HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Դեկտեմբերի 6-ից չնույնականացված մսի վաճառքը կարգելվի. մսագործներն ու մսավաճառները դժգոհ են օրենքի փոփոխությունից

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մի խումբ մսագործներ և մսավաճառներ բողոքի ակցիա էին իրականացնում Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի շենքի առջև։

Վերջիններս դժգոհում էին դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունից, ըստ որի՝ պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, և ամբողջ խմբաքանակը ոչնչացվելու է։

Սպանդանոցները չեն աշխատում, մեծ մասը փակ է։ Ըստ մսավաճառների՝ չեն կարողանում համագործակցել սպանդանոցների հետ։

Գրեթե բոլոր մսավաճառներն ունեն ծանոթ մսագործներ, որոնց հետ երկար տարիներ աշխատել են, վստահում են ու գիտեն, որ հիվանդ կամ վատ որակի միս չեն մատակարարի։ Սպանդանոցի փոխարեն դիմում են ծանոթ մսագործներին։

Մսագործերին ու մսավաճառներին անհանգստացնում է նաև սպանդանոցների պակասը։ Մարզերում սպանդանոցները շատ չեն, անասնապահները իրենց կենդանին իրացնելու համար երկար ճանապարհ չեն ուզում կտրել ու հասնել սպանդանոց։ Դա հավելյալ ծախս է ենթադրում։

«Գյուղացին, որ անասուն ա  պահում, պիտի մեքենա վարձի, անասունը տեղափոխի սպանդանոց, սպանդանոցին վճարի, տեղափոխման ծախսը քիչ չէ, գյուղացու եկամուտն էլ կրճատվելու է դրանից։ Հետո մսի գինը կթանկանա, քանի որ մինչև սպառողին հասնելը, քանի օղակով է անցնելու։ Մեր պես մարդկանց համար, որոնք իրենց օրվա հացն են վաստակում, էս եղանակը ձեռնտու չէ»,- ասում է մսավաճառ Աշոտ Ասլանյանը, որը 15 տարի է՝ Երևանում մսի փոքր խանութ ունի։

Մսավաճառի խոսքով՝ իր հաճախորդները գիտեն, որտեղից ու ինչ միս է խանութ մտնում, ինքն էլ պատասխանատու է իր հաճախորդի առաջ։

Աշոտն անհանգստացած է, սպանդանոցների մեծ մասը չի աշխատում, աշխատող սպանդանոցներն իր ուզած բարձր կարգի միսը չեն մատակարարում։ ՍԱՏՄ-ից առաջարկում են միս չվերցնել այնքան ժամանակ, քանի դեռ մատակարարվող միսը չի համապատասխանի մսավաճառի ու սպառողի պահանջներին։

Աշոտի խոսքով՝ ՍԱՏՄ ներկայացուցիչները հասկանում են տնտեսվարողների վիճակը, բայց որևէ լուծում չեն առաջարկում, որն ի նպաստ տնտեսվարողի և գյուղացու կլինի։

«Ասում են՝ եթե սպանդանոցի միսը լավը չի, ձեր ուզածը չի, մի վերցրեք, որ որոշ ժամանակ չվերցնեք, ստիպված որակով միս կտրամադրեն, բայց մենք որակով մսի տեղը գիտենք, օգտվում ենք, մարդիկ սպանդանոցի թուղթ էին առնում, իրենք իրենց բակային մորթերն անում։ Եթե միս չվերցնենք, բոյկոտենք, մինչև լավ միս չբերեն, բա ոնց տարածքի վարձ, կոմունալ տանք, ոնց ապրենք, ստիպված կլինենք փակել խանութն ու գնալ տուն»,- ասում է Աշոտը։

Մսագործներն անհանգստացած են նաև, որ սպանդանոցների աշխատելու դեպքում խոշոր խանութների ցանցերի համար մատակարարվող միսն առաջահերթ կմորթվի, իսկ մանր վաճառակետեր ունեցող տնտեսվարողներին հերթ չի հասնի, ու ստիպված կլինեն օրերով չաշխատել ու հերթում սպասել։

Ըստ Աշոտի՝ խնդրին որոշել են լուծում տալ, բայց լուծումը սկսել են հակառակ կողմից։ Մինչդեռ պետք էր բավարար քանակով սպանդանոցներ կառուցել ու սուբսիդավորել։

ՍԱՏՄ շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին մոտեցան աշխատակիցներն ու հրավիրեցին քննարկման։ Քննարկմանը մասնակցում էին 3 տասնյակից ավելի ցուցարարներ, ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը և ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը։

Սպանդանոցը դիտարկում են որպես թուղթ վաճառելու բիզնես

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի խոսքով՝ այս պահին ՀՀ-ում կա գրանցված 100-ից ավելի սպանդանոց, բայց աշխատում է դրանցից 47-ը։ Փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ թվով սպանդանոցներ են աշխատում, մնացածն ընդամենը թուղթ են վաճառում։

«Եթե մինչ այս պահն այդ սպանդանոցները չեն աշխատել, ապա ի՞նչ են արել, ամենայն հավանականությամբ, թուղթ են վաճառել, ստացել ենք նաև բողոքներ, որ ես իմ տանը բակային մորթ էի անում, թուղթը փոստով ուղարկում էին, կամ բերում տալիս, մեր նպատակը թուղթը չէ, այլ անվտանգությունը»,- ասում է ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը։

Նա ասում է, որ մսավաճառները ևս իրավացի են իրենց պահանջներում, բայց պիտի սպանդանոցները՝ ինչպես մսավաճառությունը, դիտարկեն որպես բիզնես։ Հետևաբար սպանդանոցները, տնտեսվարողներն ու գյուղացիները ներքին համաձայնության պետք է գան ու կարողանան կազմակերպել ու գործել օրենքի սահմաններում։ Ի վերջո պետք է վերջ տրվի բակային մորթին։

Սոնա Ծառուկյանը մսագործներից հետաքրքրվել է, թե ինչու՞ սեփական փոքր սպանդանոցներ չեն բացում, պատասխանել են, որ գումար չունեն, վարկեր ունեն, ու չգիտեն կարո՞ղ են ներդրած գումարին համապատասխան շահույթ ունենալ։

Վերջինիս խոսքով՝ Ազգային ժողովում ևս քննարկվել է փոքր սպանդանոցներ գործարկելու հարցը, բայց այն դեռ քննարկման փուլում է։

Ղեկավարի տեղակալը դեռևս չգիտի ինչպիսի լուծումներ կարելի է գտնել։ Պետք է ամեն ինչ համակարգվի, բայց նշում է՝ համակարգում պետք է լինի ներսից։

«Շատ լավ միտք է, որ 2-3 գյուղը մեկ լինի մի փոքր սպանդանոց, որ կենդանին իր ոտքերով գա, ունենան նախասպանդային հրապարակ, կենդանին հանգստանա, ջուր խմի, հետո նոր գնա սպանդի, թե չէ հիմա, երբ բերում են, միանգամից սպանդի են տանում, դա էլ չի կարելի, բայց դե, քանի դեռ այդ հարցը չի լուծվել, հիմա մի փոքր բարդ է սպանդանոցների հասանելիությունը, բայց քանի դեռ բոլորը սպանդանոցը դիտարկում են որպես թուղթ վաճառելու վայր, բիզնես համագործակցության սխեման չի աշխատի»,- ասում է Սոնա Ծառուկյանը։

Վերջինս նշում է՝ շատերը խուսափում են նաև հարկային դաշտ մտնել։ Խնդիրը մի քանի կողմ ունի, բայց կարծում է, որ մինչև սահմանափակումներ չեն դրվում, մարդիկ չեն հետևում օրենքին։

Չնայած տնտեսվարողների դժգոհություններին՝ նոր օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 6-ից։ Կտուգանվեն այն վաճառակետերը, որոնք կվաճառեն չնույնականացված միս։ ՍԱՏՄ ներկայացուցիչները մսավաճառներին առաջարկեցին գնալ ու պայմանագրեր կնքել սպանդանոցների հետ տուգանքներից խուսափելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter