադրվել է 2011-ին:  Կենտրոնը վարձակալությամբ տրամադրում է գրասենյակային տարածքներ` փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին:  

«Hotel National» հյուրանոցային համալիրը Երևանի Ամիրյան փողոցում

Արգամ Աբրահամյանին պատկանող այդ շենքի մի հատվածն էլ զբաղեցնում է նրա «Hotel National» հյուրանոցային համալիրը: Այս շենքը նախկինում պատկանում էր Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանին: Նրա մահից հետո (2009 թ. մահացել է ավտովթարից) շենքի սեփականատերը դարձավ Արգամ Աբրահամյանը:

Նույն՝ Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված  «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2014թ. փետրվարին: Այս ընկերության միակ սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, որն անձամբ է ղեկավարում այն՝  զբաղեցնելով տնօրենի պաշտոնը: 

«Իմպերիում Պլազա»-ի գրասենյակը Արտաշատի կենցաղի տունը

 

«Դալար Բարդի» ՍՊԸ-ին է պատկանում Արտաշատի կենցաղի տունը: 2012թ-ին ՍՊԸ-ի 100% սեփականատեր է դարձել Արգամ Աբրահամյանը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 31.3 միլիոն դրամ: «Դալար Բարդի» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը վստահվել է ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնուն՝ Ռոբերտ Գասպարյանին: 

Ռ. Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ ընկերության տնօրենն ինքն է,  սակայն նշեց, որ այս պահին որեւէ գործունեություն չի ծավալում: Ըստ Ռոբերտ Գասպարյանի` այդ ընկերությունով ցանկանում է բիզնեսով զբաղվել, սակայն դեռ չի որոշել, թե ինչ գործունեություն պետք է ծավալի: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե Աբրահամյաններին պատկանող քանի՞ ընկերության տնօրեն է կամ քանի՞սն է իր անունով գրանցված, Ռ. Գասպարյանի նյարդերը տեղի տվեցին. «Բայց ինչի պիտի ձեզ ասեմ, թե ես ինչ ունեմ, դուք ոչ քննիչ եք, ոչ ոստիկան, ինչի՞ պիտի ասեմ, թե ինչով եմ զբաղվում»:

Ռոբերտ Գասպարյանն սկզբում թաքցնում էր, որ իր կինը ազգակցական կապ ունի Աբրահամյանների հետ եւ հենց այդ պատճառով է իրեն վստահվել վերջիններիս պատկանող մի շարք ընկերությունների ղեկավարի պաշտոնը: Նա այդ ամենը կապում էր իր աշխատասիրության եւ ազնվության հետ, որը նկատել են Աբրահամյանները: Իսկ կնոջ ազգակցական լինելու գործոնի վերաբերյալ հարցին, Ռոբերտ Գասպարյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Փաստորեն դա էլ գիտեք…այո, իմ կինը Աբրահամյանների ազգականն է»: 

Վարչապետի որդին եւ մերձավորները` հանքարդյունաբերության ոլորտում 

«Ջուլի» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններով: 100 տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այս տարվա փետրվարի 4-ին «Ջուլի» ՍՊԸ-ին երկու տարի ժամկետով տրամադրել է թույլտվություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի Վայոց ձորի մարզի Ելփինի պղինձ-մոլիբդենային պաշարները: Նախկինում այս տարածքի օգտակար հանածոների ուսումնասիրությամբ զբաղվում էր Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Արգամիկ» ՍՊԸ-ն: 

«Արգամիկ» ՍՊԸ-ի տնտեսական գործունեության մեջ է մտնում հանքերի արդյունահանումն ու շահագործումը, քարերի մշակումը, ինչպես նաեւ ձկնաբուծությամբ զբաղվելը, կենցաղային եւ տրանսպորտային ծառայություններ մատուցելը եւ այլն: 

«Ջուլի» ՍՊԸ-ն նաեւ մանրածախ առեւտրով է զբաղվում եւ խանութներ ունի Արտաշատ եւ այլ համայնքներում: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ-ին եւ ամբողջությամբ պատկանում է վարչապետի որդուն` Արգամ Աբրահամյանին: Այս ընկերության տնօրենը ևս Ռոբերտ Գասպարյանն է:

Իսկ «Արգամիկ» ՍՊԸ-ի տնօրենը Արամ Օսիկյանն է, ով մեկ այլ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության` «Ասսաթ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է: Մինչ 2013թ. նա է եղել «Ասսաթի» տնօրենը: Այս ընկերությանը 2013թ. հունիսին տրամադրվել է Լոռու մարզի Քարաբերդի կենտրոնական տեղամասի ոսկու արդյունահանման թույլտվություն, իսկ 2004թ. ստացել էր Վայոց ձորի մարզի Կաքավասարի ոսկու հանքերևակման թույլտվություն:

Հովիկ Աբրահամյանի ու Արամ Օսիկյանի մտերմությունը տարիների պատմություն ունի եւ չի բացառվում, որ վարչապետը կամ իր մերձավորները կապ ունեն նաեւ «Ասսաթ» ՍՊԸ-ի հետ:

Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը եւս հանքարդյունաբերության նկատմամբ անտարբեր չէ: Նրան է պատկանում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի 30% բաժնեմասը: Մնացած բաժնեմասը կիսում են Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Խաչատուր Աղաջանյանը՝ 30% եւ երեւանաբնակ Հասմիկ Հակոբյանը՝ 40%: Ընկերությունը ղեկավարում է Մասիս քաղաքի բնակիչ Լեւոն Միքայելյանը: 

Այս ՍՊԸ-ին 2012թ. տրամադրվել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավազի հանքի արդյունահանման թույլտվություն: Նորամարգի համայնքապետ Սարգիս Գալստյանը փոխանցեց, որ համայնքապետարանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 12 հա հողի վարձակալության պայմանագիր, որից միայն 1 հա է օգտագործվում ավազի արդյունահանման նպատակով: 

«Ավազը հանում են ոչ թե հողից այլ գետից` Սեւջուր եւ Արազի վտակներից մեկի տարածքից: Ընկերությունը 12 հա-ի համար տարեկան վճարում է մոտ 200 հազար դրամ վարձավճար»,-ասում է Ս. Գալստյանը: 

Հենրիկ Աբրահամյանի որդին` Հովհաննես Աբրահամյանը եւս ավազի հանքեր ունի: Նա  «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի 100 % բաժնետերն է: Ընկերությունը  շահագործում է Արարատի մարզի Արաքսավան համայնքի տարածքում գտնվող Արաքսի ավազանի հանքավայրը: Թույլտվությունը ստացել է 2012թ-ին: Վարչապետի եղբորորդին ավազն ստանում է հենց Արաքս գետից:

Արաքսավան համայնքի ավազահանքը

Արաքսավանի համայնքապետ Ատոմ Թադեւոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Մեծն Հովնան» ՍՊԸ-ն վարձակալության հիմունքներով շահագործում է 3հա ընդերքօգտագործման հող՝ տարեկան 247.000 դրամ վարձավճարով:  Այս գյուղում նաեւ սեփական հողամաս էլ ունեն՝ 1.6 հա մակերեսով: Ատոմ Թադեւոսյանը հիշեց, որ Աբրահամյաններն ավազի հանքավայրը շահագործում են 2004-2005թթ-ից: 

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն միակ ընկերությունն է, որտեղ որպես հիմնադիր երեւում է Հովիկ Աբրահամյանի անունը: Հիմնադիր բաժնետերերը եղել են նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, Բագրատունի Բարսեղյանը եւ Գագիկ Խաչատրյանը (ֆինանսների նախարարը չէ-հեղ.): Ավելի ուշ` 2010թ. բաժնետեր է դարձել նաեւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Բաժնետերերը հերթով դուրս են եկել ընկերությունից (Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել 2008թ-ին) եւ միակ սեփականատեր է դարձել Տիգրան Արզաքանցյանը:

2010թ. «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել էր հանքարդյունահանման լիցենզիա` Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքային դաշտի հարավային մասի հեռանկարային տեղամասում, իսկ 2012թ-ին լիցենզիայի ժամկետը երկարացվել  է: 

ՍՊԸ-ն լուծարվել է եւ իրավահաջորդ է դարձել 2011թ. ստեղծված «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն, որի հիմնադիրը եղել է Տիգրան Արզաքանցյանը: Վերջինս 2012թ. ապրիլի 3-ին դուրս է եկել ՓԲԸ-ից եւ հաջորդ օրը` ապրիլի 4-ին 100%-անոց բաժնետեր է դարձել Լյուքսենբուրգի դքսությունում գրանցված «ԷՅ ԷՄ ՋԻ ԷՄ Ս.Ա.Ր.Լ.» ՍՊԸ-ն:   

Թանկարժեք իրերի եւ աքսեսուարների վաճառք 

Մայրաքաղաքի Աբովյան 18 հասցեում է գտնվում «Ֆրանկ Մյուլեր» բրենդային ժամացույցների խանութը, որի հիմնադիրը «Ֆրանկ Մյուլեր  Երեւան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ-ն է: Վերջինս Հայաստանում գրանցվել է 2002թ-ին՝ «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, սակայն մեկ տարի անց հիմադիրը դուրս է եկել ընկերությունից եւ բաժնետերեր են դարձել Արգամ Աբրահամյանը (12%), նրա աներ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը (13%), մոսկվայաբնակ Արմեն Հայրապետյանը եւ «Արցախբանկի» ներկայիս բաժնետերեր Հրաչ Կապրիելյանը, Վարդան Սիրմաքեսը:

«Ֆրանկ Մյուլեր» բրենդային ժամացույցների խանութը Երևանի Աբովյան փողոցում

«Այրսիրկապ» ՓԲԸ-ում Աբրահամյանն ու Ծառուկյանը եւս նույնքան բաժնեմաս ունեն: Այս ընկերությունների տնօրենի պաշտոնը զբաղեցնում է երեւանաբնակ Կարինե Իսրայելյանը:

Ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների՝ «Ֆրանկ Մյուլեր  Երեւան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ –ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: 

Արգամ Աբրահամյանը «Ֆորցա» ՍՊԸ-ում ունի 25% բաժնեմաս, նույնքան բաժնեմաս ունի նաեւ Գագիկ Ծառուկյանը: Մյուս 50%-ը պատկանում է մոսկվայաբնակ գործարարներ Գոհար Պապյանին ու նրա զավակներին՝ Ռաֆայել եւ Նարինե Պապյաններին: Վերջիններս հայտնի են բրենդային ժամացույցների, թանկարժեք զարդերի վաճառքով՝ Հայաստանում եւ արտերկրում:  

Պապյաններին է պատկանում Երեւանում գործող «Լուվր» խանութը, որը դարձյալ բրենդային ժամացույցների ու զարդերի վաճառքով է զբաղվում: Ռաֆայել Պապյանը Մոսկվայում նույնիսկ թանկարժեք ժամացույցների, զարդերի գիտակների կենտրոն է հիմնել՝ իր վաճառքի սրահներով: Այն կոչվում է ''Raff House'' : 

«Ֆորցա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ-ին, իսկ տնօրենը Գոհար Պապյանն է: Նարինե Պապյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գործունեությամբ է զբաղվում «Ֆորցա» ՍՊԸ-ն, սակայն նա հրաժարվեց պատասխանել: Նախ նշեց, թե ընկերությունում իրենց մասնակցությունը ձեւական է եղել, հետո ասաց, որ իրենք սխալվել են այդ հարցում, ապա հրաժարվեց կոնկրետ հարցի պատասխանել, անդադար ճշտելով՝ թե ինչու ենք ցանկանում ՍՊԸ-ի մասին տեղեկություններ իմանալ: 

«Ֆորցա» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Երեւանի Թումանյան 21-ն է, որտեղ գտնվում է Time բրենդային ժամացույցների խանութը: Խանութի աշխատակիցը պատասխանեց, որ Time-ի հիմնադիրը «Թայմլես» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին: 

Աբրահամյանները խոշոր ձկնաբույծներ են 

«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ն Հովհաննես Աբրահամյանին եկամուտներ է ապահովում ձկնաբիզնեսից ու ձկան կերի ներկրումից: Այս ընկերությունը հիմնադրվել է 2010թ-ին եւ մի շարք ձկնաբուծարաններ հիմնել Արարատի մարզի Մխչյան եւ հարեւան այլ համայնքներում: Ընկերությունում 33-ական տոկոս բաժնեմաս ունեն Հովհաննես Աբրահամյանն ու Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանը, իսկ 34%՝ Գագիկ Ծառուկյանը: «Հետքն» անդրադարձել է, որ այս ընկերությունը ձկան կերի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունի:

 Ընկերությունը ղեկավարում է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Սանասար Խալաթյանը: 

Զորակ գյուղի ձկնաբուծական տնտեսությունը 

Ձկնաբուծական  տնտեսությամբ զբաղվող «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ում էլ 33-ական մասնաբաժին ունեն Հովհաննես Աբրահամյանը (Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է) եւ Հովիկ Թադեւոսյանը, իսկ 34 տոկոսը` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանինն է: Ձկնաբուծարանը գտնվում է Արարատի մարզի Զորակ գյուղում: «Էկոֆիշ Թրեյդ»-ի տնօրենը Լեոնարդ Կարապետյանն է: 

Հովիկ Աբրահամյանի կնոջը` Ջուլիետա Աբրահամյանին պատկանող «Մեծն Արգամի» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գեւորգյանը 2010թ-ին հիմնադրել է «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ն: 100% բաժնետերը Ամբիկ Գեւորգյանն է: Ընկերության իրավաբանական հասցեն Աբրահամյանների ծննդավայր Մխչյան գյուղն է: Այլ տվյալ չկա, հենց այսպես է գրված: Մխչյանում գյուղացիները վկայում են, որ այս ընկերության իրական սեփականատերը Աբրահամյան ընտանիքն է: «Մերի Ֆիշ» ՍՊԸ-ն Հենրիկ Աբրահամյանը հիմնադրել է 2014թ. հունիսին: Այն դարձյալ ձկնաբուծական տնտեսությամբ զբաղվող ընկերություն է: ՍՊԸ-ի անունը Հենրիկ Աբրահամյանի դստեր՝ Մերի Աբրահամյանի անունով է, ով էլ զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը: Մերի Աբրահամյանն այս տարվա օգոստոսին նաեւ «Մերի Աբրահամյան Հենրիկի» Ա/Ձ է հիմնել, եւ հաշվառել հենց իրենց տան հասցեով:

Հովիկ Աբրահամյանի լուսանկարը՝ կառավարության պաշտոնական կայքից

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի և Հակոբ Պողոսյանի

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

самвел
«Հայրենիք» բառն արտահայտելը արդեն իսկ նախատեսում է երեսպաշտություն ու կեղծիք այս ամենի ֆոնի վրա: Թե ձեր ի՞նչ խելքի բանն է պետությունը, երբ ոչ հող ունեք, ոչ ջուր, ոչ խելքը գլխին մարդիկ: Չարչուց ի՞նչ պետություն, ա՛յ մեծամիտներ, հլա մի կողքից նայեք ձեզ:
aram
Բա գազի կալոնկաները,որոնցից մեկն էլ օրերս շահագործման կհանձնվի:Ինչ բիզնես են անում ,ոչ մեկին չեն թողնում որևէ եկամտաբեր գործով զբաղվի,թաթները դնում են վրան ու հարկայինով,լույսով,գազով,մարզպետարանով ,ոստիկանապետով խոչընդոտներ են ստեղծում:Էս ավազակից ինչ կարելիա ուրիշ սպասել:
զզված - փախած հայ
Հա բահ օ՜ օ՜ օ՜ օ՜: Գրիշա ջան էլ մի գրիր, աստված սիրես, գոնե չիմանանք, չտեսնենք, ինքներս մեզնից չզզվենք! Մեկ է՝ դրանցից բան խլելն ավելի զոռ է լինելու քան լեշը սոված բորենուց: Հայրենիք-մայրենիք, գաղթ-արտագաղթ դրանց ինչ պնգլին է փող ու բիզնեսի դիմաց? Ցավն այն է որ հայերը մի կողմից այս աստիճան ընչաքաղց դրսեւորվեցին անհատապես, մյուս կողմից էլ այսքան դեբիլ-անպաշտպան՝ կոլեկտիվ առումով: Լվոնն ու խնամի գագոն ուզում են բան շտկել, թե՜ դրանց կյանքն ապահովագրել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter