HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ով աշխատում է, նա ապրում է»

Էմմա Գալստյանը Նոր Շահումյանի (նախկին Քելբաջարի) շրջանի Զուար գյուղի ամենաառաջին բնակիչն է: Նրա մասին գյուղում ասում են, որ ապրել է մի կյանք, որը հինգ կին միասին ի վիճակի չէին լինի ապրել:

Մորաքույր Էմման, ինչպես նրան կոչում են բոլորը՝ անկախ տարիքից, այստեղ է տեղափոխվել 1997 թվականին: Նա ծնվել է Բաքվում: Դպրոցական է եղել, երբ հայրը վերցրել է ընտանիքին` կնոջը, երկու աղջիկներին եւ որդուն, եւ մեկնել է Գրոզնի: Մորաքույր Էմման ասում է, որ մինչ ազատագրական շարժման սկսվելը` 1994 թվականը, Չեչնիայի մայրաքաղաքում ապրում էր շուրջ 25 000 հայ: Նա հիշում է, որ հայերը շատ համախմբված էին ապրում եւ տեղացիների հետ էլ լավ հարաբերությունների մեջ էին:

Երբ պատերազմը սկսվեց, հայերի մեծ մասը լքեց Չեչնիան. հիմնականում տեղափոխվեցին Ռուսաստան: Էմմայի ընտանիքի համար Կիսլովոդսկում արդեն պատրաստ էր տունը, սակայն նա որոշեց տեղափոխվել Հայաստան. թե չէ` իր տասնամյա որդին նույնիսկ մայրենի լեզուն չգիտեր:

Որոշեցին եւ եկան Արմավիր: Գրոզնիում մանկապարտեզում գլխավոր խոհարար աշխատող մորաքույր Էմման այստեղ էլ տեղավորվեց մանկապարտեզում: Իսկ ամուսինը կոշկակարություն էր անում:

«Երբ մենք եկանք, հարուստ էինք, - հիշում է մորաքույր Էմման,- հետո փողերը փոխվեցին, ու ամեն ինչ կորցրեցինք: Բայց երբեք չեմ փոշմանել, որ եկել եմ: Դուրս էի գալիս փողոց, բոլորը հայերեն էին խոսում, սիրտս ուրախանում էր»:

6000 դրամ աշխատավարձով, սակայն, դժվար էր ապրել: Ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրի մասին լսելով՝ մորաքույր Էմմայի ընտանիքը նույնպես որոշեց գնալ:

«1997 թվականին եկանք Քաշաթաղի (Լաչինի) Հայթաղ գյուղ,- պատմում է մորաքույր Էմման:- Միայն երկու տուն էր սարքված: Մենք առաջին բնակիչներն էինք: Հետո այստեղ տեղափոխվեցինք, ու այստեղ էլ էինք առաջին վերաբնակները: Պայմաններն, իհարկե, դժվար էին: Մինչ այստեղ գալը երբեք չէի տեսել գյուղ, անտառներ, սարեր: Հետո կամաց-կամաց ընտելացանք, մեր կյանքը կառուցեցինք»:

Մորաքույր Էմման ապրում է որդու, երրորդ երեխայով հղի հարսի եւ երկու թոռների հետ: Որդին՝ Սաշան, աշխատում է շրջանի վարչակազմում, հարսը՝ Հեղինեն, դպրոցի գրադարանում: Այստեղ գալուց առաջ Հեղինեն ապրել է æերմուկում, հինգ հարկանի շենքում: Քաղաքի ծայրամասերում ապրողները կովեր էին պահում, եւ ինչպես ինքն է ասում` այդ կենդանիների միայն տեսքն արդեն վախ էր ներշնչում նրան: Հիմա սովորել է. կթում է կովերին, երեկոյան նրանց քշում է գոմը:

Մորաքույր Էմմայի յոթնամյա թոռնուհին՝ Էմման, գյուղի առաջին երեխան է: Աղջիկն արդեն տեղափոխվում է երրորդ դասարան, եւ ծնողները մտադիր են սեպտեմբերին նրան æերմուկ ուղարկել, որտեղ ապրում են Հեղինեի բարեկամները: Զուարի դպրոցում ուսուցիչների խիստ պակաս կա: Մասնագետի բացակայության պատճառով երեխաները բաց են թողնում անգլերեն լեզվի դասերը: Գյուղացիներն ասում են, որ դպրոցում դասավանդելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, որը բնակիչների մեծ մասի մոտ բացակայում է: Քանի որ երեխաները չեն սովորում օտար լեզու, ապա չեն էլ կարող որեւէ բուհի օտար լեզվի ֆակուլտետ դիմել՝ այդ բարձրագույն կրթությունը ստանալու եւ հետագայում գյուղում լեզուն դասավանդելու համար:

Դպրոցում սովորում է 18 երեխա: Օտար լեզուներից նրանք ուսանում են միայն ռուսերենը, այն էլ` բազային մակարդակով: Երեխաները ռուսերենի բառապաշարը համալրում են հիմնականում հեռուստասերիալներից: Բոլորն ունեն արբանյակային անտեննաներ, որոնք որսում են մինչեւ 2000 ալիք: Դրանց թվում միայն մեկ հայկական ալիք կա՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ամենամեծ հեղինակությունը վայելում են իրանական հեռուստաալիքները, որոնցով հաճախ հաղորդում են նաեւ հայկական երաժշտություն: Բնակիչները նախընտրում են հայկական ռաբիսը եւ իրանահայ երգիչ Անդիին:

Գյուղում կա բուժկետ, սակայն գյուղացիներն ասում են, որ դրանից առանձնապես օգուտ չկա. բուժքույրն ուշագնաց է լինում արյան տեսքից միայն: Այնպես որ, ամեն մեկը «ձեռքի հետ էլ բժշկություն է սովորում»:

Զուար գյուղում գրանցված է 90 բնակիչ: Գյուղապետ Կարեն Սարգսյանն ասում է, որ իրականում գյուղում ապրում է մոտ 70 մարդ: Առաջ շատերն էին լքում գյուղը, հիմա ոչ ոք չի գնում: Առաջին վեց տարիներին գյուղացիներն ապրել են առանց էլեկտրականության: Մինչ այժմ արդիական է ոռոգման եւ խմելու ջրի խնդիրը: Գյուղի քսաներկու տները ձորում են: Գյուղացիներն ասում են, որ տների խոնավությունից բոլորը հոդերի խնդիր ունեն:

Զուարում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ: «Եթե բնությունը չի «պարգեւում» կարկուտ եւ այլ «ֆորս մաժորներ»,- ասում է բնակիչ Մարգար Բայադյանը, ապա այստեղ մրգի լավ բերք են հավաքում: Նա հավաստիացնում է, որ այս տարվա մրգի նման միրգ վաղուց չի եղել:

Գյուղի հիմնական խնդիրը, զուարցիների համոզմամբ, ճանապարհի ու հեռախոսի հարցն է: Շաբաթը մեկ անգամ Զուարից միկրոավտոբուսներ են մեկնում Ստեփանակերտ եւ Վարդենիս: Մնացած օրերին գյուղացիները ստիպված են իրենք իրենց ուժերով տեղափոխվել դժվարանցանելի ճանապարհներով:

Բջջային հեռախոսներ ունեն գրեթե բոլորը: «Սակայն բջջայինով խոսելու համար պիտի սարի գագաթին բարձրանանք, որ կապ լինի»,- ասում է գյուղապետ Կարեն Սարգսյանը:

Զուարում հավաքված է մի ամբողջ «վինեգրետ» Հայաստանի տարբեր շրջաններից: Այն հարցին, թե ինչպես են նրանք յոլա գնում միմյանց հետ, մորաքույր Էմմայի խնամի եւ գյուղի երկրորդ բնակիչ Մարգար Բայադյանն ասում է. «Շատ լավ: Ուտում, խմում, կռվում ու բարիշում ենք սաղ օրը»:

«Իսկ եթե ավելի լուրջ, այստեղ շրջանները ջնջվում են: Այստեղ բոլորս Զուար գյուղի բնակիչներն ենք: Մեր գյուղի նման համերաշխ գյուղ չկա»,- հպարտությամբ ավելացնում է նա:

«Ինչպե՞ս է այստեղ կյանքը» հարցին հակիրճ պատասխանում է. «Ով աշխատում է, նա ապրում է, ինչպես ամենուր»:

Բոլոր խնդիրները կառավարության անփութությանը վերագրելու հայկական ազգային հատկությունը, կարծես թե, բոլորովին բնորոշ չէ նրան:

«Կառավարությանն ի՞նչ ասես: Կառավարությունն ասում է` ահա քեզ անվճար ցախ, տար, վառիր: Ահա քեզ տաք ջուր, գնա անվճար լողացիր»: Մարգարը նկատի ունի բնական տաք աղբյուրը՝ գեյզերը, որ բխում է գյուղից ոչ շատ հեռու:

«Այստեղ շատ են պաշտոնյաներ եկել, սարեր խոստացել: Խոստումները` խոստումներով, բայց ոչ ոք դրանց առանձնապես ուշադրություն չի դարձնում: Այստեղ բոլորը հույսը միայն իրենց վրա են դնում»,- ավելացնում է նա, եւ գյուղացիները գլխով են անում՝ ի նշան համաձայնության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter