HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հրանտ Բագրատյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ․ գործը դատարանում է

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական, տեղեկատվական համակարգից։ Գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։

Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

«Այդ գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»,- նշվում է մեղադրանքում։

Հրանտ Բագրատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածի առաջին մասը, որում մեղադրվում է Բագրատյանը, սահմանում է պատիժ տուգանքի տեսքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանք՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հրանտ Բագրատյանը «Հետքին» հայտնեց, որ չի ստացել մեղադրական եզրակացությունը, ուստի այս փուլում մեկնաբանություն չի կարող տալ։

Լուսանկարը՝ էկրանանկար «Yerevan Today»-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter