HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոր սպանությունից, դատարանում հորեղբոր մահից հետո ուսուցչուհին սպառնալիքներ է ստանում

Տաթև համայնքի Հալիձոր գյուղի դպրոցի ուսուցչուհի Մարի Խաչատրյանը դիմել է «Հետք»-ին և պատմել, որ իր հոր սպանությունից հետո դատարանում մահվան են հասցրել հորեղբորը, հիմա էլ ինքն է սպառնալիքներ ստանում հորը սպանողի կողմնակիցներից։

Մոտ 6 տարի առաջ Մարի Խաչատրյանը սկսել է ընկերություն անել Գորիսի ավագանու նախկին անդամ Հարություն Սինանյանի հետ։ Նրանց փոխհարաբերությունները մեկուկես տարի անց վատացել են։ Մարի Խաչատրյանի պնդմամբ, Հարություն Սինանյանը, բռնություն գործադրելով, իր անձը և արժանապատվությունը արատավորելու սպառնալիքներով թույլ չի տվել խզել հարաբերությունները (անձնական կյանքին վերաբերող գաղտնի տվյալներ տարածելու սպառնալիքով)։

Այդ ընթացքում երկու անգամ կոտրել է Մարի Խաչատրյանի քիթը։ Խաչատրյանը թաքցրել է այդ միջադեպերն ընտանիքից և իրավապահներից: Սպառնալիքների տակ զույգի կապը շարունակվել է մինչև 2022 թ.-ի ապրիլի 10-ը։ Հարաբերությունները հստակեցնելու հարցի շուրջ հերթական վեճը սպանությամբ է ավարտվել։ Հարություն Սինանյանը Մարի Խաչատրյանի շենքի բակում սպանել է նրա հորը՝ Գուրգեն Խաչատրյանին, հրազենային վիրավորում հասցրել հորեղբորը՝ Կամո Խաչատրյանին։

Սպանության, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով Հարություն Սինանյանը կալանավորվել է, իսկ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատարանի դահլիճում մահացել է Մարի Խաչատրյանի հորեղբայրը։ Մարիի կարծիքով՝ հորեղբայրը սպառնալիքների և հոգեբանական ճնշման պատճառով է մահացել։

Հոր սպանությունից հետո Մարի Խաչատրյանը դիմել է իրավապահներին՝ պատմելով  նախկինում իր նկատմամբ իրականացված բռնությունների, անձնական կյանքին վերաբերող գաղտնի տվյալներ հրապարակելու սպառնալիքների մասին, սակայն դժգոհ է իրավապահների գործողություններից։

Սպանության գործով նախաքննության ժամանակ ամբաստանյալի, նրա ընտանիքի անդամների և տուժողի ընտանիքի անդամների միջև առերեսումներ են եղել, որոնք ուղեկցվել են ինչպես բռնությամբ, այնպես էլ սպառնալիքներով։ Մարի Խաչատրյանի մոր և Հարություն Սինանյանի ընտանիքի անդամների միջև ծագած վեճին հաջորդել են Սինանյանի ընկերոջ կողմից հայհոյանքներն ու սպառնալիքները։ Դեպքը տեղի է ունեցել Գորիսում, Քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Այս միջադեպից հետո Մարի Խաչատրյանը և մայրը սպառնալիքներ են ստացել սոցիալական ցանցերով և հեռախոսազանգերով։ Այս և դրան նախորդած դեպքով իրավապահները չեն ցանկանում զբաղվել։

Իրավապահների անգործությունը Մարի Խաչատրյանը պայմանավորում է ամբաստանյալ Հարություն Սինանյանի և նրա մերձավորների կապերով։ Հարություն Սինանյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ընկերն է։ Սինանյանի ընկերներից Կարեն Մալխասյանն էլ Գորիսի դատախազ Գոռ Մանուչարյանի մտերիմն է, որը նախաքննության ժամանակ հսկել է քրեական գործը, հետո դատարանում ներկայացրել մեղադրանքը։

Մարի Խաչատրյանն իրավապահների անգործության վերաբերյալ գրավոր դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, սակայն որևէ արդյունք չի եղել։ Կից տեսանյութում Մարի Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է իր և իր ընտանիքի հետ տեղի ունեցածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter