
Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյանն ու նրան պատկանող ընկերությունը սնանկ են ճանաչվել
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը, որը վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ կնշանակվի, սնանկ է ճանաչվել: Սնանկ է ճանաչվել նաև նրա ընկերություններից մեկը՝ հարկային պարտավորությունները չկատարելու համար:
Սարգիս Մադաթյանը Երևանի ավագանու 2023թ. սեպտեմբերի 17-ի ընտրությունների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում զբաղեցնում էր երկրորդ համարը: Ընտրվել էր ավագանու անդամ, մանդատից հրաժարվել է հոկտեմբերի 24-ին՝ քաղաքապետի տեղակալ դառնալու ակնկալիքով:
Սարգիս Մադաթյանը սնանկ է ճանաչվել դատարանի 2018թ. սեպտեմբերի 27-ի վճռով:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2014թ․ Սարգիս Մադաթյանին տրամադրել է 10 հազ. ԱՄՆ դոլարի չափով վարկ, տարեկան 12 տոկոս դրույքաչափով՝ մինչև 2016թ. հունիս ամիսը մարելու պայմանով: 2015թ․ Մադաթյանին տրամադրվել է ևս 3 հազ. ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ տարեկան 11 տոկոս դրույքաչափով՝ մինչև 22.11.2017թ․ մարման ժամկետով:
Լրացել են Մադաթյանի կողմից իր պարտավորությունների կատարման վերջնաժամկետները, սակայն 2018թ. հունիսի 18-ի դրությամբ դրանք չեն կատարվել:
Միայն վարկի գծով Մադաթյանի պարտավորության չափը կազմել է 13 հազ. ԱՄՆ դոլար, ինչը հիմք է տվել բանկին դիմելու դատարան:
Սարգիս Մադաթյանն առարկել է՝ նշելով, որ վարկային երկու համաձայնագրերն առոչինչ են և չունեն իրավական ուժ: Սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ․ Սարգիս Մադաթյանին սնանկ է ճանաչել:
Սնանկության գործի շրջանակներում կազմվել է պարտատերերի ցուցակ, ըստ որի՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի պահանջի չափը կազմել է 36 հազ. 979 ԱՄՆ դոլար, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի պահանջի չափը՝ 611 ԱՄՆ դոլար:
Սնանկության դատարանը 2020թ. դեկտեմբերին վճիռ է կայացրել՝ սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Սարգիս Մադաթյանին պատկանող որևէ գույք չի հայտնաբերվել, որի վրա օրենքով սահմանված կարգով կարող էր բռնագանձում տարածվել:
Սարգիս Մադաթյանը՝ որպես ավագանու անդամի թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր՝ 2022թ. օգոստոսի 1-ից մինչև 2023թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Մադաթյանի հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Այսինքն՝ ո՛չ գույք ունի, ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ եկամուտ: Չի նշել նաև, որ ընկերություններում փայատեր է:
Սա այն դեպքում, երբ քաղաքապետի տեղակալի թեկնածուն այդ ժամանակահատվածում երկու ընկերությունում եղել է սեփականատեր:
Մասնավորապես՝ 2015թ. հիմնել է «Դիզայն-Շին Գրուպ» ՍՊԸ-ն, որի միակ սեփականատերն ու տնօրենը, մինչև 2023թ. հոկտեմբերի 12-ը, եղել է Սարգիս Մադաթյանը:
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ. ապրիլի 1-ին դիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ «Դիզայն-Շին Գրուպ» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով: Արդեն մայիսին դատարանը հետախուզում է հայտարարել ընկերության գույքի, տնօրենի, այլ կերպ ասած՝ Սարգիս Մադաթյանի նկատմամբ:
Նույն տարվա հուլիսի 11-ին ընկերությունը ճանաչվել է սնանկ, քանի որ հարկային պարտավորությունները պետական բյուջեի հանդեպ կազմել են մոտ 3 մլն 700 հազ. դրամ:
Մոտ մեկ ամիս առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 12-ին, «Դիզայն-Շին Գրուպ» ՍՊԸ-ն լուծարվել է, ինչի հետևանքով ավարտվել է սնանկության վերաբերյալ գործը: Ընկերության լուծարման վերաբերյալ գրառումը պետռեգիստրում գրանցվել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին:
Սարգիս Մադաթյանին է պատկանել նաև «Եվրո Ֆրուտ» ՍՊԸ-ն: Այն ստեղծվել է 2017թ. հունվարին, որտեղ Սարգիս Մադաթյանը 50 տոկոսի սեփականատերն է: Ընկերության վրա արգելանք է դրված:
Ստացվում է, որ Սարգիս Մադաթյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում թաքցրել է ընկերությունների սեփականատեր լինելու հանգամանքը: Բացի այդ, քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվում է մի անձ, ով խուսափել է կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ պետական բյուջեի նկատմամբ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են նրան վստահելու քաղաքային իշխանությունը:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Ս. Մադաթյանին: Նա, լսելով սնանկության վերաբերյալ հարցը, պատասխանեց, թե խորհրդակցության է և մեզ կզանգահարի 30-40 րոպեի ընթացքում, սակայն այդպես էլ չզանհագարեց:
Մեկնաբանել