
Ջրականի ականանետային մարտկոցը՝ 44-օրյա պատերազմում․ պատմում է հրամանատարը
2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում լեյտենանտ Հմայակ Կիրակոսյանը 3 ամսվա սպա էր, ծառայում էր 9-րդ պաշտպանական շրջանում՝ Ջրականի(Ջաբրայիլի) 3-րդ հրաձգային գումարտակում՝ որպես 120 մմ ականանետային մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար։ Պատերազմի 6-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, մարտկոցի հրամանատար, կապիտան Հարություն Սարոյանի զոհվելուց հետո Հմայակը նշանակվում է մարտկոցի հրամանատար։
«Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07։15-ին, ո՛չ քնած էի, ո՛չ զարթուն, էն որ աչքերդ բաց են, բայց չես հասկանում` ինչ է կատարվում: Ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրետակոծել։ Հանգստացողների բլինդաժում էի, հերթափոխի հետ»,- պատմում է Հմայակ Կիրակոսյանը:
Ջրականի պաշտպանական շրջանի մարտական դիրքերը սկսվում էին Արաքս գետի ափից՝ երրորդ հրաձգային գումարտակի 101-ից մինչև 150-րդ դիրք՝ մինչեւ Հադրութի պաշտպանական շրջանի դիրքեր։ 44-օրյա պատերազմում Ջրականի ուղղությամբ հակառակորդի հարձակման գլխավոր հարվածը եղել է երրորդ և երկրորդ հրաձգային գումարտակների դիրքերի ուղղությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ջրականում՝ 9-րդ պաշտպանական շրջանում, հաջողվել է 6 գիշեր և 7 ցերեկ դիմադրել ադրբեջանական մի քանի անգամ գերազանցող զինված ուժերի հարձակմանը՝ թշնամուն պատճառելով մեծածավալ կորուստներ։
Պատերազմից հետո Հմայակը ծառայությունը շարունակել է ՀՀ զինված ուժերում, մինչև 2023թ․ մայիսը։ Այժմ կնոջ և երեխաների հետ ապրում է Դիլիջան քաղաքում և օգնում է Դպրաբակ գյուղում ապրող ծնողներին գյուղական աշխատանքներում։
Հմայակ Կիրակոսյանը ներկայացնում է իրենց ստորաբաժանման՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը անցած մարտական ուղին, պատմում է Ջրականի, Հադրութի, Մարտունու շրջանում տեղի ունեցած մարտական գործողությունների մասին:
Մեկնաբանել