HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Տուժող կողմը մեկ ակնկալիք ունի՝ բացահայտել ճշմարտությունը»․ զորանոցի հրդեհի գործով նիստը անցել է լարված մթնոլորտում

Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստը, որն անցել է լարված մթնոլորտում․ զոհվածներից մեկի հարազատը հարվածել է մեղադրյալներից Եղիշե Հակոբյանին։

Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը չցանկացավ մեկնաբանել միջադեպը՝ նշելով․ «Տուժող կողմի նկատմամբ ըմբռնում պետք է լինի, նրանք կորցրել են իրենց զավակներին, հարազատներին և 9 ամիս շարունակ որոնումների մեջ են։ Տուժող կողմն այս գործի ընթացքից մեկ ակնկալիք ունի՝ բացահայտել ճշմարտությունը»։ 

Գործով երրորդ դատական նիստն էր այսօր։ Նախորդ նիստին որոշվել էր ապացույցների հետազոտման կարգը և ըստ այդ կարգի՝ այսօր հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները։ Նորիկյանն ասաց, որ նիստի ընթացքում կողմերը բացման խոսքով են հանդես եկել։ Մեղադրյալներից երկուսը՝ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը հանդես են եկել իրենց նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու միջնորդությամբ, ինչը դատարանը մերժել է։ 

Գրավոր ապացույցները հետազոտելուց հետո կհարցաքննվեն տուժողները, որից հետո վկաները, իսկ վերջում՝ մեղադրյալները։ Դատավարության ընթացքի վերաբերյալ դատողություններ անելը, Նորիկյանի գնահատմամբ, դեռ վաղ է․ «Այսօր ես իմ բացման խոսքում մանրակրկիտ անդրադարձել եմ սույն քրեական վարույթի բնույթին, առանձնահատկությանը, մինչդատական վարույթի ընթացքին, փուլերին, տուժող կողմի դիրքորոշումներին։ Ակնհայտ է, որ տուժող կողմը խիստ դժգոհ է իրականացված նախաքննությունից։ Ակնհայտ է, որ փորձ արվեց պետական ինստիտուտների կողմից ծածկադմփոց անել այս քրեական գործը՝ ճշմարտությունը չբացահայտելու համար։ Ակնհայտ է, որ իրականացվել է փնթի նախաքննություն։ Ակնհայտ է, որ ոչ բոլոր վարկածների նկատմամբ է տարվել օբյեկտիվ, անաչառ և բազմակողմանի քննություն։ Ակնհայտ է, որ մեղադրյալների նստարանին նստած են ոչ բոլոր մեղադրյալները»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ գործով կա 5 մեղադրյալ, նրանցից երեքը՝ զորամասի ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանը, զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը կալանավորված են, իսկ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և զորամասի ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը ազատության մեջ են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ 12։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter