HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դատարանը դռնփակ ռեժիմով քննում է Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով գաղտնի փաստաթղթերը

Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործով ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթղերը դատարանը կուսումնասիրի դռնփակ ռեժիմով։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Ըստ մեղադրանքի՝ Սևակ Աբրահամյանը, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Մեղադրանքում որպես ծանր հետևանք նշված է այն, որ Ադրբեջանը գրավել է Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նախորդ նիստի ժամանակ դատախազ Վազգեն Վարդանյանը փակ ծրարով դատարանին հանձնեց գաղտնի 16 փաստաթուղթ։ Դատախազը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել, քանի որ դատարան ներկայացրած փաստաթղթղերում ներառված են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը այսօր հայտնեց, որ քրեական գործի վարույթում էլի կան փաստաթղթեր, որոնք գաղտնի են։

«Եթե դռնփակ ենք անում, բոլոր նիստերը պետք է դռնփակ անել, որովհետև վկաները հարցաքննվելու են նաև այդ փաստաթղթերի հետ կապված։ Այդ փաստաթղթերն ընդամենը նորմատիվ իրավական ակտեր են՝ գաղտնի գրիֆով։ Վկաներին հարցեր են տրվելու այդ փաստաթղթերի վերաբերյալ, այսինքն՝ ամբողջ ապացույցների հետազոտման փուլը պետք է գաղտնի իրականացվի։ Դատախազությունը գործն առանց գաղտնի գրիֆի ուղարկել է դատարան, որտեղ գործին ծանոթանալու հնարավորություն ունեցել են դատավորի օգնականը, դատավորը, ցանկացած անձ, ով կարող էր այդ գործը բացել։

Այսինքն՝ էդ գաղտնիությունը պետությունը շահագրգռված չի եղել, որ պահի։ Հիմա ասել, որ նորմատիվ իրավական ակտերը գաղտնի են, ոչ մեկ չպետք է մասնակցի դրանց հետազոտմանը, կարծում եմ՝ երկակի մոտեցում է։ Ես կողմ չեմ ընդհանրապես դատական նիստերը դռնփակ անելուն»,- հայտնեց պաշտպանը։

Սևակ Աբրահամյանն էլ ասաց, որ իրենք թաքցնելու բան չունեն և խնդրեց դատարանին հնարավորության սահմաններում դռնբաց նիստեր անցկացնել։

«Ոչ մի բան չենք պահելու, բայց նենց հարցեր կան, որ մարդու պատիվը սարքել են եսիմ ինչ, ինչեր ասես հորինել են, մենք ոչ մի ձև չենք արձագանքել՝ հույս ունենալով, որ հանրությունը կիմանա իրականության դատավարությունը»,- ասաց մեղադրյալը։

Լսելով կողմերի կարծիքը և քննարկելով մեղադրական կողմի միջնորդությունը՝ դատարանը որոշեց այսօրվա գործի քննությունն իրականացնել դռնփակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter