HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանի ավագանին ընտրեց քաղաքապետի տեղակալներին

Հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում Արմեն Փամբուխչյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ։

Նիստին ներկա էր ավագանու 48 անդամ։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հորդորեց չգրանցվել քվեարկությանը։ Նրա ելույթից հետո խմբակցության անդամները նիստի կեսից լքեցին դահլիճը։ 

«Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանն էլ հայտարարեց՝ քանի որ իրենց խմբակցությունը չի ճանաչում մարդկանց իրենց աշխատանքով, 4 փոխքաղաքապետերի քվեարկության ժամանանկ ձեռնպահ են մնալու։

«Ինձ թվում ա մեր գալով ստեղ շատ բան է փոխվելու, քանի որ մեր գալով է ստեղ իրավիճակ փոխվել և կշարունակվի նույն ձև»,- ասաց նա։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: Քաղաքապետի մնացած տեղակալների դեպքում նման պայման դրված չէ։ 

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը հոկտեմբերի 24-ին ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել համայնքի ղեկավարին։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին։

Երևանի փոխքաղաքապետերի կենսագրությունը

Արմեն Փամբուխչյանը 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսը զբաղեցրել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2020թ. սեպտեմբերի 17-ին նա վայր է դրել պատգամավորական մանդատը:

2020թ. սեպտեմբերի 25-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, դեկտեմբերի 28-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: 2022թ. ապրիլի 12-ից մինչև 2023թ. Հունիսի 30-ը զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

Լևոն Հովհաննիսյանը 2018թ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մարտ եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2019-2021թթ. զբաղեցրել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

2020-2021թթ. եղել է ԱՄՆ զարգացման գործակալության (USAID), Միջազգային կառավարման համակարգերի (Management Systems International) և ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համատեղ ծրագրի ղեկավարը (Project Manager):

2021թ. դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2022թ. մարտի 17-ին ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները: 

2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Սուրեն Գրիգորյանը 2019-2021թթ. եղել է Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2021թ. ապրիլից մինչև 2021թ. դեկտեմբեր եղել է արդարադատության նախարարի տեղակալ:

2015 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2022թ. փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: 

Սարգիս Մադաթյանը «Հանրապետություն» կուսակցութան անդամ է։ Երևանի ավագանու 2023թ. ընտրությունների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության երկրորդ համարն էր: Նա Տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի եղբոր որդին է։

Մադաթյանը 2018թ. դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Սնանկ է ճանաչվել նաև նրա ընկերություններից մեկը՝ հարկային պարտավորությունները չկատարելու համար:

Կարդացեք նաև՝

Լուսանկարում՝ Արմեն Փամբուխչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը, Սարգիս Մադաթյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter