
Նարեկի համայնքապետի կինն ու որդին մասնակցել են աճուրդին և էժան գներով գնել շինություն ու հողատարածքներ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ դժգոհեց որոշ համայնքապետերից, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը և տարբեր խորամանկություններով օտարում համայնքային հողերը:
«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը:
«Հետքը» բազմիցս անդրադարձել է համայնքային կամ պետական սեփականություն համարվող հողերի աճուրդ-վաճառքներին, որոնք հիմնականում ձեւական բնույթ են կրում: Իրար հետ պայմանավորված կամ նույն ընտանիքի անդամ-մասնակիցները գալիս են, ձևական 1-2 աճուրդային քայլ կատարում և դառնում հողի սեփականատեր: Դրանից տուժում է համայնքը, քանի որ ձևականության պատճառով հողը ցածր գնով է վաճառվում, և համայնքային բյուջե քիչ գումար է վճարվում:
Քիչ չեն դեպքերը, երբ այդ եղանակով հողի սեփականատեր են դառնում նաև համայնքապետերն ու նրանց մերձավորները:
Արարատի մարզի Նարեկ համայնքի ավագանին այս տարվա սեպտեմբերի 15-ին որոշել էր թույլատրել համայնքի ղեկավարին աճուրդային կարգով օտարել համայնքին պատկանող հողեր: Նույն որոշմամբ գյուղի Դավիթ Բեկ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 0,09 հա մակերեսով բնակավայրերի՝ հասարակական կառուցապատման հողամասի և 257քմ հասարակական սպասարկման օբյեկտի մեկնարկային գինը որոշվել է համապատասխանաբար՝ 310 հազար դրամ և 2 մլն 697 հազար դրամ, ընդհանուր՝ 3 մլն 7 հազար դրամ:
Աճուրդի մասնակից չլինելու պատճառով ավագանին հոկտեմբերի 25-ի թիվ 41 որոշումով վերանայել է Դավիթ Բեկի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտի և հողամասի, ինչպես նաև երկու այլ հողամասերի մեկնարկային գները՝ սահմանելով գույքի գնահատման արժեքի և կադաստրային արժեքի 80%-ի չափով:
Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի նոյեմբերի 28-ի թիվ 157 որոշմամբ Դավիթ Բեկ փողոցի թիվ 2/1 հասցեի հողատարածքի և օբյեկտի հաղթող է ճանաչվել Հռիփսիկ Տեր-Վահանի Հակոբյանը: Նա 0,09 հա մակերեսով հողամասը և 257քմ մակերեսով օբյեկտը գնել է ավագանու կողմից սկզբնականում սահմանված մեկնարկային գնից 586 հազար 400 դրամով պակաս՝ 2 մլն 420 հազար 600 դրամով, քանի որ գինն արդեն նվազել էր:
Հռիփսիկ Տեր-Վահանի Հակոբյանը Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի կինն է:
Նարեկի համայնքապետն ասաց, որ աճուրդը կազմակերպվել է օրենքի սահմաններում, ինքն էլ աճուրդը չի վարել: Կնոջը վաճառված օբյեկտը խորհրդային տարիներին կառուցված խանութի շենք է:
Ավագանու սեպտեմբերի 15-ի որոշմամբ համայնքապետին աճուրդով (կադաստրային արժեքի 100%-ով) նաև 2,88467 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ օտարելու թույլտվություն է տրվել: Թե որքան են եղել հողերի կադաստրային արժեքները՝ ավագանու որոշման մեջ նշված չէ:
Ինչպես նշեցիք, հոկտեմբերի 25-ի որոշումով ավագանին մի քանի միավորով նվազեցրել էր հողերի աճուրդային գները: Պարզվեց, որ ինչպես 20%-ով գինը նվազեցված օբյեկտն ու հողը, այնպես էլ գինը նվազեցված մյուս տնամերձ հողամասերը գնել են համայնքապետի ընտանիքի անդամները:
Այդ հողերից 1,2875 հա մակերեսով 4-րդ կարգի ջրովի վարելահողի աճուրդում հաղթող է ճանաչվել Բաղդո Գարուշի Հակոբյանի լիազորված անձ Գարուշ Բախտիբեկի Հակոբյանը՝ վճարելով 1 մլն 225 հազար 550 դրամ: Բաղդո Հակոբյանը Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի որդին է: Գարուշ Հակոբյանը նոյեմբերի 28-ին իրեն` որպես որդու ներկայացուցիչ, հաղթող ճանաչելու մասին որոշում է կայացրել:
Համայնքապետի ու իր ընտանիքի անդամների ձեռքբերումներն այդքանով չեն սահմանափակվել:
Նշված տարածքի 0,2006 հա մակերեսով IV կարգի ջրովի վարելահողի աճուրդ-վաճառքին ևս մասնակցել են Հակոբյանները: Այստեղ էլ գործել է նույն սցենարը: Համայնքապետի նոյեմբերի 28-ի թիվ 155 որոշմամբ այդ հողի աճուրդում հաղթող է ճանաչվել Բաղդո Գարուշի Հակոբյանի լիազորված անձը` Գարուշ Բախտիբեկի Հակոբյանը: Այս տարածքը վաճառվել է 195 հազար 169 դրամով:
Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը անձամբ զբաղվում է հողագործությամբ և գնված հողերը մշակվում են:
Թեև համայնքապետը նշեց, որ ինքը չի իջեցրել հողերի գները, ավագանու որոշումով՝ օրենքի համաձայն է եղել, սակայն աճուրդին մասնակից չլինելը ևս պատահական չի լինում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դեպքերում գործում է պայմանավորվածության սկզբունքը: Գյուղացիները հետաքրքրություն չեն ցուցաբերում հողերի նկատմամբ՝ իմանալով, որ համայնքապետը կամ նրա մերձավորներն են գնելու: Աճուրդը չի կայանում, հողի գինն իջնում է, և համայնքապետը կամ նրա մերձավորը հողը գնում է: Իսկ «չեզոք» կեցվածք ունեցողները մրցակցության լիակատար բացակայությամբ 1-2 քայլով հետագայում գնում են այլ հողակտոր:
Գարուշ Հակոբյանը չի մոռացել նաև Երևանում բնակվող իր դստեր մասին:
Նարեկի ավագանին մարտի 15-ի թիվ 12 որոշումով հերթական աճուրդը կազմակերպելու թույլտվություն է տվել համայնքապետին: 0,541 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կարգի անջրդի վարելահողի աճուրդի հաղթող է ճանաչվել Գարուշ Հակոբյանի դուստրը՝ Թամար Գարուշի Հակոբյանը:
«Ի՞նչ կապ ունի, որ Երևանում է հաշվառված: Կարող է ես Ամասիայում հող ունենամ, գնամ մշակեմ կամ մեկին տամ մշակի: Ի՞նչ կապ ունի դա»,- ասում է Նարեկի համայնքապետը:
Գարուշ Հակոբյանն ասաց, որ դեռ օտարելու հողեր ունեն, եթե ցանկություն ունենք, կարող ենք մենք էլ մասնակցել աճուրդներին: «10 հատ տնամերձ ունենք, 2 տարի է` 17 հողակտորը չենք կարողանում օտարել: Ուզում եք, դիմում գրեք, հայտարարություն տամ, մի ամիս հետո եկեք, 10 հատն էլ առեք, մեզ փող է պետք»,- ավելացրեց համայնքապետը:
Գարուշ Հակոբյանն ասաց, որ հողերով հետաքրքրվողներ չկան: Պատճառն այն է, որ ոռոգման հարցը չեն կարողանում լուծել: 251 հա սեփականաշնորհված հող չի ոռոգվում: Այդ մասին նույնիսկ հանրապետության նախագահին, վարչապետին ու ջրային պետական կոմիտեի նախագահին են տեղյակ պահել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել