
Վրաստանը ցանկանում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքվի Թբիլիսիում
Վրաստանը միտված է ստանձնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդի դերը։ Այդ մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։ Նրա խոսքով՝ Վրաստանը չի մասնակցի բանակցությունների այն ձևաչափերին, որտեղ ներգրավված է Ռուսաստանը։
«Քանի դեռ Ռուսաստանը դուրս չի գա Վրաստանի բռնազավթված տարածքներից (նկատի ունի Աբխազիան և Հարավային Օսիան, խմբ.), մեր միանշանակ և հստակ դիրքորոշումն է չմասնակցել «3+3» ձևաչափին»,- հայտարարել է վրացի խորհրդարանականը։
Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ Թբիլիսին մտադիր է ստեղծել եռակողմ ձևաչափ, որին կմասնակցեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը։ «Մենք ուզում ենք, որ Թբիլիսին դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման վայրը»,- ասել է նա։
Նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը Թբիլիսիում կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը, հայտարարել էր, որ Վրաստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում «միակ անաչառ, չեզոք և օբյեկտիվ միջնորդն է»։
Լուսանկարը՝ museumofwander.com-ից
Մեկնաբանել